«Կառավարության գործունեության հիմնական հասցեատերը ՀՀ քաղաքացին է»,- այս կարծիքին է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը: Այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում խոսելով երեկ խորհրդարանի կողմից հավանության արժանացած ՀՀ կառավարության 2017-22 թվականների ծրագրի մասին, Խոսրով Հարությունյանը նկատեց`ցանկացած ՀՀ քաղաքացի ուզում է անվտանգ ապրել եւ հնարավորություն ունենալ իր հնարավորություններն ու գիտելիքներն օգտագործել: Նա կարծում է, որ կառավարության ծրագիրն այդ հնարավորությունը ՀՀ քաղաքացիներին ընձեռում է. «Մեր թիվ մեկ խնդիրն անվտանգության ապահովումն է եւ ծրագրի մի ողջ հատված դրան է վերաբերվում: Բայց մենք չենք կարող ունենալ լուրջ անվտանգային համակարգ, եթե չունենանք դինամիկ աճող տնտեսություն: Առանց տնտեսության չենք կարող ունենալ սպառազինության անհրաժեշտ չափով ապահովում եւ հակառակը»:
Մանրամասները`տեսանյութում
ՀՀԿ խմբակցության պատգամավորը վստահեցնում է` ներդրումները Հայաստան բերելու համար ծրագիրը լուծումներ տալիս է: Ծրագրում, ըստ նրա հստակ արտացոլված է. «ՀՀ-ի տնտեսական համակարգը ժամանակակից է ու ունակ է ադեկվատ արձագանքել ներդրողներին»:
Մանրամասները`տեսանյութում
Այս ծրագիրը Խոսրով Հարությունյանը համարում է հիմնականում բարեփոխումների ծրագիր, որը հիմք կդառնա առաջիկայում երկնիշ թվերով աճ ապահովելու համար: Նա համամիտ չէ ընդդիմադիր գործիչների հետ, որ ծրագիրը դեկլարատիվ բնույթի է: Ասում է`եթե կարդային`կտեսնեին`շատ կոնկրետ առաջադրանքներ եւ ժամկետներ կան սահմանված:
Կառավարության ծրագրում դրված հինգ տոկոս ՀՆԱ-ի աճը բավարա՞ր է դինամիկ աճ ապահովելու, առկա մարտահրավերներին դիմակայելու համար: Խոսրով Հարությունյանն ասում է`15 տոկոսն էլ բավարար չէ: Բայց, իր հավաստմամբ, խնդիր է դրված ներքին ռեսուրսները ճիշտ օգտագործել եւ հինգ տոկոս աճ ապահովելով հասնել մնացյալ գործոնների ապահովմանը:
Մանրամասները` տեսանյութում
Aravot.am-ի դիտարկմանը`բայց ինչպես ընդդիմադիր պատգամավորներից մեկն ասաց, վարչապետի խփած գոլերը դեռ չեն երեւում, ավելին, ինքնագոլեր են գրանցվել. ո՞րն է երաշխիքը, որ ծրագրում ամրագրվածը իրականություն կդառնա, Խոսրով Հարությունյանն այսպես արձագանքեց. «Նայեք 2017 թվականի առաջին հինգ ամիսների արդյունքները`24 տոկոս ներմուծման աճ, 21 տոկոս արտահանման աճ, ՀՆԱ-ի 6,4 տոկոս աճ: Սրանք խոսում են այն մասին, որ աշխուժություն կա, այն էլ այն դեպքում, որ երկու ընտրություն է եղել այդ ընթացքում, երբ որպես կանոն հանրությունն ու գործարար աշխարհը պասիվ են»:
Ինչո՞ւ քաղաքացին չի զգում դա իր վրա, հարցին էլ այսպիսի պատասխան հետեւեց. «Ներմուծումը կավելանա, երբ ներսում պահանջարկ կա, այն էլ վճարունակ պահանջարկ: Ի դեպ, այս ժամանակահատվածում նաեւ ավանդներն են աճել, միգուցե իրականում նաեւ տրանսֆերտներն ե՞ն աճել: Բայց եթե ներմուծումն աճում է, նշանակում է սպառումն է ավելանում, պահանջարկ կա»:
Հարցին`նկարված չե՞ն այդ թվերը, քանզի մենք թվանկարչության հարուստ փորձ եւ պատմություն ունենք, Խոսրով Հարությունյանն ասաց`չի կարծում, որ հնարավոր է տասնյակներ նկարել եւ օրինակ բերեց. «1800 մեքենա անցած տարվա նոյեմբերին ներկրվել է Հայաստան, բոլորն էլ իրացվել են: Մի բան ակնհայտ է`որակական փոփոխություն կա, մնացածը պետք է վերլուծել: Ես սրանք համարում են երաշխիք, մեկ ուրիշը`գոլ: Ի դեպ, այս ընթացքում դեռ ինստիտուցիոնալ փոփոխություններ չենք հասցրել իրականացնել: Միայն վարչարարությունն է կատարելագործվել»:
Մանրամասները` տեսանյութում
Անդրադառնալով «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների կողմից այս օրերին էլ անընդհատ թմբկահարվող 15 կետերին, բանախոսն ասաց. «Հարցրեք ցանկացած միջին որակի ցանկացած տնտեսագետի`արդյոք այդ կետերը համապատասխանո՞ւմ են մրցունակ տնտեսություն ունենալու պահանջներին: Իհարկե, ոչ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ