Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:
Գործադիրի ղեկավարը, նախ և առաջ անդրադարձել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից հավանության արժանացած կառավարության 2017-2022 թվականների ծրագրին, որով նախատեսված են յուրաքանչյուր ոլորտի զարգացման միջոցառումներն ու գործողությունները հստակ ժամկետներով: Հաշվի առնելով ծրագրի իրագործման փուլի մեկնարկը և կառավարության հանրությանը հաշվետվողականության քաղաքականությունը՝ վարչապետը հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարել է մեկամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել 2017-2022 թվականների համար կառավարության ծրագրից բխող միջոցառումների ցանկ՝ հստակ սահմանելով պատասխանատուներին և կատարման ժամկետները՝ եռամսյակային կտրվածքով։ Ցանկում ներառված միջոցառումների կատարողականների ընթացքի վերաբերյալ ևս եռամսյակային կտրվածքով պետք է ներկայացվի տեղեկատվություն կառավարության աշխատակազմ: Վարչապետը հանձնարարել է երկշաբաթյա ժամկետում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ 2017 թվականի ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին կառավարության որոշման մեջ, 1-ին կետով սահմանված պահանջը կատարելուն պես տեղեկատվությունը տրամադրել հանրությանը: «Մեր աշխատանքը ռեստարտ ենք տալիս, աշխատում ենք նույն ռեժիմով՝ շաբաթական վեցօրյա նվազագույն աշխատանքային ռեժիմ, և ադապտացնում ենք ծրագիրը նախկին միջոցառումներին»,- նշել է Կարեն Կարապետյանը:
Կառավարության անդամներն ըստ ոլորտների կներկայացնեն առաջին կիսամյակի գործունեության հաշվետվությունը
Վարչապետի հաջորդ հանձնարարականը վերաբերել է կիսամյակային հաշվետվություններին: Հաշվի առնելով, որ ավարտին է մոտենում 2017 թվականի կառավարության նախաձեռնած միջոցառումների և գերակա խնդիրների կատարման առաջին կիսամյակը, ինչպես նաև Ազգային վիճակագրական ծառայության կողմից կիսամյակային վիճակագրական տվյալների առաջիկայում ակնկալվող ամփոփման գործընթացը՝ Կարեն Կարապետյանը հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարել է մինչև սույն թվականի հուլիսի 28-ը ամփոփել և կառավարության աշխատակազմ ներկայացնել ըստ ոլորտների կիսամյակային տվյալների հաշվետվություններ, մասնավորապես՝ կառավարության իրականացրած միջոցառումների և գերակա խնդիրների կատարման, ներգրավված ներդրումների վերաբերյալ, միաժամանակ հաշվի առնելով և վերլուծելով Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալները: Վարչապետը հանձնարարել է 1-ին կետով սահմանված պահանջը կատարելուն պես տեղեկատվությունը տրամադրել հանրությանը: «Մենք պետք է ամփոփենք առաջին կիսամյակը, ինչ-որ նախագծել ենք՝ հստակ ձևակերպենք, ներկայացնենք՝ ինչ ենք կատարել, եթե կլինեն չկատարված բաներ նշենք, թե ինչու չենք կատարել և երբ ենք լրացնելու դրանք: Չնայած կարծում եմ, որ այդպիսի կետեր չպետք է լինեն»,- ասել է վարչապետը:
Արթիկի վթարային շենքի բնակիչների խնդիրը կքննարկվի վարչապետի մոտ
Վարչապետ Կարապետյանն անդրադարձել է Շիրակի մարզի Արթիկ քաղաքում բնակելի շենքի վթարման դեպքին և հետաքրքրվել իրավիճակի մասին: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշել է, որ շենքը գտնվում է Արթիկի 8-րդ թաղամասում: Տեղի է ունեցել քարաթափում, գիշերը ժամը 2-ին բնակիչները տարհանվել են, դեպքի վայրում է եղել է նաև մարզպետը: Այժմ բնակիչները տեղափոխվել են այլ բնակտարածքներ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն էլ տեղեկացրել է, որ տարհանումից հետո 11 ընտանիք վերադարձել է վթարված շենք, ինչը չի վերահսկվում ԱԻՆ-ի կողմից և վերադարձը, նախարարի խոսքով, ճիշտ չէ:
Վարչապետ Կարապետյանն առաջարկել է կառավարության նիստից հետո քննարկել հարցը՝ խնդրին լուծում տալու համար:
Գործադիրը հավանություն է տվել խոշոր ներդրումային նոր ծրագրի իրականացմանը ու ևս 4 ընկերության արտոնություն տրամադրել
Կառավարությունը հավանություն է տվել «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» ՍՊԸ-ների կողմից ներկայացված Նորագավիթ թաղամասին հարող տարածքում 110 հա կիսափակ ջերմոցային համալիրի և բորբոսով պանրի գործարանի կառուցման ներդրումային ծրագրերին: Ընկերությունների խնդրանքով այդ ծրագրի իրականացման համար անհատույց սեփականության իրավունքով Նորագավիթ թաղամասին հարող տարածքում առկա համայնքային սեփականություն հանդիսացող մոտ 163.2 հա հողամասը կօտարվի: Նախատեսվում է ավելի քան 200 մլն դոլարին համարժեք դրամի ներդրում, որի հաշվին մինչև 2020 թվականը ամայացած 110 հա հողամասի վրա կկառուցվի կիսափակ ջերմատնային տնտեսություն և տարեկան 1000 տ արտադրողականությամբ բորբոսով պանրի գործարան, որը հնարավորություն կտա ստեղծել ավելի քան 1300 մշտական աշխատատեղ, կընդլայնվի արտադրությունը, որը կնպաստի միջազգային շուկա արտահանման ծավալների ավելացմանը:
Կառավարությունը որոշել է բավարարել «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հայտը ՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար: Ակնկալվում է, որ արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար: Արդեն իսկ ընկերության կողմից իրականացվել է 44 մլրդ դրամի ներդրում, նախատեսված է ևս 180 մլրդ դրամի ներդրում: Նախատեսվում է ստեղծել 2 հազար նոր աշխատատեղ, 500 հազար դրամ միջին աշխատավարձով:
Գործադիրի համապատասխան որոշմամբ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» և «ԻՆՎԵՍԹՄԸՆԹ ՄԵԴԻԱ ԳՐՈՒՊ (ԱՅ-ԷՄ-ՋԻ)» ընկերությունները ևս կօգտվեն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:
Կառավարությունը երեք տարի ժամկետով հետաձգել է «Գրին էներջի կոնցեռն» ՍՊԸ-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2017 թվականի հուլիսի 15-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը, ներառյալ` ներմուծվող ապրանքների մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը: Ներդրումային ծրագրի շրջանակներում «Գրին էներջի կոնցեռն»-ի նպատակն է Վայոց ձորի մարզի Գետափ համայնքում կառուցել 3,9 մգվտ փոքր հիդրոէներգակասկադ, օգտագործելով նշված տարածքի գետերի պոտենցիալը` արտադրելով էլեկտրաէներգիա: Ծրագրի շրջանակում ընկերությունը կկատարի 2,28 մլրդ դրամի ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 747,7 մլն դրամ։
Տեսախցիկների արձանագրած խախտումներից ստացվող միջոցներն ուղղվում են զոհված ազատամարտիկների և զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ ԿԱ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության արտաբյուջետային ֆոնդի օգտագործման ուղղություն սահմանելու, ՀՀ 2017 թվականի պետական բյուջեում և կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի համապատասխան որոշման մեջ: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել է, որ որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրով զոհված, մահացած և հաշմանդամ զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման հանգամանքով: Նախարարի խոսքով, տվյալ որոշմամբ Ճանապարհներին տեղադրված տեսախցիկների արձանագրած խախտումների հետևանքով արտաբյուջե հավաքագրվող գումարների վերաբաշխում է կատարվում, որով լուծվում է զոհված ազատամարտիկների և զինծառայողների անօթևան ընտանիքների, ինչպես նաև առաջին կարգի հաշմանդամ զինծառայողների անօթևան և բարելավման կարիք ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրները: Նախարարի խոսքով, յուրաքանչյուր տարի ՀՀ կառավարությունը բյուջետային ծրագրով այս հարցը լուծում է 500 մլն դրամի շրջանակում, այս փոփոխությյամբ, կատարելով ՀՀ Նախագահի հանձնարարականը, նշված բոլոր ընտանիքների բնակարանային խնդիրը կլուծվի: Հաջորդ տարի ծրագիրը կուղղվի երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողների խնդիրների լուծմանը:
Նախատեսվում է նաև Զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Մհեր Արմենի Պետրոսյանի բուժումը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում շարունակելու նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Պաշտպանության նախարարությանը հատկացնել 8 մլն 323.4 հազ. դրամ:
Պետական մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկն ընդլայնվում է
Կառավարությունը որոշում է կայացրել ընդլայնել պետական մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկը՝ դրանում ընդգրկելով «Արարատբանկ» ԲԲԸ-ին: Ներկայումս նշյալ օպերատորները վեցն են՝ «ՀԱՅՓՈՍՏ»-ը, «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ»-ը, «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ»-ը, «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ»-ը, «Անելիք բանկ»-ը, «Հայէկոնոմբանկ»-ը: Կարևորելով օպերատորների դերն ու նշանակությունը պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունները քաղաքացիներին և իրավաբանական անձանց առավելագույնս մատչելի դարձնելու տեսանկյունից՝ անհրաժեշտություն է առաջանում ընդլայնել օպերատորների ցանկը: Մինչ տարեվերջ նախատեսվում է հանրապետության բոլոր քաղաքներում բացել համապատասխան գրասենյակներ, շարունակաբար ընդլայնել մատուցվող ծառայությունների ցանկը և սկսել դրանք մատուցել նաև էլեկտրոնային համակարգով, այդ թվում՝ բջջային հեռախոսի միջոցով անձին նույնականացնելով: Քաղաքացին կկարողանա ծառայությունը ստանալ նաև սեփական համակարգչի միջոցով:
Անդրադառնալով նախաձեռնությանը՝ վարչապետը նշել է. «Կարծում եմ երկու գործը զուգահեռաբար պետք է անենք, քանի որ կան քաղաքացիներ, ովքեր չունեն համակարգիչ: Այս ծառայությունների վերաբերյալ մինչև տարեվերջ ինտենսիվ պետք է տեղեկատվություն տրամադրել, կարծում եմ՝ մեր քաղաքացիների մեծ մասը դեռևս լավ չի պատկերացնում, թե մենք ինչ ծառայությունների մասին ենք խոսում»: Վարչապետն ավելացրել է, որ պետության կողմից մատուցվող 140 ծառայություններից ամենապահանջվածները՝ մոտ 70-ը , տրամադրվում են վերը նշված օպերատորների կողմից:
Գործադիրը ՀՀ, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից հատկացվող ֆինանսական օժանդակության շրջանակներում՝ ՀՀ-ում ընտրական գործընթացների աջակցության ծրագիրը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից համակարգելու նպատակով ծախսերը համաֆինանսավորելու համար հատկացրել է 250 հազ. եվրոյին համարժեք դրամ:
Կառավարությունը հաստատել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2017/2018 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ ընդունելության տեղերը: Որոշման ընդունումը հնարավորություն կընձեռի ուսումնական հաստատություններում մրցութային կարգով անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) տեղերում ընդունել բարձր միջոցով առաջադիմություն ունեցող դիմորդներին և պատրաստել աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագետներ: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ միջին մասնագիտական կրթական համակարգը գտնվում է լուրջ բարեփոխումների ընթացքում, որոնք իրականացվում են եվրոպական դրամաշնորհային ծրագրերի աջակցությամբ: Կարեն Կարապետյանը կարևորել է միջին մասնագիտական կրթական համակարգի զարգացումը և նշել. «Մենք այսօր բազմաթիվ գերակա ոլորտներում՝ ՏՏ, թեթև արդյունաբերություն և այլն, ունենք մասնագետների պակաս: Հանդիպումների ժամանակ բիզնեսի ներկայացուցիչները իրենց պատրաստակամությունն են հայտնել ներդրումներ կատարել այս ուղղությամբ: Մեր կրթական համակարգը շուկայի պահանջներին դեռևս շատ վատ է արձագանքում: Համապատասխան գերատեսչությունների հետ պետք է հստակ ձևակերպել շահառուներին և մեր գործընկերներին, ովքեր պատրաստ են մասնակցել ծրագրում, որպեսզի իրականում այս ոլորտում կատարենք փոփոխություններ»: Վարչապետը հանձնարարել է բոլոր գերատեսչությունների ղեկավարներին ըստ ոլորտների ձևակերպել աշխատուժի պահանջարկը, տեղեկատվությունն ամփոփել Կրթության և գիտության նախարարությունում և, ըստ այդմ, տալ լուծումներ: «Մասնագետների պակասի պատճառով նվազում է նաև աճի հաճախակի: Դա վերաբերում է ¨ë ֆերմերությանը, և´ թեթև արդյունաբերությանը, ՏՏ-ին և մյուս ճյուղերին: Արդյունավետության բարձրացման համար պետք է ունենանք որակյալ աշխատուժ, որին պետք է պատրաստել արագընթաց կուսերի միջոցով»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:
Հայաստանն Իտալիայի և Ուզբեկստանի հետ դյուրացնում է տրանսպորտային փոխադրումների ոլորտում համագործակցությունը
Կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության կառավարությունների միջև «Ուղևորների և բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին» 1999 թվականի օգոստոսի 7-ի համաձայնագրում լրացում կատարելու մասին արձանագրության կնքման առաջարկությանը: Երկու պետությունների տարածքներով կամ այդ տարածքներով տարանցմամբ իրականացվող բեռների ավտոտրանսպորտային փոխադրումները հեշտացնելու և կարգավորելու նպատակով` անհրաժեշտություն է առաջացել համաձայնագրի 11-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ կետով. «4. Համակցված շարժակազմով բեռների փոխադրում կատարելիս պայմանավորվող կողմի տարածքում թույլատրվում է կցորդի կամ կիսակցորդի փոփոխություն, որը հաշվառված է պայմանավորվող կողմերի տարածքներից մեկում»: Իրականացվող փոփոխության նպատակը փոխադրումների ժամանակը և ծախսերը կրճատելն է, որի արդյունքում կբարձրանա փոխադրումների արդյունավետությունը: Փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները պայմանավորվող կողմի տարածքում, առանց սպասելու բեռնաթափմանը, կանջատեն կցորդը կամ կիսակցորդը և կցելով այլ կցորդ կամ կիսակցորդ կշարունակեն փոխադրումը:
Հավանություն է տրվել նաև Հայաստանի և Ուզբեկստանի կառավարությունների միջև ուղևորների և բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Գործադիրը որոշում է կայացրել կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի «Ծանրաքաշ բեռներ փոխադրելու համար օգտագործվող կամ ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող կամ երկու և ավելի կցորդների հետ միասին ավտոգնացքի կազմում շահագործվող տրանսպորտային միջոցների երթևեկության կանոնները հաստատելու մասին» որոշման վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ: ՀՀ ավտոճանապարհներին սահմանված է ավտոտրանսպորտային միջոցների առավելագույն զանգվածի սահմանափակում, ինչը դեռևս արտացոլված չէ վերը նշված որոշման մեջ: Ընդունված նախագծով կանոնակարգվում է ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Արդյունքում կպահպանվի ավտոճանապարհների ծածկույթը և կնվազեն ճանապարհների վերականգնման ծախսերը:
Կառավարության օժանդակությամբ Մերձավան համայնքում կստեղծվեն ինտենսիվ այգիների տնկարաններ
Գործադիրը կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Արմավիրի մարզի Մերձավան համայնքում գտնվող 8.0 հա գյուղատնտեսական նշանակության պետական սեփականություն հանդիսացող հողամասը Գյուղատնտեսության նախարարության «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից հետ վերցնելու և 25 տարի ժամկետով «Ագրոինտեքս» ՍՊԸ-ին վարձակալության տրամադրելու որոշում է կայացրել: Ընկերությունն այդ տարածքում ինտենսիվ այգիների տնկարաններ ստեղծելու նպատակով պատրաստվում է իրականացնել 176,5 մլն.դրամի ներդրումային ծրագիր: Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով, որ ինտենսիվ այգեգործության զարգացումը և տեղական ցածրաճ տնկանյութի արտադրությունը ներառված է ՀՀ գյուղատնտեսության նախարարության 2017 թվականի գերակա խնդիրներում:
Կարեն Կարապետյանը կարևորել է ինտենսիվ այգիների տնկարանների հիմնման գործընթացը և հետաքրքրվել, թե նմանատիպ քանի տնկարանի անհրաժեշտություն կա:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ նման գնահատական դեռևս չկա, որովհետև դա կապված է այն բանից, թե որքան արագ մասնավորը կներգրավվի այդ գործընթացում: Նախարարը նշել է, որ եթե ներքին արտադրանքը չբավարարի, ապա չի բացառվում նաև տնկիների ներմուծումը: «Թե մասնավորը, որքան արագ կմտնի, դա էլ է մեզնից կախված: Հստակ ձևակերպել ենք նաև ներմուծումը սեփական արտադրությամբ փոխարինելու խնդիրը: Այդ հարցով զբաղվող մեր գործընկերները պետք է գնահատականներ տան, ներկայացնեն տնկարանների աշխարհագրությունը և նախապայմանները»,- նշել է վարչապետը:
Առաջարկվում է փոխել Սևանա լճից բացթողումների չափաքանակը
Գործադիրը հավանություն է տվել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ ընկած հողերի ոռոգման ջրապահովության դեֆիցիտը մասնակի մեղմելու/ջրապահովվածությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ: Անհրաժեշտ է փոխել օրենքով սահմանված ոռոգման նպատակով լճից 2017 թվականի բացթողման 170 մլն մ3 չափաքանակը՝ այն դարձնելով մինչև 270 մլն մ3, ինչը ունի համապատասխան հիմնավորումներ: Տնտեսական առումով, ակնկալվում է, որ լրացուցիչ մինչև 100 մլն մ3 ծավալով ջրբացթողման ավելացումը կբերի մեխանիկական ջրարտադրությունն ինքնահոսով փոխարինման արդյունքում էլեկտրաէներգիայի 1.2 մլրդ դրամ ծախսի տնտեսման: Մուլտիպլիկատիվ էֆեկտի առումով, ակնկալվում է, որ լճից մինչև լրացուցիչ 100 մլն մ3 ծավալով ջրբացթողնման ավելացումը, ըստ նախնական գնահատականների, հնարավորություն կտա Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգի ՀԷԿ-երում լրացուցիչ արտադրել ևս շուրջ 97 մլն կՎտ.ժամ էլեկտրաէներգիա: Ըստ մասնագետների գնահատականների, լրացուցիչ ջրբացթողումները լճի վրա բացասական ազդեցություն չեն ունենա: Նախագծի նպատակն է՝ ոռոգում իրականացնող կազմակերպությունների մոտ մեխանիկական ջրարտադրության փոխարինում ինքնահոսով և էլեկտրաէներգիայի մասով նոր պարտքերի չձևավորում: ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նախագիծը լրացուցիչ քննարկելու համար խնդրել է 2 օր ժամանակ, ինչի առնչությամբ Կարեն Կարապետյանը, մասնավորապես, ասել է. «Կոմիտեներին և նախանիստերին Դուք քննարկելու ժամանակ ունեիք: Ասել ենք, որ այդ պրակտիկան դադարեցրեք, խիստ անհրաժեշտ դեպքերում դա արեք: Մենք մի օր պետք է դա դադարեցնենք: Մեկ օր Ձեզ ժամանակ»:
Կարեն Կարապետյանը Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանից հետաքրքրվել է՝ արդյոք Սևանա լճի մակարդակն ավելի առաջանցիկ տեմպերով է բարձրանում, քան կառավարության ծրագրով մինչև 2030 թվականը նախատեսված է և ստացել է դրական պատասխան: Կարեն Կարապետյանը նշել է, որ դա հնարավորություն է տալիս անհրաժեշտության դեպքում, պայմանավորված եղանակային, տնտեսական պայմաններով, կատարել լրացուցիչ ջրառ:
Մայրության նպաստ նշանակելու օրենքում կառավարությունը նոր հստակեցումներ է կատարում
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունված որոշումներից մեկում՝ պայմանավորված ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 2016թ. դեկտեմբերի 16-ի ՀՕ-223-Ն oրենքի ընդունմամբ: Նախագծով, վերը նշված օրենքին համապատասխան, սահմանվել է, որ օտարերկրյա քաղաքացի շահառուի մայրության նպաստ նշանակվում է, եթե նա հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ առնվազն երեք տարի (36 ամիս) անընդմեջ հաշվառված է ՀՀ բնակության վայրի հասցեով: Այլ շահառուների դեպքում պահանջվում է միայն ՀՀ հասցեով հաշվառվելը: Նախագծով հստակեցվել են նաև Արցախի Հանրապետության բժշկական կազմակերպությունում նախածննդյան հսկողության կանգնած կամ ծննդաբերած շահառուի` մայրության նպաստի իրավունքն իրացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը (Արցախի Հանրապետության բժշկական կազմակերպության տված ծննդօգնության պետական հավաստագիրը կամ դրա պատճենը, եթե դիմումը ներկայացվել է երեխայի ծնվելուց հետո): Ընդ որում, այս դեպքում մայրության նպաստ նշանակվում է, եթե շահառուին Արցախի Հանրապետությունում մայրության նպաստ չի նշանակվել: Հստակեցվել են նաև տարածքային բաժնի կողմից մայրության նպաստ նշանակելը մերժելու հիմքերը:
***
ՀՀ կառավարությունն ընդունված որոշմամբ առաջարկել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին 2017 թվականի հուլիսի 4-ին՝ ժամը 10:00-ին, գումարել ԱԺ արտահերթ նիստ:
Նիստի ավարտին վարչապետ Կարապետյանը ևս մեկ անգամ անդրադարձել է կառավարության գործունեության ծրագրին և նշել. «Մենք հայտարարել ենք, որ հստակ գիտենք՝ ինչն է պետք փոխել: Դա մանրամասն ըստ ոլորտների ձևակերպված է: Մենք հայտարարել ենք, որ հեշտ ճանապարհ չենք ընտրել, բայց միանշանակ ընտրել ենք ճանապարհ, որը մեր քաղաքացու կյանքի որակը փոխելու է: Խնդրում եմ՝ շատ պատասխանատու, ինտենսիվ մեր այսօրվա հանձնարարականներն ադապտացնել տեղերում և նույն տեմպով աշխատել»:
ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն