Երևանի ավագանու Կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԼՔ խմբակցություն անդամ Արայիկ Հարությունյանն այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին է ուղարկել հարցում «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» ընկերություններին Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասին հարող տարածքում 76.4 եւ 86.8 հեկտար հողատարածք նվիրաբերելու վերաբերյալ:
«Այսօր՝ հունիսի 23-ին Կառավարությունը հաստատել է Ձեր կողմից ներկայացված «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» ընկերություններին Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասին հարող տարածքում 76.4 եւ 86.8 հեկտար հողատարածք նվիրաբերելու որոշման նախագիծը:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ խնդրում եմ պարզաբանել.
1.Ե՞րբ է քաղաքապետարան բերվել վերոնշյալ ընկերությունների կողմից առաջարկած ներդրումային ծրագիրը, որը Դուք ներկայացրել եք որպես նախագիծ Կառավարության նիստում սույն թվականի հունիսի 23-ին:
2.Ի՞նչպես են վերոնշյալ տարածքները դարձել Երևան քաղաքի սեփականություն: Արդյոք Երևան քաղաքն այդ հողատարածքը կամ դրա մի հատվածը գնե՞լ է այլ սեփականատերերից: Եթե այո, ապա որքա՞ն գումար է ծախսվել այդ նպատակով:
3. Ի՞նչ տույժեր և տուգանքներ են սահմանված վերոնշյալ ընկերությունների համար նվիրաբերության պայմանագրով սահմանված ներդրումային պայմանները խախտելու դեպքում:
4.Արդյոք վերոնշյալ հողատարածքը ամբողջությա՞մբ է տրվում որպես նվիրաբերություն, թե՞ 163.8 հա հողատարածքի մի մասն ունենալու է այլ կարգավիճակ»: