Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ր հարցերում են «Երկիր Ծիրանիից» դուրս եկած անդամները համագործակցելու ՀՀԿ-ի եւ Տարոն Մարգարյանի հետ

Հունիս 23,2017 14:25

«Եթե մարդիկ չկշռադատված, անհիմն ինչ-որ հայտարարություններ անելով , սկանդալային ոճ որդեգրելով մտածում են, որ կարելի է քաղաքական հարցեր լուծել, դա իմ համոզմամբ, իմ կարծիքով, միայն բացասական էֆեկտի է բերելու»,- այսօր «Հայացք» ակումբում Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը լքած Մնացական Պարակշիեւն այսպես Փոստանջյանի ղեկավարած կուսակցությունը համարեց քաղաքական մշակույթից զուրկ:

«Երկիր Ծիրանի» խմբակցությունը լքած Հայկ Պետրոսյանն ու Պարակշիեւը, որպես խմբակցության մյուս անդամների հետ իրենց տարաձայնությունների պատճառ նշում էին այն, որ Փոստանջյանը էմոցիոնալ ոճ է որդեգրել, որին իրենց համամիտ չեն:

Aravot.am-ը հարցրեց՝ պարոն Պարակշիեւը 2013-ից «Ժառանգության» անդամ է եղել, շատ լավ ճանաչել է Զարուհի Փոստանջյանին, ձեզ համար նորությո՞ւն էր, որ Փոստանջյանը էմոցիոնալ մարդ է եւ այդպիսի լուծումներ է տեսնում: Երբ շապիկները հագնում եւ գնում էին «Անի», Հանրապետության հրապարակի կենտրոնում քարոզարշավ էին անում, դուք իր կողքը այդ ժամանակ կանգնած էիք, էմոցիոնալ լուծումներ չէին դրանք, հենց մանդատը ստացաք՝ դարձան էմոցիոնա՞լ՝ Հայկ Պետրոսյանը պատասխանեց. «Իսկ ինչքանո՞վ է նորություն մեր գործելաոճը, որ մենք բանիմաց ենք, սառնասիրտ ենք եւ հետեւողական ենք, քարոզարշավի ընթացքում 4 շաբաթ անընդմեջ եղել են հարցազրույցներ: Ինչը վերաբերում է Անի այցելությանը, դա էմոցիոնալ չէր, ուներ կոնկրետ նպատակ, թե ինչ է տեղի ունենում, երբ լինում է կոռուպցիա, բոլոր արատավոր երեւույթները չեն վերացվում: Դա զուգահեռ էր, որը մենք ուզում էինք անցկացնել»: Նա ասաց, որ քարոզարշավի առաջին իսկ օրվանից ոճի մասին տարաձայնություններ եղել են:

Մնացական Պարակշիեւն էլ ասաց. «Ես Զարուհուն գիտեմ շատ ավելի վաղ, ոչ 2013-ից: Ես ամենասկզբից, երբ նա ինձ հրավիրեց կուսակցություն, ես իմ դիրքորոշումն ասել եմ, իմ մոտեցումները, դա նորություն չէր: Ես համարել եմ, որ նորմալ է, որ կուսակցության ներսում լինեն տարաձայնություններ, տարբեր կարծիքներ, ներկուսակցական դեմոկրատիան էլ է կարեւոր»:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ ողջ քարոզարշավի ընթացքում «Երկիր Ծիրանին» ասում էր՝ ՀՀԿ-ականները թալանչի են, թալանել են, Տարոն Մարգարյանը կոռումպացված է, հիմա դուք չեք բացառում ՀՀԿ-ի հետ համագործակցությունը, սա ո՞նց հասկանանք՝ Հայկ Պետրոսյանը պատասխանեց. «Շատ պարզ: Եթե ես վաղը օրինագիծ առաջ տանեմ, որով կկրճատեմ Տարոն Մարգարյանի տեղակալներից 7-ից 3-ին, եթե ես մեղադրանք առաջ քաշեմ, որ առաջին կարգի մասնագետին աշխատանքից ազատեն, այս վարչության պետին ազատեն՝ իրենց աշխատանքը ոչ պատշաճ կատարելու համար, եթե ՀՀԿ-ն որոշի կողմ քվեարկել դրան, ես չեմ իրենց հետ համագործակցում, ես ձեզ վստահեցնում եմ՝ իրենք են ինձ հետ համագործակցում, կապ չունի քանակային հարցը: Եթե իրենք առաջ քաշեն այդ հարցերը, ես, այո, կողմ կլինեմ, որ չաշխատող վարչության պետն աշխատանքից ազատվի, որ քաղաքապետարանի կաշառակեր աշխատողը գնա բանտում նստի, կողմ կքվեարկեմ: Եթե դրանից հետո ինչ-որ մեկը ինձ ասի, որ ես ՀՀԿ-ի հետ համագործակցում եմ, ես վեր կկենամ ու կասեմ՝ այո, համագործակցում եմ, որովհետեւ կաշառակերին նստեցնում եմ բանտ: Եթե մենք անընդհատ դեմ խոսենք, բայց տակից կողմ լինենք այն երեւույթներին, որոնք հայտարարվում են, ապա կապ չունի, դու դառնում ես իշխանություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930