ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի համոզմամբ, Ադրբեջանի հետ չհայտարարված եւ անավարտ պատերազմը նվազեցնում է Հայաստանի ներդրումային գրավչությունը։
Այսօր «Փաստարկ» ակումբում անդրադառնալով ԱԺ հաստատած կառավարության նոր ծրագրին՝ պարոն Մինասյանը կարծիք հայտնեց, որ կառավարության ծրագրի հենքով Հայաստանը պետք է զարգանա, ինչ վերաբերում է ծրագրին դեմ քվեարկելու ընդդիմության քայլին՝ պարոն Մինասյանը հիշեցրեց, որ ԱԺ 64 պատգամավոր կողմ է քվեարկել ծրագրին, ապա կարծիք հայտնեց, թե ինչու է ընդդիմությունը դեմ քվեարկել. «Եթե ընդդիմությունն այս ծրագրին կողմ լիներ, ապա պետք է բացատրեր, թե ինքն ինչու է ընդդիմություն»:
Գագիկ Մինասյանը վստահեցրեց՝ Հայաստանը 2019 թվականին կունենա 100 տոկոսանոց ծրագրային բյուջետավորում, ինչի իրականացման ուղղությամբ իրականացվում են լայնամասշտաբ աշխատանքներ.
«ԱՊՀ երկրների շարքում մենք առաջինն ենք ունենալու ծրագրային բյուջետավորում, որն էլ ավելի է բարձրացնելու մեր հանրային ֆինանսների կառավարման արդյունավետությունը»:
Նա նաև կարեւորեց բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործման նկատմամբ խորհրդարանի վերահսկողությունը՝ նշելով, որ խորհրդարանում լայնածավալ աշխատանքներ են իրականացվում 2018 թ. ապրիլից շրջանառության մեջ դրված հաշվեքննիչ պալատի մասին օրենքի նախագիծը գործարկելու ուղղությամբ. «Հաշվապահական հաշվառման նոր ստանդարտների կիրառումը թույլ կտա, որ միջազգային հանրության և տնտեսավարող սուբյեկտների համար պարզ, հասկանալի ու թափանցիկ լինեն այն բոլոր հաշվապահական հաշվետվությունները, որոնք արվում են մեր կառավարման համակարգերում: Դրանք թույլ են տալիս բարձրացնել հանրային ֆինանսների կառավարման արդյունավետության մակարդակը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ