Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուրտը և Հեգելը

Հունիս 24,2017 17:00

Ինչը որ Վերևում է, նույնն էլ Ներքևում է, քանի որ Ներքևը Վերևի արտացոլանքն է, չնայած որ Ներքևն է ընտրում Վերևին, բայց ընտրում է նրան, ում արտացոլանքն արդեն իր ներսում է ու ճանաչում է և՛ գործը, և՛ խոսքը, և՛ պատկերը:

Այնինչ, Վերևը՝ բա՜րձր, իր աստղային դաշտերով, թելադրում է իր կամքը և բախտը մեր:

Հետաքրքիր է, չէ՞, որ Աստված, ստեղծելով աշխարհը և մարդուն իր պատկերով ու նմանությամբ, Ադամի հետնորդներին թերևս չի ներշնչել փիլիսոփայական որևէ միտք, քանզի Ինքը վեր է մտքից, և միտքը հողեղեն, մարդկային ծնունդ է, և որը, մեզ օգնելով անվերջ ձգտել Աստծուն, անընդհատ հեռացնում է Նրանից. այնինչ եռամիասնությունը եղել է, կա և մնում է մեկը` հույս, հավատ, սեր:

Այսինքն թե` ցուրտ է, թե շոգ, անձրև է, թե կարկուտ, աշխարհում ապրող մարդու կյանքը շատ ավելի հետաքրքիր է, քան Հեգելն ինքնին կամ որևէ այլ փիլիսոփա, որոնք փորձում են քննել Հայտնիի և Անհայտի սահմանը:

Այսնքն թե` Աստված ի սկզբանե մարդուն տվել է Սուրբ երրորդության ոսկե կանոնը և մեր բոլոր քննությունները` աշխարհն ու մեզ հասկանալու, դուրս չեն կարող գալ եռամիասնության սահմաններից:

Իսկ եթե երևելի մտածողներն իրենց փնտրտուքների հետևանքով շեղվում կամ հաճախ դուրս են գալիս` որոնելով չորրորդ չափումը, այսինքն թե` արդարությունը, տարօրինակ օրինաչափությամբ մի օր նորից վերադառնում են դեպի Սրբազան եռամիասնություն` դեպի տուն…

Իսկ գուցե արդարությունը եռամիասնության մե՞ջ էր:

Եվ այսպես, քայլելով երևանյան դեռևս գարունաշունչ երեկոյի զովի միջով ու նայելով ցրտից ասես նիհարած անցորդներին, հատկապես կանանց, որոնց հույսը տղամարդկանց տաք հիշողության մեջ ապրելն է, զգացի, թե ինչպես երկնքներից իջա ներքև և մտածում էի. ահա նրանք` սրսփած ու ամառասպաս արտացոլանքը վերևների, և ահա նրանք, իմ մայրերը, իմ քույրերը և դուստրերն իմ:

Եվ այդօրինակ տագնապների հետ իմ ներսում զրուցելով՝ ես փորձեցի մոռանալ Հեգելին և հասկացա պարզ մի անվերադարձ.

Ճիշտը տուն գնալն է, ուր ամառն արդեն տնավորվել է:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ օրաթերթ»

23.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930