Նախապես հայտարարված քաղաքական սերնդափոխության գաղափարին ի հակառակ, Հանրապետական կուսակցությունը ոչ միայն տարեցներին պահեց իշխանության մեջ, այլեւ սկսել է երիտասարդներին կրճատել՝ տարեցներին բերել։ ԱԺ նորընտիր խոսնակ Արա Բաբլոյանը ոչ ինքն է նախկին նախագահից երիտասարդ, ոչ էլ իր աշխատակազմն է համալրում երիտասարդներով։ Ընդամենը վերջերս մամուլը գրեթե փառաբանեց նրան, որ 23-24 խորհրդական-օգնականներից թողել է ընդամենը 6-ին՝ կրճատելով մյուսներին։ Սակայն օրերս նա իրեն խորհրդական է նշանակել ԱԺ նախկին պատգամավոր Մկրտիչ Մինասյանին։
Մինասյանի բախտը չժպտաց այս ընտրություններում, ցուցակի 42-րդ հորիզոնականը, որն զբաղեցնում էր նա, անցողիկ չէր, բայց իշխանությունը որոշեց նրան պարապ չթողնել, եւ նա այժմ խորհուրդներ է տալու Արա Բաբլոյանին։ Մկրտիչ Մինասյանն արդեն ԱԺ-ում իր աշխատասենյակն ունի եւ երկու օր է՝ խորհուրդներ է տալիս ԱԺ նախագահին։
«Դուք կարծում եք, որ խորհուրդ տվողները միայն երիտասարդ պետք է լինեն, հա՞»,- իր նշանակման առիթով մեր զարմանքի վրա զարմացավ Մկրտիչ Մինասյանը։ «Ես թոշակառուի նմա՞ն եմ»,- գրեթե քոչարյանաբար նեղսրտեց ՀՀԿ-ականը, երբ նկատեցինք, թե իր սիրտը շահելու համար են խորհրդական նշանակել, եւ հետաքրքրվեցինք՝ հասարակական հիմունքներո՞վ է աշխատելու, թե՞ վճարովի։ Մինասյանը, իր խոսքով, քաղաքական խորհուրդներ է տալու նոր խոսնակին։ Ի դեպ, ԱԺ նախագահի պաշտոնում Բաբլոյանի նշանակման խոցելիության հիմնական արգումենտն էլ քաղաքական մտածողության բացակայությունն էր․ «Ես պատրաստվում եմ քաղաքական բնույթի խորհուրդներ տալ։ Իմ կյանքում ինչ անցել եմ, փորձառություն ձեռք բերել, կարողացել եմ հասկանալ-ընկալել, վերլուծել, ինչ-որ տեղ կվերլուծեմ, եւ կփորձենք զրուցել իրար հետ»։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում