ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն օրերս հյուրընկալվել է «Արարատ» հեռուստաընկերության «Հայլուր» լրատվականին, որի շրջանակներում խոսել է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման, սոցիալական աշխատողի ինստիտուտի դերի և սոցիալական ծառայությունների տեղեկատվական համակարգերի գործարկման մասին:
Նախարարի խոսքով, ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգը հնարավորություն է տալու անցում կատարել առավել նախաձեռնողական սոցիալական ծրագրերի իրականացմանն ու քաղաքականությանը: Բոլոր սոցիալական ծառայություն մատուցող մարմիններին մեկ տանիքի տակ հավաքելու նպատակն այն է, որ քաղաքացին սխալ դուռ չթակի և դիմելով մեկ միասնական ընդունարան, ներկայացնելով մեկ դիմում՝ կարողանա ստանալ իր բոլոր հարցերի լիարժեք պատասխաններն ու գնահատված կարիքին համապատասխան սոցիալական ծառայությունները:
«Սոցիալական ծառայությունների մատուցման հիմքում դրվում է քաղաքացու պահանջարկը, ինչի արդյունքում էլ պետք է անցում կատարվի գնահատված կարիքների հիման վրա տրամադրվող սոցիալական ծառայությունների մատուցմանը: Քաղաքացին ամբողջությամբ տեղեկություն չունենալով տարբեր սոցիալական ծրագրերի, տարբեր կարիքների դեպքում առաջարկվող սոցիալական ծառայությունների մասին՝ չունի հնարավորություն ներկայացնելու, թե ինչ է իրեն անհրաժեշտ և որն է իր պահանջարկը: Այսինքն, եթե համակարգը դիտարկենք քաղաքացու տեսանկյունից, ապա կունենանք ավելի հասցեական, ավելի մատչելի սոցիալական ծառայություններ, իսկ նախարարության քաղաքականության տեսանկյունից դիտարկելու պարագայում՝ կունենանք ռեսուրսների օպտիմալացում, մեկ դրամի համար առավելագույն արժեքի ապահովում: Այս առումով, կարծում եմ, պետության, պետական կառավարման մարմնի և քաղաքացու շահերը միանշանակ համընկնում են»,- նշել է Արտեմ Ասատրյանը:
Անդրադառնալով սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացմանը, այստեղ նախարարը կարևորել է սոցիալական աշխատողի դերակատարումը, ով պետք է իրականացնի բազմակողմանի կարիքների գնահատում, ճիշտ ախտորոշի և կարողանա ցույց տալ այն ուղղությունը, որը կօգնի քաղաքացուն դուրս գալ կյանքի դժվարին իրավիճակից և ստանալ իր կարիքին համապատասխան աջակցություն:
«Մենք պետք է ունենանք համայնքային սոցիալական աշխատողներ, ինչպես որ ամբողջ աշխարհում է, քանի որ համայնքն է ի վերջո քաղաքացիներին ծառայություններ մատուցողը, և վերջիններս պետք է իրականացնեն ամենատարբեր կարիքներով ուսումնասիրություններ, այցելություններ բնակարաններ, ինչպես նաև պետական և ոչ պետական մարմիններին ներկայացնեն քաղաքացու իրավունքները»,- նկատել է նախարարը:
Ամբողջապես ինտեգրված սոցիալական ծառայություններ ունենալու գործում վերջինս կարևորել է նաև տեղեկատվական մակարդակում ինտեգրումը. «Եթե մենք ունենք տարբեր տեղեկատվական շտեմարաններ, ապա քաղաքացին պարտադրված պետք է գնա մեկ այլ մարմնից տեղեկանք բերի և ներկայացնի այն մարմնին, որն իր իրավունքը պիտի իրացնի, իսկ երբ ունենանք միասնական տեղեկատվական համակարգ, որտեղ կլինի քաղաքացու կամ ընտանիքի վերաբերող ցանկացած տեղեկատվություն, ապա այս պարագայում մենք կբացառենք քաղաքացու կողմից լրացուցիչ ջանքերի գործադրումը, որպեսզի իրեն վերաբերող տեղեկատվություն ներկայացնի»,-նշել է Արտեմ Ասատրյանը:
Հարցին, թե երբ համակարգը կսկսի լիարժեք գործել, նախարարը պատասխանել է, որ ամենը կախված է առաջին հերթին տեղեկատվական համակարգի ամբողջական ձևավորումից, ինչը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2019թ., և դրա առկայության դեպքում միայն, կարելի կլինի ասել, որ ունենք լիարժեք գործարկված ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգ: