Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական չորս պատգամավոր «կենսագրություն» չունի

Հունիս 24,2017 16:00

Խորհրդարանական ուժերը շարունակում են կիսատ-պռատ ներկայանալ հանրությանը

2010 թվականի հունվարի 27-ին «Կենսագրությունները խմբագրվում են. Հրադադարի հաստատումից 15 տարի անց պատգամավորները շտապում են մասնակցել պատերազմին» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ ՀՀ Ազգային ժողովի բազմաթիվ պատգամավորների կենսագրականներում բացեր, իսկ նույն մարդու տարբեր տարիների հրապարակված կենսագրականներում հակասություններ կան: Այն ԱԺ-ն չորրորդ գումարմանն էր, ու բացեր կային այն ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Ստեփան Ասլանյանի, Հարություն Ղարագյոզյանի, Գրիգորի Մարգարյանի, Հովհաննես Մարգարյանի, Սամվել Բալասանյանի, Ալեքսանդր Սարգսյանի եւ այլոց կենսագրականներում: 2003-2007 ԱԺ պատգամավոր Հրայր Կարապետյանի կենսագրականում գրված է. «մասնակցել է Գետաշենի, Բերդաձորի, Շահումյանի ինքնապաշտպանության կազմակերպմանը», իսկ 2007-2012 ԱԺ պատգամավոր Հրայր Կարապետյանի կենսագրականում՝ «մասնակցել է Գետաշենի, Բերդաձորի, Շահումյանի, Մարտակերտի ինքնապաշտպանությանը»:

Այս հրապարակումից յոթ տարի եւ երկու գումարման ԱԺ է անցել: Գործող ԱԺ-ն վեցերորդ գումարմանն է, բայց կենսագրականների հարցում նախկինից էլ ահավոր խառնաշփոթ է:

Այս ԱԺ ընտրության քվեարկությունը ապրիլի երկուսին էր: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրության արդյունքն ամփոփել է ապրիլի 9-ին՝ 163-Ա որոշմամբ, մայիսի 3-ին բաժանվել են պատգամավորների մանդատները, մայիսի 18-ին ԱԺ-ն առաջին նիստն է գումարել, հետո մի քանի արտահերթ նիստ: Սակայն ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում ներկայացված 105 պատգամավորից չորսը կենսագրություն չունի. ՀՀԿ-ականներ Հարություն Կարապողոսյան, Գեւորգ Կոստանյան, Վահան Հարությունյան, Միհրան Պողոսյան: Գեւորգ Կոստանյանն ու Միհրան Պողոսյանը հայտնի մարդիկ են եւ նախքան պատգամավոր դառնալը պետական պաշտոն ունեին. առաջինը՝ գլխավոր դատախազ, երկրորդը՝ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավար: Սրանից բացի, Միհրան Պողոսյանը գործարար է, մենաշնորհներ եւ օֆշորներում գրանցված ընկերությունների սեփականատեր: Ուշագրավն այն է, որ այս անձանց կենսագրությունները համացանցում կան: Չկան ԱԺ կայքում:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի անունից ԱԺ կայքում խոսք է դրված, համաձայն որի՝ «Ազգային ժողովի գործունեության թափանցիկությունն ու հասանելիությունը կարեւոր են խորհրդարան-հասարակություն փոխադարձ կապի ամրապնդման համար: Ազգային ժողովի պաշտոնական կայքն իր տեղեկատվական բազայով ու հագեցվածությամբ հնարավորություն է տալիս տեղեկանալ խորհրդարանի կառուցվածքին, օրենսդրական գործունեությանը եւ խորհրդարանական անցուդարձին` դառնալով համագործակցության բաց հարթակ»: Փաստորեն առնվազն չորս հանրապետական՝ ՀՀԿ ԱԺ խմբակցության վեց տոկոսը, չի կիսում այս կարծիքը:

Շատերի կենսագրականներն էլ բացեր ունեն: ԱԺ կայքում հրապարակված կենսագրականներից պարզ չի դառնում, թե ինչով է զբաղված եղել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի Արգամ Աբրահամյանը («Ծառուկյան» դաշինք) 2010-2015 հատվածում, կամ Նապոլեոն Ազիզյանը («Ծառուկյան» դաշինք)՝ 1992-1997 հատվածում: Սրանք եզակի դեպքեր չեն.

Նաիրի Սահակյան՝ ՀՀԿ: Կենսագրականում չկա 1994-2001 հատվածը:
Ավետ Սարգսյան՝ ՀՀԿ: Կենսագրականում չկան 1989-1992 եւ 1999-2007 հատվածները:
Արթուր Գեւորգյան՝ ՀՀԿ: Կենսագրականում չկա 2003-2005 հատվածը:
Մերուժան Սիմոնյան՝ «Ծառուկյան» դաշինք: Կենսագրականում չկա 1992-1995 հատվածը: Եվ այլք:

ՀՅԴ-ական Արմեն Բաբայանն էլ հաջողել է հինգ տարի շարունակ միաժամանակ լինել «Հոմենվե» եւ «Գրանդ Քենդի» ընկերությունների գործադիր տնօրեն:

Հասկանալի է, որ ԱԺ աշխատակազմը կենսագրական չի մոգոնում, պատգամավորը (նրա կուսակցությունը) պիտի կենսագրականը տա, որ տեղադրվի կայքում: Քիչ հավանական է, որ սեփական անձի նկատմամբ այդքան անուշադիր մարդը ուշադիր կլինի այլոց՝ ՀՀ քաղաքացիների նկատմամբ: Մյուս կողմից՝ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 160-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ աշխատակազմը Ազգային ժողովի եւ նրա մարմինների լիազորությունների ու գործառույթների իրականացմանն ուղղված մասնագիտական սպասարկում է: Այստեղ էլ առանձնապես ջանք ու մղում չկա, ու խորհրդարանական կառավարմամբ Հայաստանում ունենք կիսատ կենսագրականներով կամ առանց կենսագրականների խորհրդարանականներ:

Նելլի Գրիգորյան

«Առավոտ օրաթերթ»

23.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ալեքսանդր says:

    Հետաքրքիր է, ՀՀ ԱԱԾ-ը ստուգո՞ւմ է բոլոր պատգամավորների անցյալը: Հիշեցի, որ Սովետի ժամանակ, КГБ-ն մի
    ամերիկյան լրտես էր հայտնաբերել, որը КПСС-ի
    Կենտկոմի անդամ էր:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930