Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս են արևմուտքում պայքարում կարկուտի դեմ

Հունիս 23,2017 18:04

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանի տեղեկացմամբ`նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած ունենք ավելի քիչ վնասներ, քիչ կորուստներ: Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Արմավիրի մարզում տեղի է ունեցել կարկտահարություն, տուժել են 8 համայնքներ, վնասի չափը 40-90 տոկոս է գնահատվել` ըստ նախարարության, որոշ տեղերում նաև վնասը հասել է 100 տոկոսի:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը պարոն Հարությունյանի ներկայացրած տվյալներով` Արմավիրից բացի կարկտահարության դեպքեր են գրանցվել նաև Կոտայքում, Սյունիքում, Արագածոտնում, նույնիսկ Տավուշում։

Ներողություն խնդրելով արմավիրցիներից, որոնք անմիջապես բուռն արձագանքեցին` պարոն Հարությունյանը հորդորեց մի քիչ համբերատար լինել, քանի որ հանրապետությունն այլ մարզեր էլ ունի, նրանք էլ բավական մեծ կորուստներ ունեն։ Փոխնախարարը նշեց, որ այդ ամենն ամփոփման փուլում է։ Այնուհետև նշեց. «Նախորդ տարվա հետ համեմատած մայիսից մինչև սեպտեմբեր հանրապետությունում վնասվել են շուրջ 158 համայնքներ, համայնքներ կան, որ նույնիսկ մի քանի անգամ է  կարկտահարություն եղել»։

Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ հակակարկտային կայանների հետ կապված դժգոհություններին. դրանց արդյունավետությունը ցածր է, լավ չեն կրակում։

ՀՀ Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանն այս առիթով նշեց. «Մեր մարզը գտնվում է բավական ռիսկային գոտում կապված բնական աղետների հետ։ Հիմնական վնասը հասցնում է գյուղացուն կարկտահարությունը։  2017-ին մարզում եղել են երեք հզոր կարկտաբեր պրոցեսներ։ Առաջարկել ենք 100 տոկոսով փոխհատուցել հողի հարկի և ոռոգման ջրի վարձերը, որ սառեցվեն վերցրած վարկերի  տոկոսադրույքների վճարումը, ինչքան երկար ժամանակով, այդքան լավ: Եվ հնարավորության սահմաններում առաջարկել ենք գյուղատնտեսական տնտեսություններին օգնել անվճար ազոտական պարարտանյութերի ու սերմնացուների տեսքով։ Հուսով եմ, որ կառավարությունը կքննարկի ու համապատասխան լուծումներ կկայացնի»:

ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը հայտնեց, որ եղել է համայնքներում, հանդիպել է գյուղացիների հետ, սոցիալական ցանցում հանդես է եկել առաջարկությամբ ՝ ներդնել գյուղատնտեսության ապահովագրման համակարգ. «Կարծում եմ` շատ կարևոր է գյուղական բնակչությանն աջակցելը, կլինի վարկերի տոկոսների մարման հետաձգում, թե հողերի վճարների փոխհատուցում, բայց դա համակարգային լուծում չէ։ Մի բան անենք, մի բան լինի այս մոտեցմամբ իրավիճակային լուծում տալով` հարցին համակարգային լուծում չենք տալիս։ Լավ է, որ հակակարկտային կայաններ են տեղադրվում, բայց ցրտից ու այլ պատճառներով էլ է վնասվում, այս դեպքում ճիշտն այդ համակարգի ներդրումն է։ Այդ համակարգի մասին կառավարությունը խոսում է դեռ 2010-ից։ Բայց մինչև հիմա որևէ առաջընթաց այս ուղղությամբ չկա. երեկ հաստատվեց նոր ծրագիրը, որտեղ գրված է, որ փորձնական համակարգը կներդրվի հաջորդ տարիներին, այսինքն` էլի հետաձգվում, է, անընդհատ գտնվում ենք նախապատրաստական ու փորձնական փուլերում, և ի վերջո ոչ մի կերպ այդ համակարգը չի ներդրվում, մինչդեռ սա է իրական լուծումն ու աջակցությունը գյուղական բնակչությանը։ Ես եղել եմ համայնքներում, խոսել եմ բնակիչների հետ, մարդիկ համաձայն են, որ այդ ապահովագրության համակարգի դեպքում իրենք մասնակցություն ունենան»:

Պարոն Հարությունյանն արձագանքեց, թե չի տիրապետում` նախկինում ինչ է եղել, ինչու տեղի չի ունեցել ու կարող է խոսել միայն ներկայի մասին: Այնուհետև տեղեկացրեց, որ բանակցությունները գրեթե ավարտման փուլում են։

Մարքեթինգի եւ տնտեսական զարգացման միջազգային փորձագետ ՈՒիլիս Բրաունն էլ ներկայացրեց, թե ինչպիսի լուծումներ են գտնում Արևմուտքում նման խնդիրների դեպքում. «Այս խնդիրը ոչ միայն Հայաստանում է, այլև ամբողջ աշխարհում, եղանակային փոփոխությունները, տաքացումները ոչ միայն Հայաստանում է, այլ ամբողջ աշխարհում։  Քանի որ դա բնական երևույթ է, մարդիկ վերահսկողություն չունեն: Առաջին հերթին դրա համար անհրաժեշտ է հարմարեցնել գյուղատնտեսական  գործունեության պրակտիկան ու մտածողությունը այդ ուղղությամբ։ Նոր գյուղատնտեսական տեխնոլոգիաներ հարմարեցնել գյուղատնտեսությանը, միայն այդ կերպ կարելի է վերահսկել բնությունը։ Հայաստանում խնդիրներից մեկն այն է, որ հիմնական արտադրողները փոքր ֆերմերներ են, և երբ եղանակային փոփոխությունները ազդում են գյուղատնտեսության վրա, այն ազդում է ընտանիքի ամբողջ ապրուստի վրա։ Կանխարգելման արժեքը ընտանիքի վրա շատ թանկ է նստում։ Այդ պատճառով հարկավոր է ունենալ ամբողջական համակարգված մոտեցում կարկուտի կանխարգելման համար։ Պետք է լինի ոչ թե մեկ, այլ մի քանի լուծումներ։ Հակակարկտային ցանցերն ամենաարդյունավետ միջոցն են կարկուտի դեմ պայքարում, աշխարհը գնում է այդ ուղղությամբ։ Համագործակցելով հիդրոմետ ծառայության հետ, ունենալով կարկտային ցանցեր ու հակակարտային կայաններ` կարելի է գյուղատնտեսներին  զգուշացնել, որ կարկուտ է լինելու, նրանք այդ ցանցերը կբացեն ու կկանխարգելեն վնասը: Առաջարկում եմ ունենալ հայկական հակակարկտային ծրագիր»։

Պարոն Հարությունյանն էլ արձագանքեց, թե ՀՀ-ում արդեն գործում է միասնական այդ համակարգը։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930