Հունիսի 23-ին Երեւանի Մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակում» բացվեց «Հայ հայրիկներ» և «Շվեդ հայրիկներ» խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդեսը: Ցուցահանդեսի նպատակն է պատկերել հոր՚ ոչ միայն ապրուստ ապահովողի ավանդական կերպարը:
«Հայ հայրիկներ» ցուցադրության նախաձեռնությունը պատկանում է Deem Communications PR նախագծի ստեղծագործական տնօրեն Րաֆֆի Նիզիբլյանին, որը ոգեշնչվել է շվեդ լուսանկարիչ Յուհան Բեւմանի «Շվեդ հայրիկներ» խորագրով ստեղծագործությունից:
Երեւանում բացված «Շվեդ հայրիկներ» խորագրով ցուցահանդեսը ներկայացնում է 25 շվեդ հայրիկների, որոնք իրենց բալիկներին խնամելու համար արձակուրդ էին վերցրել:
«Հայ հայրիկներ» և «Շվեդ հայրիկներ» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաեւ Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպանության գործերի հավատարմատար Մարտին Ֆրեդրիկսոնը: Նա կարեւորեց ցուցահանդեսի կայացումը, նաեւ նշեց, որ իրենց երկրում երեխայի ծնվելուց հետո 480 օր արձակուրդ է հասնում երկու ծնողներին:
«Հայ հայրիկներ» խորագրով ցուցահանդեսի լուսանկարների հեղինակը երկու երեխաների հայր Արեգ Բալայանն է: Նա պատկերել էր Երեւանում բնակվող հայ հայրերի:
Րաֆֆի Նիզիբլյանի խոսքով, լուսանկարչական ցուցահանդեսով կարելի է շատ բան ասել, իսկ պատկերված հայ հայրիկներն էլ ճարտարապետ են, բժիշկ, դիզայներ, ՏՏ եւ այլ ոլորտների մասնագետներ: «Հետաքրքիր էր ցուցահանդեսը մետրոյում կազմակերպելը, որովհետեւ մետրոյում շատ մարդիկ են լինում, իսկ ցուցահանդեսը նրանց մտածելու տեղիք կտա»,- ասաց Նիզիբլյանը:
«Հայ հայրիկներ» և «Շվեդ հայրիկներ» ցուցահանդեսը ավելի վաղ կազմակերպվել էր նաեւ Հայաստանի ազգային պատկերասրահում: Իսկ մետրոյում լուսանկարները կցուցադրվեն մինչեւ հուլիսի 8-ը: Միջոցառման աջակիցն է Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպանությունը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ