Լրահոս
Օրվա լրահոսը

Էքստրասենսի սպանության մեջ մեղադրվող. «Մինչեւ էսօր վատ չեմ պաշտպանվել, ուղղակի լավ չեն լսել ինձ»

Հունիս 23,2017 17:45

«Եթե ես կատարեի սպանությունը եւ կատարեի գումարի համար, հաստատ էդ գումարներն այդտեղ չէին լինի»,- այսօր դատարանում վկայի տված իրեղեն ապացույցների մասով ցուցմունքին առարկեց ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանը:

Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով դատավարությունը:

Անի Մաջնունյանի դին հայտնաբերվել է 2015թ. օգոստոսի 5-ին` իր բնակարանի ննջասենյակում, հատակին բերանքսիվայր ընկած, սուր կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով։

Նախնական քննության տվյալներով՝ դիակի հայտնաբերման նախորդ օրը՝ օգոստոսի 4-ին, ժամը 23:00-ի սահմաններում, Անի Մաջնունյանին է այցելել վերջինիս ծանոթ Մուշեղ Մխիթարյանը։

Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ տանն առկա գումարը հափշտակելու դիտավորությամբ տղամարդը բնակարանի ննջասենյակում հարձակվել է Անի Մաջնունյանի վրա և դանակով, բութ առարկայով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին։ Տուժողի գլխի, դեմքի, պարանոցի, կրծքավանդակի, որովայնի, զույգ վերին և ձախ ստորին վերջույթների շրջաններում հայտնաբերվել է ծակած-կտրած և կտրած, թափանցող և չթափանցող 59 վնասվածք, որոնք էլ իրենց համակցության մեջ առաջացրել են հեմոռագիկ շոկ, որն էլ բերել է Անի Մաջնունյանի մահվան։

Ըստ քննության տվյալների՝ բնակարանում փնտրելով ու չկարողանալով գտնել Անի Մաջնունյանի կուտակած գումարը՝ Մուշեղ Մխիթարյանը հափշտակել է տարբեր զարդեր, տուժողի բջջային հեռախոսները, փակել դուռը և հեռացել։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Մուշեղ Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Դատարանում այսօր Մուշեղ Մխիթարյանն ասաց, որ ինքը չգիտե, թե որքան գումար էր տանը պահում Անին, բայց գիտեր, թե որտեղ էր պահում գումարը:

Իրեղեն ապացույցների հետազոտման փուլն այսօր հետաձգվեց, քանի որ տուժողի իրավահաջորդը դատարան չէր ներկայացել: Այն կկայանա հաջորդ նիստին:

Ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանն էլ միջնորդություն ներկայացրեց իրեն հանրային պաշտպան տրամադրելու վերաբերյալ: «Ես հանրային պաշտպանի գրասենյակի ծառայություններից չեմ հրաժարվել, ես իմ պաշտպանից եմ հրաժարվել: Իմ ու պաշտպանի տակտիկան նույնը չէր»,- ասաց ամբաստանյալը: Դատավորը նկատել էր, որ նախկինում ամբաստանյալին հանրային պաշտպան տրամադրվել էր ու ինքն էր հրաժարվել պաշտպանից: «Մինչեւ էսօր վատ չեմ պաշտպանվել, ուղղակի լավ չեն լսել ինձ»,- ասաց ամբաստանյալը: «Ինչ ասել եք`ամեն ինչ լսվել է, արձանագրվել է»,- պատասխանեց դատավորը:

Հաշվի առնելով գործի բարդությունը, դատարանը հարգեց ամբաստանյալի միջնորդությունը: Գրություն կուղարկվի հանրային պաշտպանի գրասենյակ`նրան նոր պաշտպան տրամադրելու համար:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930