ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթիին և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արևիկ Սարիբեկյանին:
Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորել է Հայաստանում դեսպանատան և Բրիտանական խորհրդի գործունեությունը՝ հատկապես կրթության համակարգում իրականացվող թիրախային ծրագրերի առումով:
Անդրադառնալով կրթության համակարգում ընթացող բարեփոխումներին՝ Լևոն Մկրտչյանը նշել է, որ ներկայումս մշակվում է օտար լեզուների դասավանդման զարգացման հայեցակարգ: Այդ համատեքստում՝ նախարարը կարևորել է մեր երկրում անգլերենի խորացված ուսուցմամբ դպրոցների ավելացման, ուսուցիչների վերապատրաստման, անգլերեն լեզվի տարածման և զարգացման ուղղությամբ գործնական քայլերի ակտիվացումը:
Հանդիպման ընթացքում ԿԳ նախարարը ներկայացրել է կրթական բարեփոխումների հիմնական ուղղությունները՝ ընդգծելով, մասնավորապես կրթակարգի, առարկայական չափորոշիչների, ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների շարժունության, համալսարաններում անձեռնմխելի ֆոնդերի ստեղծման և այլ գործընթացներին առնչվող մի շարք հարցեր:
Իր հերթին դեսպան Ֆարնուորթին շնորհակալություն հայտնելով ոլորտում առկա համագործակցության առնչությամբ` հավաստիացրել է, որ դեսպանատունը գործուն մասնակցություն կունենա կրթական համակարգի տարբեր օղակներում համագործակցության ակտիվացման և կոնկրետ ծրագրերի իրականացման գործում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետագա համագործակցությանն առնչվող մի շարք աշխատանքային հարցեր:
ԿԳՆ հաղորդագրություն