Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս անվճար սովորել Գերմանիայում, նաեւ աշխատել (Տեսանյութ)

Հունիս 23,2017 15:17

Գերմանիայում ուսանելու ինչպիսի՞ հնարավորություններ կան հայ ուսանողների համար: Այս թեմայով «Առավոտը» զրուցել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության մշակույթի, մամուլի, զարգացման համագործակցության բաժնի ներկայացուցիչ Աննեմարի Քուլմանի եւ Հայաստանում Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության` DAAD-ի տեղեկատվական գրասենյակի ղեկավար Սիլվիա Շմիդի հետ:

Տիկին Շմիդը նշեց, որ Գերմանիայի բուհական համակարգում սովորում է 2,5 մլն ուսանող, որից 12%-ը արտասահմանցիներ են:

Աննեմարի Քուլմանն էլ ավելացրեց, որ այն ուսանողները, որոնք դեռեւս չգիտեն, թե ինչպես ուսանել Գերմանիայում, առաջին հերթին իրենց հարցերն ուղղում են Հայաստանում Գերմանիայի դեսպանություն:

«Մենք իրենց ուղղորդում ենք բուհական հարցերում մասնագիտացված ծառայության` Հայաստանում Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության` DAAD-ի գրասենյակ»,-ասաց նա:

Տիկին Քուլմանը հավելեց, որ եթե որեւէ մեկի ուսումնառությունը տեւում է 3 ամսից ավելի, ապա նա Գերմանիայի ազգային վիզայի համար կարող է դիմել մեկնման ծրագրած ամսաթվից 3 ամիս առաջ: Իսկ ազգային վիզայի դիմումը մշակվում է 3-4 շաբաթվա ընթացքում:

Մանրամասները` տեսանյութում

Սիլվիա Շմիդը հայտնեց, որ ուսումնառությունը Գերմանիայի բուհերում ընդհանուր առմամբ անվճար է, բայց կան նաեւ վճարովի դասընթացներ: DAAD-ն ունի տեղեկատվական շտեմարան, ինչպես նաեւ բրոշյուրներ է թողարկում, որտեղ ուսանողները կարող են համապատասխան տեղեկատվություն ստանալ այս կամ այն բուհի ցանկացած ֆակուլտետում սովորելու մասին:

«Ինչպես արդեն նշեցի, հիմնականում ուսումն անվճար է, սակայն կան որոշ մագիստրոսական ծրագրեր, որտեղ վարձավճար կարող է պահանջվել. օրինակ, իրավագիտության ոլորտում կան այդպիսի դասընթացներ:

Կան նաեւ անգլերենով մատուցվող ուսումնառության հնարավորություններ Գերմանիայում, իսկ միջազգային դասընթացներում սովորելու համար, հիմնականում, չի պահանջվում վարձավճար։ DAAD-ի տեղեկատվական շտեմարանի միջազգային ծրագրեր բաժնում կա 824 անգլիալեզու մագիստրոսական դասընթաց, որոնցից 524-ը, այսինքն՝ մոտավորապես 2/3-ը, առանց վարձավճարի են»,-հայտնեց մեր զրուցակիցը:

Մանրամասները` տեսանյութում

DAAD –ն ուսանողներին առաջարկում է ամառային դասընթացներ, բուհավարտներին՝ մագիստրոսական կրթաթոշակներ, այն ֆինանսավորում է նաև ամբողջական ասպիրանտական կրթությունը՝ PhD-ն, ինչպես նաև գիտահետազոտական կրթաթոշակներ է տրամադրում երիտասարդ հետազոտողներին և փորձառու գիտնականներին:

Գերմանիայում ուսանելու եւ հետազոտելու համար տեղեկություններ հնարավոր է ստանալ www.daad.am, www.daad.de, www.study-in.de, www.inobis.de, www.make-it-in-germany.com եւ այլ կայքէջերից: Միայն 2016 թվականին DAAD-ի կողմից ֆինանսավորում է տրամադրվել թվով 300 դիմորդի Հայաստանից, նրանցից 60-ը ստացել են DAAD անհատական կրթաթոշակ:

Ի՞նչ մասնագիտություններ են հետաքրքրում հայ ուսանողներին Գերմանիայում

Սիլվիա Շմիդի խոսքով, հիմնականում հայաստանցի ուսանողները հետաքրքրված են տնտեսագիտություն, ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, իրավագիտություն եւ բժշկագիտություն մասնագիտություններով: Ընդ որում, Սիլվիա Շմիդի հավաստմամբ, տնտեսագիտության եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների համար եւ հետաքրքրությունն է մեծ, եւ հնարավորությունները: Հատկապես մագիստրոսական ուսումնառության մասով, հայ ուսանողները կարող են նաեւ անգլերենով սովորել, իսկ իրավագիտություն եւ բժշկագիտություն` հիմնականում գերմաներենով:

Պարզեցինք, որ Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ կա նաև բուհական համագործակցություն՝ մի քանի շաբաթվա գիտական կամ ուսումնական փոխանակության հնարավորությամբ։ Գոյություն ունի համագործակցություն, օրինակ, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական եւ Հալե-Վիթենբերգի համալսարանների միջեւ` գերմանագիտության ոլորտում, կա համագործակցություն Հայաստանի ազգային ագրարային համալսարանի եւ Գերմանիայի Վայհենշտեֆան-Թրիսդորֆ համալսարանի միջեւ` ագրարային կառավարման ոլորտում:

«Գերմանիայում ոչ կյանքն է թանկ, ոչ էլ ուսման վարձերը բարձր»

«Գերմանիայում ոչ կյանքն է շատ թանկ, ոչ էլ գոյություն ունեն կրթության բարձր վճարներ` ի տարբերություն որոշ այլ եվրոպական երկրների: Դրա համար էլ Գերմանիան կենսապայմանների եւ ուսման վճարների բացակայության պատճառով գրավիչ երկիր է։ Անշուշտ, նաեւ գումար եւ աշխատանք է պետք, որպեսզի ուսանողը կարողանա գոյատեւել: Գերմանիան օտարերկրացի ուսանողներին տալիս է աշխատանքի հնարավորություն, մի բան, որ հաճախ բացակայում է եվրոպական այլ երկրներում: Խոշոր քաղաքներում մշտապես կա աշխատանքի հնարավորություն: Ես կցանկանայի բոլոր հետաքրքրվողներին հրավիրել DAAD-ի երևանյան տեղեկատվական գրասենյակ, որտեղ անհատական խորհրդատվություն կմատուցենք բոլորին»,- ասաց Սիլվիա Շմիդը:

Նա նաև նշեց, որ հաջորդ տարվա ուսումնական ծրագրերին մասնակցելու համար ուսանողները պետք է սկսեն հետաքրքրվել արդեն այս տարվա օգոստոսի վերջից։

Աննեմարի Քուլմանից և Սիլվիա Շմիդից հետաքրքրվեցինք` արդյոք պահո՞ւմ են կապը Գերմանիայում սովորած հայ ուսանողների հետ:

Տիկին Շմիդը նշեց, որ գոյություն ունի Գերմանիայում, Շվեյցարիայում եւ Ավստրիայում, այսինքն` գերմանախոս երկրներում ուսանած հայ շրջանավարտների միություն, որն ունի 200 ակտիվ անդամ: Նրա ձեւակերպմամբ, մեծ է այդ երկրներում սովորած մարդկանց թիվը, բայց միության մեջ ակտիվ են 200-ը. «Այդ շրջանավարտներից շատերը աշխատում են հայաստանյան բուհերում եւ իրենց հերթին օգնում են այն ուսանողներին, որոնք ուզում են ուսումը շարունակել Գերմանիայում: Իմ ղեկավարից ես տեղեկացել եմ, որ գերմանախոս երկրների շրջանավարտների հայկական միությունը ամենաակտիվն է նախկին խորհրդային տարածքում»:

Աննեմարի Քուլմանը մեկ այլ կրթաթոշակային ծրագրի մասին էլ հիշեցրեց, որով հետաքրքրվում են քաղաքական ակտիվություն ունեցող հայ երիտասարդները. «Դա Գերմանիայի Բունդեսթագի կողմից տրվող Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ ծրագիրն է, որը տրամադրվում է 5 ամսով: Կրթաթոշակի շրջանակում կրթաթոշակակիրը հնարավորություն է ունենում անմիջականորեն աշխատել Բունդեսթագի խորհրդարականներից մեկի գրասենյակում` լինելով նրա անմիջական օգնականը: Այս ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել Հայաստանում եւ ներկայումս 30 հոգանոց շրջանավարտների միություն ունի։ 2018թ. Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ ծրագրին հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2017թ. հունիսի 30-ն է։ Բոլոր մանրամասները կան դեսպանության կայքում՝ www.eriwan.diplo.de»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարում` Սիլվիա Շմիդը (ձախից) եւ Աննեմարի Քուլմանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930