Հայկական կինոարվեստը ծանր կորուստ կրեց: 2017 թվականի հունիսի 23-ին, 71 տարեկան հասակում կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր, կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցը (Կևորկով):
Ռուբեն Ստեփանի Կևորկովը ծնվել է 1945 թվականի նոյեմբերի 30-ին, Երևանում: 1964-69 թթ. սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետում՝ Վարդան Աճեմյանի արվեստանոցում: Ավարտելուց հետո աշխատել է Երևանի վավերագրական ֆիլմերի ստուդիայում, 1982-1989 թթ. եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի վավերագրական ֆիլմերի ստեղծագործական միավորման գեղարվեստական ղեկավար, իսկ 1989 թ.-ից մինչ օրս՝ Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի գեղարվեստական ղեկավար:
Իր առաջին իսկ ֆիլմերից Ռուբեն Գևորգյանցը դրսևորեց բացառիկ տաղանդն ու համարձակությունը, ինքնատիպությունը՝ նոր շունչ բերելով հայ վավերագրական կինո:
Ռուբեն Գևորգյանցը ստեղծել է ավելի քան 60 ֆիլմ, որոնցից 26-ը արժանացել են տարբեր միջազգային կինոփառատոնների մրցանակների, 8-ը՝ գլխավոր մրցանակի՝ «Բարի հետք», «Ոգեշնչում», «Սպասում», «Կղզիներ», «Ռեքվիեմ», «Փարաջանով. վերջին կոլաժ», «Ընդմիշտ», «Հրաշագործի աշունը»: Վերջինս արժանացել է նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի:
1982 թ.-ին ստացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչի կոչում, 2006-ին արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստ պատվավոր կոչմանը:
Արցախյան գոյամարտի առաջին իսկ օրերից, իր մասնագիտական պարտքը կատարելով՝ եղել ամենաթեժ կետերում, վավերագրել արցախյան պատերազմի տարեգրությունը: Պարգևատրվել է Հաղթանակի շքանշանով, Վ. Սարգսյան «Արծիվ Մահապարտ» շքանշանով:
1982-2015 թթ. դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Ռուբեն Գևորգյանցը նաև սցենարիստ է, գրող և բանաստեղծ՝ երեք բանաստեղծական ժողովածուների հեղինակ է, գրել է բազմաթիվ պատմվածքներ և «Փարաջանով. կոլաժ երկուսի համար» գիրքը:
Ռուբեն Գևորգյանցը հայկական կինոյի երախտավորներից էր, ում ակներև բանաստեղծականությամբ և հուզական շնչով ստեղծված ֆիլմերում երևակվեց հայ մարդու միտքն ու բարքը, նրա առօրյան, վավերագրվեցին մեր իրականության կարևոր և հանգրվանային դրվագները, մի ողջ դարաշրջանի պատմությունն ու իրադարձությունները:
Ռուբեն Գևորգյանցի պայծառ հիշատակը երկար կմնա գործընկերների, մտերիմների, կինոսերների սրտերում:
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Ռուբեն Գևորգյանցի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով:
Ռուբեն Գևորգյանցի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 25-ին, ժամը 18:30-20:30, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Վերջին հրաժեշտը` հունիսի 26-ին, ժամը 11:00-13:30, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում:
Կառավարական հանձնաժողով