Ինչպես հայտնի է՝ երեկ ժամը 23:55-ի սահմաններում քարաթափվել է Արթիկի Սասունցի Դավիթ փողոցի 13 շենքի պատի արտաքին մասի շուրջ 10 քառակուսի մետր հատվածը։ Բնակիչներին անմիջապես տարհանել են։ Արթիկի «զակո զերնոյի» մոտակայքում գտնվող շենքն այնքան էլ հին չէ, կառուցվել է 1986 թվականին:
Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանի ասելով, այն երկրաշարժ տեսած շենք է, որի վրա ազդեցին նաև հանրապետության տարածքում գրանցված վերջին ցնցումները։ Այն ունի 12 բնակարան։
Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ այն սրբատաշ, քարային «մեդիս» տիպի շարվածքով քառահարկ կառույց է, որի 12 բնակարաններից 5-ը` մեկ սենյականոց է, 3 բնակարանը` 2 սենյականոց, իսկ 4 բնակարան 3 սենյականոց է: Քարաթափման արդյունքում տուժել են հիմնականում մեկ սենյականոց բնակարանները, որտեղ բնակվում են 16 քաղաքացիներ։
Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանի տեղեկացմամբ, վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով Արթիկ են եկել քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալը, սեյսմիկ ծառայության մասնագետներ ու տեղում ուսումնասիրություններ են կատարել։ Թե որտեղ են ապրելու տարհանված բնակիչները, Արթիկի քաղաքապետի ասելով, դիմում են գրել մարզպետին՝ խնդրելով ժամանակավոր աջակցություն ցուցաբերել մինչև վերջնական որոշման կայացումը։ Մեր ճշգրտող հարցին՝ մի՞թե խոսքը բնակարաններ վարձակալելու մասին է, Արթիկի քաղաքապետն ասաց ՝ այո։ Մխիթար Վարագյանի ասելով, վտանգավոր հատվածներից բնակիչներին տարհանել են գիշերը, ոստիկանությունը շուրջօրյա հսկողություն է իրականացնում, թեև շենքում դեռ մարդիկ են ապրում։ Ըստ քաղաքապետի, կառույցի չփլուզված հատվածն էլ բարվոք վիճակում չէ, սակայն առայժմ ապրում են։ «Այն հատվածը, որը փլվել է, պետք է վերանորոգվի, իսկ ամբողջ շենքը պիտի ամրացվի, սպասում ենք կառավարության որոշմանը», -ասաց Մխիթար Վարագյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ