«Սպառողների խորհրդատվության կենտրոն» Հ/Կ նախագահ Կարեն Չիլինգարյանի համար կասկածելի համագործակցություն է Երեւանի քաղաքապետարանի ու միջազգային փորձագետների միջեւ, որոնք քաղաքում տրանսպորտի ոլորտն են ուսումնասիրում, որ բարեփոխումների նախագիծ մշակեն, առաջարկներ ներկայացնեն:
Պարոն Չիլինգարյանի խոսքով, արտասահմանցի փորձագետներին մոտ 800.000 եվրո են արդեն վճարել. «Հենց սկզբից էլ մի քիչ կասկածանքով եմ մոտեցել այդ հարցին, այդպիսի ահռելի գումար փորձագետներին վճարել ինչ-որ հետազոտության համար, ի՞նչ իմաստ ուներ, մի՞թե մենք մասնագետներ չունենք, բայց դե արդեն արվել է, տեսնենք՝ ինչին կհասնենք:
Աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումն էր երեկ քաղաքապետարանում, փորձագիտական խումբը նախնական տվյալներ ներկայացրեց՝ ինչ պետք է արվի, ինչքան ծախսեր կառաջանան»:
Պարոն Չիլինգարյանի խոսքով, ոլորտի բարեփոխումները նախատեսում են շարժակազմի փոփոխություն, ըստ նրա, նոր ավտոբուսներ պետք է ներկրվեն, գծի տերեր հասկացությունը վերանա:
Մեր հարցին՝ հնարավո՞ր ոլորտի բարեփոխումներն առանց սակագնի բարձրացման, պարոն Չիլինգարյանը պատասխանեց. «Իհարկե, հնարավոր են: 2013 թվականին ասում էին, թե գծատերերը վնասով են աշխատում, բայց չորս տարի է՝ աշխատում են, եթե վնասով աշխատեին, արդեն սնանկացած կլինեին, դա սխալ մոտեցում է, ուզում էին գերշահույթներ ստանալ… մենք պայքարում ենք, որ գծատեր կոչվածները չբարձրացնեն սակագները»:
Կարեն Չիլինգարյանը հուսով է, որ ոլորտի բարեփոխումներից հետո կվերանա գծատեր հասկացությունը. «Մեկ օպերատոր կամ մի քանի օպերատոր է լինելու, բայց պետական վերահսկողությամբ: Հույսեր ունենք, որ քաղաքակիրթ ուղեւորափոխադրում կլինի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ