Գուրգեն Մարդոյանը համակարգային ինժեներ է: 2 տարի է աշխատանքներ է կատարում ինքնավար ավտոմեքենաների ոլորտում: Այժմ աշխատում է հետազոտությունների եւ նորարարությունների բնագավառում: Վստահեցնում է, ինքնավար ավտոմեքենաների ոլորտը հեռանկարային է, իսկ խոշոր ընկերություններն այդ ուղղությամբ մեծ ներդրումներ են անում: Ինժեները, սակայն ասում է, որ նմանատիպ մեքենաներ ստեղծելու ընթացքում առաջանում են խնդիրներ, բայց իրենք դրանց լուծումը գտել են. «Ինքնավար ավտոմեքենաներ ստեղծելու համար պետք է միլիարդավոր կիլոմետրեր ավտոմեքենան վարես, որպեսզի համոզվես, որ դրանք վստահելի են: Մենք տրամադրում ենք լուծումներ, որպեսզի լաբորատոր եւ սենյակային պայմաններում ավտոմեքենան այնպիսի ձեւով թեստավորվի եւ ստուգվի, որպեսզի հստակ հնարավոր լինի ասել՝ այո, ինքնավար ավտոմեքենան վստահելի է»:
Այսօր առաջին անգամ Հայաստանում անցկացված ինժեներական համաժողով-ցուցահանդեսի ժամանակ Գուրգենը ներկայացրեց ինքնավար ավտոմեքենաների իրենց նախագիծը: Գուրգենի հետ միասին թվով 24 տեղական ու միջազգային ընկերություններ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում ներկայացրեցին իրենց արտադրանքը:
Ինժեներական եւ բարձր տեխնոլոգիական ընկերությունների խթանմանն ուղղված համաժողով-ցուցահանդեսին մասնակցում էին ավելի քան 200 մասնագետ:
«Ճարտարագիտությունը մենք միշտ դիտել ենք որպես կողքից զարգացող ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտ: Բայց արդեն Հայաստանում հասել ենք մի կրիտիկական զանգվածի, որ ոլորտն արդեն լուրջ մարտահրավերներ է նետում մյուս ոլորտներին: Դրա համար որոշեցինք մի առանձին ֆորում եւ էքսպո նվիրել ինժեներական ոլորտին: Այստեղ ոչ միայն ուղղակի ցուցահանդես է, այլ բերված է Հայաստանի լավագույն ցուցանմուշներ, որոշ ուղղություններ կարծում եմ առաջին անգամ են ցուցադրվում: Փորձում ենք համադրել մարտահրավերները՝ կրթություն, տեխնոլոգիական եւ մարզային զարգացումը»,-ասում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:
Համաժողով ցուցահանդեսը կյանքի է կոչվել Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ կառավարության, Լոռու մարզպետարանի եւ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շնորհիվ: Այն նպատակ ունի քննարկել ոլորտի գլոբալ զարգացումները, ինժեներական կրթության եւ գործարար միջավայրի մարտահրավերները, ինչպես նաեւ փորձի ու գաղափարների փոխանակումը կազմակերպությունների ու ոլորտի հիմնական դերակատարների հետ: Վերջիններս խոստանում են՝ միջոցառումը դարձնելու են ավանդական:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ