Լրահոս
Օրվա լրահոսը

Ամբողջ սարը ծվատվելու է, վերանան հազվագյուտ կենդանիներ եւ բուսականությունը (Ֆոտոշարք)

Հունիս 24,2017 19:55

Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղից 5.5 կիլոմետր հյուսիս-արեւելք գտնվող Թեքսարի եւ հարկից բնակավայրերի բուսական եւ կենդանական աշխարհը  վտանգված է: Բանն այն է, որ այդտեղ «Վայկ Մետալ» ՍՊԸ-ն հանքավայր շահագործելու քայլեր է ձեռնարկում տարիներ շարունակ: Եվ, թեպետ 2013-16 թվականներին ընկերության՝ հանքը շահագործելու ծրագիրը մերժել է բնապահպանության նախարարությունը, այնուամենայնիվ ընկերությունը «ձեռքերը ծալած» չի նստել: Ընկերությունը գործը մտցրել է դատարան եւ վճիռ է կայացվել, ըստ որի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածով, 114-րդ հոդվածի 6-րդ մասով, 124-127-րդ, 130-րդ հոդվածներով՝ դատարանը վճռել է «Վայկ Մետալ» ՍՊԸ-ի հայցը բավարարել: Անվավեր ճանաչել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության 2016 թ-ի դեկտեմբերի 22-ի թիվ 05/29.2/6994-16 մերժումը:

Ամիսներ առաջ այս մտահոգությամբ Գլաձորի, Վերնաշենի եւ հարակից գյուղերի գյուղապետերը դիմել էին կառավարությանը, եւ մինչ օրս անպատասխան մնացել: «Հանքավայրը, որ շահագործվի, ուրեմն 2 համայնքների՝ Վերնաշենի եւ Գլաձորի բնակիչները պետք է անպայման տարհանվեն»,-Aravot.am-ի հետ զրույցում, ասաց Վերնաշեն համայնքի ղեկավար Միքայել Բաղդասարյանը՝ ավելացնելով. «Բոլորին էլ պարզ է, տեսել են, որ մեր խմելու եւ ոռոգման ջրերը այդ կողմերից են գալիս, մեր ամբողջ արոտները, վարելահողերը այնտեղ են եւ այդ հանքավայրը նախնական իրենց հաշվարկներով ամբողջը պարունակում է ցինկ ու կապար, իսկ որտեղ, որ այդ մետաղները կան՝ առկա է նաեւ ուրան»:

Հանրային լսում են դնում ՝ ժողովուրդը դեմ է, «Վայկ Մետալ» ՍՊԸ-ի ներկայացրած փաթեթների կեսը սուտ են, գնում ենք հատ-հատ ապացուցում: Գյուղը ընդդեմ «Վայկ Մետալ»-ի եւ դատավորների, բողոքարկվելու է դատարանի վճիռը եւ մինչեւ վերջ պայքարենք՝ժողովուրդը պատրաստակամ են, գիտակցում են վտանգը»:

Համայնքապետի ներկայացմամբ, շահագործվող տարածքներում առկա են 3 հազար հեկտար ալպիան արոտներ, 2 հազար հեկտար ենթալպիան, իսկ սարից 4 խողովակ ջուր ա հոսում՝ 2-ը խմելու 2 ոռոգման: Աղտոտված ջրի մի մասը լցվելու է Հեր-Հերի ջրամբար, որը ոռոգում է 7-8 գյուղ:

«30 աստիճանի թեքության լանջեր են, ձմեռը 2 մետրից ավել ձյուն է լինում 3-4 ամիս վայրկյանում 100-120 լիտր ջուր է հոսում դեպի հովիտներ: Մի ամիս առաջ կառավարության որոշումով եկել էին նախագիծ իրականացնելու ջրամբար են ուզում կառուցեն, որ 2 հազար հեկտար եւս մշակովի նոր տարածքներ ավելացնեն՝ վարելահողերը դարձնեն ոռոգելի մշակովի խաղողի այգիներ, պտղատու այգիներ, ցանքատարածքեր: Մի ամիս գալիս են ջրամբար կառուցելու ծրագիր ներկայացնում, հաջորդ ամիս գալիս են հանքավայրը բացե՞ն»,-ասաց համայնքապետը:

Նշենք, որ տարածքը պատմամշակութային նշանակության մեծ արժեքներ ունի՝ Գլաձորի համալսարան, միջնադարյան վանքեր, Վերնաշեն բրենդի գինու հումքի 70 հեկտար խաղողի այգիներ եւ ըստ Միքայել Բաղդասարյանի, ամեն շաբաթ-կիրակի՝ հազարից ավել տուրիստների այց:

Ըստ «Հայաստանի կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանի ուսումնասիրությունների այդ հանքավայրում 106 հազար տոննա հանքաքար մշակելու համար, կա մինչեւ 130-135 հանքային մարմիններ՝ սկսած 20 սանտիմետրից մինչեւ 1,5 մետր ծավալով. «Այժմ 3 հանքային մարմին են ուզում շահագործել, որի արդյունքում ամբողջ սարը ծվատվելու է, քանի որ երբեմն այդ հանքային մարմինները ձգվում են մինչեւ 2,5 կիլոմետր»,-այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասած պարոն Սանասարյանը:

Նրա խոսքերով՝ ծանր մետաղների ցածր չափաբաժինը խիստ կարեւոր են կենդանի աշխարհի համար, բայց այստեղ խոսքը հզոր ծավալների մասին է. «Եթե տարածքը աղտոտված է ծանր մետաղներով, այդ տարածքը համարվում է մեռյալ տարածք: Հիմնական հանքային մարմինների առավելագույն երկարությունը 510 մետրը է, ամենալայն տարածքը 230 մետր, իսկ խորությունը 150 մետր: Մի հարվածով այդ ջրային համակարգերը ոչնչանալու են: Այնպիսի մետաղներով ինչպիսիք են կապար, ցինկ, պղինձ, ոսկի, արծաթ, ծծումբ, մոլիբդեն, եւ այլն մինչեւ 85 տոկոս կնվազեցնի հողի բերրիությունը, մարդկանց եւ կենդանիների մոտ կառաջացնի բազմապիսի հիվանդություններ՝ սկսած չբերությունից, մեռելածնությունից, վերջացրած քաղցկեղով»:

Պարոն Սանասարյանը հիշեցրեց նաեւ, որ Սովետմիության ժամանակ, երբ որ այդ տարածքը ուսումնասիրվել է, տնտեսական հաշվարկ է կատարվել, որի արդյունքում դադարեցվել է ծրագիրը, հիմա ինչո՞ւ են նորից փորձում վտանգի տակ դնել տեղի բնակչության, կենդանական եւ բուսական աշխարհի կյանքը:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Լուսանկարները` Հակոբ Սանասարյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Գագիկ says:

    Համամիտ եմ տեքստում գրվածին: Վերջերս մեր լեռնաշրջագայող խմբով եղանք Թեք սարում և նրա շրջակայքում; Ցավով նկատեցինք, որ Թեք սարի ձորակների բնական աղբյուրները հանքավայրի շրջանում արդեն ցամաքել են: Նրանք բեռնաթափվում են ստորգետնյա լեռնահետախուզական լեռնափորվածքների մեջ՝ ողողելով հանքային մարմինները , լուծելով իրենց մեջ ծանր մետաղների միներալները և դուրս են հոսում մակերես բովանցքներից: Այդ ջրերը օգտագործվում են ոռոգման և խմելու նպատակներով, և պարզից էլ պարզ է , թե որքան վտանգավոր են կդառնան դրանք հանքավայրի շահագործմաան դեպքում: Թեք սարի բազմամետաղային հանքավայրի ( թե բաց , թե փակ) շահագործման դեպքում տեղի կունենա վարելահողերի և լեռային արոտահողերի աննախադեպ էռոզիա , զգալի կփոխվի տեղանքի լանդշաֆտը՝ դառնալով Վերնաշեն և Գլաձորի համայնքների համար որ պիտանի հողեր: Տեղի բնակիչները հարկադրված կլինեն լքել իրենց բնակավայրերը և երկրից կհեռանան: Մենք վիզուալ դիտարկեցինք նաև հետախուզական փորվածքների հանքային արտաթափուկները և համոզվեցինք, որ Սովետ Միության օրոք հետախուզված Թեք սարի հանքավայրը հարուստ չէ, և բնական պաշարների տվյալներն ակնհայտ ուռճացված են : Հարց է առաջանում , ինչի՞ վրա են հույս դրել հանք շահագործողները և ինչ՞ նպատակ են հետապնդում։

  2. Գրետա Գաբրիելյան says:

    Շնորհակալություն լրագրող Անուշ Մաթևոսյանին Հայաստանի համար քանդող-ավիրող
    ուժ դարձաց հանքարդյունաբերության թեման խորությամբ ընկալելու և լուսա բանելու համար:
    Չեմ կարողանում հասկանալ դատարանը ինչ՞տրամաբանությամբ է չեղյալ համարել Բնապահպանության նախարարության հանքի շահագործումը մերժող մասնագիտական կարծիքը: Անպայման կարդալ է պետք այս նյութը և միանալ պայքարին:

    Գրետա Գաբրիելյան, քիմիկոս, Գ․Թ,

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930