Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Միասնական քննություններից հեռացվել է 6 դիմորդ

Հունիս 23,2017 15:28

Հունիսի 20-ին միասնական համակարգով անցկացվեցին Հայոց պատմություն, քիմիա, իսկ հունիսի 23-ին` ռուսաց լեզու առարկաների քննությունները: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Արա Իսպիրյանը, ռուսերենի քննությանը պետք է մասնակցեր 547 դիմորդ, դեռեւս բացակաների ամբողջական թիվը ամփոփված չէ, որովհետեւ մարզային արդյունքները դեռ չեն ստացվել: Ինչ վերաբերում է Երեւանին, նրա խոսքերով, եղել է մեկ քննական կենտրոն: Երեւանում ռուսերենի քննությանը պետք է մասնակցեր 114 դիմորդ, սակայն բացակայել է 17-ը:

Մեր զրուցի ժամանակ անդրադարձ եղավ բողոքներին: ԳԹԿ տնօրենը նշեց. «Ունենք երկու տեսակի դիմումներ. մի տեսակը վերաբերում է վերահաշվարկին, թվի խաչը ճանաչել-չճանաչելուն, իսկ դա նշանակում է` երեխան ստուգել է իր գնահատականը, սակայն ստացվել է այլ թիվ, որը չի համապատասխանում իր ստուգածի հետ, դիմում է գրել, որպեսզի կատարվի վերահաշվարկ: Մի դեպքում երեխան հնարավոր է սխալ հաշված լինի, մյուս դեպքում, կարող է իր գրած թվերը համակարգիչը սխալ է ճանաչել, օրինակ` նման թվեր կան` 3-ն ու 8-ը, 7-ն ու 1-ը: Այս պարագայում թեստը նայվում է, եւ եթե ամեն ինչ հօգուտ երեխայի է, միավորներն էլ փոխվում են հօգուտ նրա: Դիմումներ էլ կան, որ ավելի շատ խնդրանքներ են. Երեխաները նշում են, որ վատ են զգացել, բայց ամաչել են դիմել բժշկի: Արդյունքը ցածր է եղել, խնդրում են նորից քննություն հանձնել: Որպես կանոն նման դիմումները քննարկում է բողոքարկման հանձնաժողովը: Բայց քանի որ չկա որեւէ հավաստող փաստաթուղթ, որ այդպես է եղել, նման դիմումներն անհատական չեն նայվում, ընդհանուր բոլորի համար էլ մերժվում է: Եթե երեխան վատ է զգացել, գոնե մեկ անգամ պետք է այցելած լիներ կենտրոնի բժշկին եւ կազմվեր արձանագրություն: Այլ տեսակի բովանդակային, ընթացակարգային դիմումներ չեն եղել»,- նշեց պարոն Իսպիրյանը:

Քննությունների արդյունքների մասին էլ տեղեկացրեց: Ըստ այդմ, Հայոց պատմություն առարկայի քննությանը մասնակցել է 1167 դիմորդ` 1268-ից, Հայոց պատմությունից միջին միավորը եղել է 12,1, անբավարար ստացել է 16,5 %-ը, առավելագույն միավոր ստացել է 35 դիմորդ: Քիմիա առարկայից քննությանը մասնակցել է 958 դիմորդ` 1028-ից: Քիմիայի միջին միավորը եղել է 13,14, անբավարար ստացել է 15,5%-ը, 20 միավոր ստացել է 44 դիմորդ:

ԳԹԿ տնօրենը փաստում է, որ այս պատկերը էապես չի տարբերվում նախորդ տարվա արդյունքներից:

«Քննական գործընթացն անցել է խաղաղ, որեւէ խնդիր չի եղել, ունեցել ենք 6 հեռացման դեպք, բոլորն էլ վերաբերում էին հեռախոսների կամ լսողական սարքերի առկայությանը եւ օգտագործմանը քննության ժամանակ»,-ասաց մեր զրուցակիցը:

Նա տեղեկացրեց նաեւ, որ հունիսի 24-ից մեկնարկում է երկրորդ փուլի դիմում-հայտերի ընդունման գործընթացը, որը կտեւի մինչեւ հուլիսի 1-ը: Իսկ հուլիսի 2-ից կսկսվեն երկրորդ փուլի քննությունները` ներառյալ հուլիսի 8-ը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930