Պանինֆո production-ի հիմնադիրներն այսօր բարեգործական ցուցահանդես-վաճառք էին կազմակերպել, լրատվամիջոցներին էլ բարձրաստիճան պաշտոնյաների ու հյուրերի ցանկ՝ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի գլխավորությամբ ներկայացրել: Ներկայացրած ցանկից ոչ ոք չէր եկել, կազմակերպիչները հետաքրքրված լրագրողներին պատասխանեցին, թե հրավիրյալները մերժել են գալ: Միայն ասացին, որ կեսօրին կգան Կոմանդոսն ու Սոսե մայրիկը, որոնք իրենց նշած ժամին այդպես էլ չեկան:
Իսկ ցուցահանդես վաճառքում ընդգրկված էին Արմնյուզ հեռուստաընկերության մի նախագծի շրջանակում ստացված նվերներ՝ մարզպետերից ու քաղաքապետերից, վաճառքի ողջ հասույթն էլ կազմակերպիչները նախատեսել են ապրիլյան պատերազմի զոհերի անապահով ընտանիքներին:
«Գնալով բոլոր մարզեր բոլոր քաղաքապետերն ու մարզպետերը նվերներ են տվել, որոնք հանել ենք ցուցադրության, նպատակն է՝ օգնել անապահով ընտանիքներին»,- ասաց Պանինֆո production-ի համահիմնադիր Կատյա Թովմասյանը:
«Փորձեցինք մշակույթը համախմբել պատերազմի հետ, գիտենք՝ եթե միայն Հայաստանը պաշտպանենք, այսինքն` միայն հողը պաշտպանելով ու մշակույթը իջեցնելով ոչինչ չի լինի, ամեն ինչ փոխկապակցված է, պետք է բարձրացնենք մշակույթը, գաղափարախոսություն ու անհատներին , անհատների միջոցով է որ գոյություն ունենք»,- գործընկերուհուն շարունակեց Պանինֆո production-ի համահիմնադիր Նունե Ենգորյանը:
Լրագրողների հարցին՝ քանի՞ ընտանիքի են նախատեսել օգնել, նա պատասխանեց յոթ ընտանիքի՝ամենաանապահովներին, հուլիսի տասից հավաքագրելու են: Հարցին՝ կոնկրետ ո՞ւմ ընտանիքներին, կազմակերպիչները անուններ չտվեցին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Մանրամասն` տեսանյութում