Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ալ. Հարությունյանի անվան փողային գործիքների միջազգային փառատոնը ձեւաչափով բացառիկ է

Հունիս 24,2017 13:00

Կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի թողած ժառանգությունը ներառում է նաեւ բազմաթիվ ստեղծագործություններ փողային գործիքների համար: Ցավոք, դրանցից շատերը մինչ օրս չեն կատարվել: Իսկ, օրինակ, նրա Շեփորի կոնցերտը՝ գրված 1950թ., եղել եւ մնում է աշխարհահռչակ շեփորահարների նվագացանկում:

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հունիսի 25-ին կմեկնարկի Ալ. Հարությունյանի անվան փողային գործիքների միջազգային փառատոնը: Այս մասին «Առավոտին» հայտնեց Օպերայի աջակցման հիմնադրամի տնօրեն, փառատոնի գլխավոր պրոդյուսեր Շմավոն Գրիգորյանը: Ասաց նաեւ, որ իր ձեւաչափի մեջ սա առաջին փողային փառատոնն է, որը 5 օր իր շուրջը միավորելու է հայ եւ այլազգի կատարողների: (Հրավիրված է 13 երկրից 28 երաժիշտ): Հավելեց նաեւ, թե այս միջոցառմանն աջակցում են կոմպոզիտորի ընտանիքը, ՀՀ մշակույթի նախարարությունը եւ Երեւանի քաղաքապետարանը: Փառատոնի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը Կարեն Դուրգարյանն է, միջոցառումն իրականացվում է Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ համատեղ:

Հարությունյանական փառատոնի մասնակիցները:

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի դուստրը՝ Նարինե Կուտչուկյանը (լուսանկարում), հիշեցրեց, որ հայրը մեկն է աշխարհի այն եզակի կոմպոզիտորներից, որ գրել է թվով 9 կոնցերտ փողայինների համար, ինչպես նաեւ տրիո, կվարտետներ, կվինտետներ եւ քայլերգեր փողային նվագախմբի համար:

«Փառատոնի նպատակը միայն հայտնի կոմպոզիտորների, այդ թվում՝ նաեւ հորս ստեղծագործությունների կատարումը չէ, այլ երաժիշտների շփումը, փորձի եւ գաղափարների փոխանակումը: Մի կարեւոր հանգամանք՝ առաջին անգամ կազմակերպվող փառատոնը միտված է Հայաստանում զարգացնել փողային երաժշտական դպրոցը, հնարավորություն ընձեռել երաժիշտներին վարպետության դասեր ստանալ բարձրակարգ մասնագետներից: Գերմանիայից եւ Սերբիայից հրավիրված փողային գործիքներ վերանորոգող վարպետներն էլ, իբրեւ աջակցություն, անվճար կնորոգեն հայաստանցի երաժիշտների գործիքները, ինչի անհրաժեշտությունը վաղուց կա»,- ասաց տիկին Կուտչուկյանը:

Դիտարկմանը, թե տարօրինակ է լսել, որ Ալեքսանդր Հարությունյանն ունի չկատարված գործեր, դուստրը պատասխանեց. «Իհարկե, դժվար է պատկերացնել, բայց այդպես է…»:
Անդրադառնալով կայանալիք փառատոնին, Նարինե Կուտչուկյանը հույս հայտնեց, որ այն կդառնա ամենաամյա եւ շտապեց հայտնել, թե եկող տարի իր մասնակցությամբ փառատոնը կպատվի աշխարհահռչակ շեփորահար, կուբացի Արթուրո Սանդովալը:

Ի դեպ, նման փառատոն տարածաշրջանում առաջին անգամ անցկացվել է Թբիլիսիում՝ 2013թ.:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ օրաթերթ»

23.06.2017

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930