Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Դավաճան» որակված «Երկիր Ծիրանիի» անդամները որոշել են դուրս գալ խմբակցությունից՝ մանդատը պահելով

Հունիս 23,2017 14:19

Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները՝ Հայկ Պետրոսյանը եւ Մնացական Պարակշիեւը, որոնց խմբակցության որոշմամբ մեղադրել էին երեւանցու շահերը դավաճանելու եւ կուսակցության գաղափարախոսությունից, սկզբունքներից շեղվելու մեջ, այսօր «Հայացք» ակումբում ասուլիս էին հրավիրել:

Նրանք հայտարարությամբ հանդես եկան. «Քարոզարշավի ընթացքում մենք խոսել ենք մեր տեսանկյունից մայրաքաղաքի համար կարևոր բազմաթիվ խնդիրների մասին, որոնցից են՝ հատկացված միջոցների արդյունավետ օգտագործումը, ծախսերի թափանցիկությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, մանկապարտեզներում հերթագրման խնդիրը, տրանսպորտի խնդիրների համալիր լուծումը, շինարարության կարգավորումը, դպրոցների և այլ կրթական հաստատությունների ապաքաղաքականացումը, գովազդային բեռի թեթևացումը, քաղաքի էկոլոգիական չափանիշների բարձրացումը, սննդի վաճառքի պայմանների բարելավումը և վերահսկողությունը։ Ելնելով վերոնշյալից, մենք գտնում ենք, որ այն գործելաոճը, որը մեզ չակերտավոր ասված առաջարկվում էր, խոչընդոտելու էր Երևանի ծրագրի իրականացմանը։ Երբ մենք պայքարում ենք այնպիսի արատավոր երևույթների դեմ, ինչպիսին են ցինիզմը, մեծամտությունը, անհանդուրժողականությունը, իրականության զգացողության իսպառ բացակայությունը, շատ կարևոր է, որպեսզի մենք ինքներս չդառնանք այդպիսին և լինենք բաց՝ բազմակարծությանը և առողջ քննադատությանը»:

Պարակշիեւն ու Հայկ Պետրոսյանը նշեցին՝ «Երկիր Ծիրանի» կուսակցության հայտարարությունից և անհիմն մեղադրանքներից հետո մենք բաց ենք եղել հետագա երկխոսության և խնդիրների հարթման համար, ինչի մասին խոսել ենք հարցազրույցների ժամանակ, սակայն մինչ այժմ ոչ մի արձագանք չենք ստացել։ Ուստի, որոշել ենք դուրս գալ խմբակցությունից, իսկ Մնացական Պարակշիևը նաև կուսակցության խորհրդից, կուսակցությունից և կուսակցության հիմնադիրների ցանկից։ Մենք շարունակելու ենք պաշտպանել երևանցու շահերը և իրականացնել Երևանի ծրագիրը, որպես անկախ ավագանու անդամներ»:

Նրանք հայտարարեցին, որ մոտ ժամանակներս չեն պատրաստվում ստեղծել կուսակցություն, կամ միանալ որևէ կուսակցության. «Մենք դրսևորելու ենք ակտիվ քաղաքական կեցվածք։ Բաց ենք լինելու համագործակցության համար քաղաքական անձանց և ուժերի հետ, որոնք կիսում են մեր մոտեցումները։ Ստանալով քվե մեր քաղաքացիներից, մենք պարտավորված ենք զգում նրանց առջև և չենք կարող դավաճանել նրանց վստահությունը։ Մենք պարբերաբար հանդես կգանք մամուլում, կլինենք հաշվետու կատարած աշխատանքների համար»:

Հարցին՝ երբ ասում եք բաց եք համագործակցության համար, այլ խմբակցությո՞ւն եք մտնելու՝ Հայկ Պետրոսյանը պատասխանեց, որ աշխատելու են առանձին, որեւէ խմբակցություն առայժմ չեն մտնելու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930