Արցախի տնտեսության ամենադինամիկ տեմպերով զարգացող ճյուղերից մեկը զբոսաշրջությունն է, որի կայուն աճը իր դրական ազդեցությունն է թողնում երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա:
2017թ. 1-ին եռամսյակում Արցախ է այցելել 1076 զբոսաշրջիկ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 969-ի փոխարեն, այսինքն` ոլորտում գրանցվել է 10% աճ, ինչը մեծամասամբ ապահովվել է արցախյան զբոսաշրջավայրեր (Գանձասարի վանական համալիր, Հունոտի կիրճ, Շուշիի Սբ Ղազանչեցոց եկեղեցի, Տիգրանակերտի արգելոց, Նիկոլ Դումանի տուն-թանգարան, Տնջրի, Ամարաս, Տողի մելիքական ապարանք) այցելությունների ակտիվացման շնորհիվ:
Ստորև ներկայացված է վերջինիս այցելուների թվաքանակը 2014-2017թթ. 1-ին եռամսյակների կտրվածքով.
Ինչպես երևում է գծապատկերից, 2017թ. 1-ին եռամսյակի ցուցանիշները զգալիորեն գերազանցում են նախորդ տարիների ցուցանիշներին:
Ըստ պաշտոնական տվյալների` զբոսաշրջիկների ճնշող մեծամասնությունը ժամանում է Արցախ հանգստի և ժամանցի նպատակով: Սակայն այստեղ պետք է նաև հաշվի առնել այն հանգամանքը, որ չափելի վիճակագրության համար հիմք է ընդունվում միայն օտարերկրյա զբոսաշրջիկների քանակը, ովքեր Արցախ մուտք գործելու նպատակով վիզաներ են ստանում և այդ վիզաների շնորհիվ փաստացի հաշվառվում, իսկ ներգնա զբոսաշրջությունն այստեղ չի ներառվում:
Զբոսաշրջության ոլորտի առաջանցիկ տեմպերին նպաստել է հատկապես Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցումը, շնորհիվ որի զբոսաշրջային երթուղու մեջ է ներառվել Դադիվանքի վանական համալիրը:
Ոլորտում արձանագրված դրական միտումները արդյունք են նաև Արցախի Զբոսաշրջության վարչության կողմից մշակվող զբոսաշրջության զարգացման տարեկան և միջնաժամկետ ծրագրերի, որոնք ուղղված են մարքեթինգային գործիքների միջոցով թիրախային շուկաների ներգրավմանը: Արցախը միջազգային էքսպոների ակտիվ մասնակից է (ՌԴ-ում միջազգային զբոսաշրջային ցուցահանդես, ՀՀ Զբոսաշրջության Կոմիտեի աջակցությամբ կազմակերպված շնորհանդես), ինչը լուրջ խթան է ոլորտի զարգացման հարցում:
Վերջին տարիներին կայուն տեմպերով զարգանում է նաև հյուրանոցային տնտեսությունը, ինչը նպաստում է զբոսաշրջիկների ընդունելության, սպասարկման և տեղավորման խնդրի լուծմանը: Ընթացիկ տարում գրանցվել է նաև 49-րդ հյուրանոցային տնտեսության օբյեկտը և պատահական չէ, որ ներկայումս օրվա կտրվածքով Արցախը 1350 այցելու ընդունելու հնարավորություն ունի:
Ոլորտում արձանագրված ցուցանիշները հուսադրող են նաև առաջին եռամսյակից հետո. Ըստ զբոսաշրջության վարչության տվյալների` 2017թ. 1-ին կիսամյակի կտրվածքով կանխատեսվում է 40% աճ: 2017թ. ապրիլին զբոսաշրջիկների թիվը կազմել է 1196 նախորդ տարվա նույն ամսվա 695-ի փոխարեն, այսինքն` գրանցվել է 42% աճ, իսկ մայիսին զբոսաշրջիկների թիվը կազմել է 2020 նախորդ տարվա նույն ամսվա 909-ի փոխարեն` գրանցելով 222% աճ:
Ներկայացնենք զբոսաշրջիկների քանակը 2007-2017թթ. առաջին եռամսյակների կտրվածքով.
10 տարվա եռամսյակային ցուցանիշները ցույց են տալիս, որ զբոսաշրջիկների ամենաշատ այցելությունները գրանցվել են 2017թ. 1-ին եռամսյակում, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ ընթացիկ տարում Արցախ այցելող զբոսաշրջիկների թիվը կաճի:
Առաջիկա դրական կանխատեսումների համար հիմք է հադիսանում նաև ՀՀ կառավարության 2017-2022թթ. ծրագիրը, որով նախատեսվում է տարեկան զբոսաշրջային այցելությունների թիվը հասցնել առնվազն 3 միլիոնի, ինչը, անկասկած, կնպաստի նաև դեպի Արցախ զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը:
Ըստ մեր կանխատեսումների` հայաստանյան զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների և Հայաստանում գործող արցախյան տուրիստական գործակալությունների կողմից ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված 3 մլն զբոսաշրջիկների նույնիսկ 1-2%-ը Արցախ ուղղորդելու դեպքում տարեկան կտրվածքով զբոսաշրջիկների քանակը առնվազն կկրկնապատկվի:
Արցախն ունի զբոսաշրջության հսկայական ներուժ, նպաստավոր պայմաններ զբոսաշրջիկների այցը հետաքրքիր ու բազմաբնույթ դարձնելու, էքստրեմալ ժամանցի վայրեր առաջարկելու համար. վերջին ժամանակներս Արցախը ներկայանում է նաև արկածային տուրիզմի նոր հնարավորություններով, ինչի մասին է վկայում վերջերս Ստեփանակերտի օդանավակայանում անցկացված առաջին «Արցախ Էյր Ֆեստ» փառատոնը` Ստեփանակերտի օդանավակայանից զբոսաշրջային թռիչքների կազմակերպմամբ:
Ցավոք, զբոսաշրջային ներուժը երկրում ամբողջովին չի իրացվում` ելնելով ոլորտի սեզոնային բնույթից: Իհարկե, այս հարցում մեծ դեր ունի նաև չլուծված հակամարտությունը, սակայն ոլորտի աճը կարելի է ապահովել նաև ռազմաքաղաքական անորոշության պայմաններում:
Մնում է համախմբել առկա ռեսուրսները և սեփական օրինակով ցույց տալ, որ Արցախը հիանալի վայր է հանգստի համար` թե բնությամբ, թե մշակույթով, և թե ենթակառուցվածքներով:
Նինա ԲԱԼԱՅԱՆ
տնտեսագետ (Արցախ)