Կառավարության ծրագրում ամրագրված են երկրորդական եւ երրորդական նշանակության խնդիրները
ԱԺ «ԵԼՔ» դաշինքի պատգամավոր Արարատ Միրզոյանը կարծում է, որ նոր կառավարության ներկայացրած ծրագիրը, որը հաստատեց ԱԺ-ն, հավակնոտ եւ մրցունակ չէ: «Ոչ թե առաջընթացի, այլ տեղում դոփելու ծրագիր է, որը կոսմետիկ շտկումներ է պարունակում՝ եղածը պահպանելու եւ ՀՀԿ-ի իշխանությունը երկարաձգելու համար: Մինչդեռ աշխարհում զարգանում են, օրինակ, տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման, կամ, ասենք, վերականգնվող էներգետիկան զարգացնելու միջոցով»,-«Առավոտի» հետ զրույցում ասում է նա:
Արարատ Միրզոյանն ընդգծում է, որ կառավարության ծրագրով գիտության համար ծիծաղելի ֆինանսավորում է նախատեսվում: Ինչ վերաբերում է կրթության ոլորտին, ապա ծրագրում ամրագրված են երկրորդական եւ երրորդական նշանակության խնդիրները. «Առաջնային խնդիր է եղած մանկապարտեզների շենքային անմխիթար պայմանները: Այդ մասին որեւէ տող չկա կառավարության ծրագրում: Մանկապարտեզների թվի ավելացման մասին եւս ոչ մի խոսք չկա, մինչդեռ գիտենք, որ մարդիկ տարիներով հերթ են կանգնում, որպեսզի իրենց երեխաները կարողանան մանկապարտեզ ընդունվել»:
Պատգամավորի խոսքով՝ կառավարության ծրագրում չկան նաեւ դրույթներ, որոնք կնպաստեին բարձրագույն կրթության ոլորտի միջազգային գրավչության բարձրացմանը. «Հիմնականում Բժշկական համալսարանում են սովորում օտարերկրացիներ…Առհասարակ, չկան նպաստավոր պայմաններ, որպեսզի այլ երկրների ուսանողների ներգրավենք»:
Մեր զրուցակիցն առանձնացնում է նաեւ հանրակրթության ոլորտի հիմնական խնդիրները. «Առաջնահերթ, մեր դպրոցները գերկրոնականացված են…Մինչ աշխարհը քայլում է գիտության եւ ինովացիայի ճանապարհով, մեր երեխաներին կրոնական կրթություն եւ արժեհամակարգ ենք տալիս: Ոչ թե բարոյական կողմի մասին է խոսքը, այլ այն, որ դպրոցները լցված են եկեղեցական սիմվոլիկայով եւ պատմությամբ: Իրավիճակը Եկեղեցու պատմություն առարկայից վերածվում է կրոնի քարոզի: Դեմ չեմ, որպեսզի երեխաները կրոնական կողմնորոշում ունենան, բայց դա հասուն տարիքում պետք է ձեւավորվի: Գոնե աշխարհիկ կրթության մոդելը պետք է գործարկել, որը գիտական մտքի վրա է հիմնված»:
«ԵԼՔ» պատգամավորը համոզված է, որ ներկայիս հնացած դպրոցական ծրագրերը եւս պետք է հիմնված լինեն գիտական ներուժի վրա:
ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Առավոտ օրաթերթ»
23.06.2017