Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքապետարանի աշխատանքը չի կարելի դարձնել թատրոն». «Երկիր Ծիրանիից» դուրս եկած անդամները՝ Փոստանջյանին

Հունիս 23,2017 14:09

Այսօր «Հայացք» ակումբում Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները՝ Մնացական Պարակշիեւն ու Հայկ Պետրոսյանը հայտարարեցին, որ դուրս են գալիս խմբակցությունից, Պարակշիեւը՝ նաեւ կուսակցությունից, որովհետեւ կուսակցական էր:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ Դուք ի վերջո հասկացա՞ք, կանանց այդ վերաբերմունքը ձեր նկատմամբ ինչի՞ց էր գալիս, ինչո՞ւ ձեզ հորդորեցին լքել իրենց շարքերը՝ Հայկ Պետրոսյանը պատասխանեց. «Եկեք սեքսիզմի չվերածենք: Դա կարող է ուղղակի զուգադիպություն է, կանայք-տղամարդիկ պայքարը մի մտցրեք»:

Հայկ Պետրոսյանն ասաց, որ իրենք բաց են եկել համագործակցությանը, քննարկմանը, բայց «Երկիր Ծիրանին» այդպես էլ ընդառաջ չի գնացել:

Հայկ Պետրոսյանն ասաց, որ մինչ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ լինելը ինքը եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ, բայց 2016-ի նոյեմբերին իր դիմումի համաձայն դուրս է եկել: Իսկ Պարակշիեւը եղել է 2013-ից «Ժառանգության» անդամ, այնուհետեւ «Երկիր Ծիրանիին» է անդամակցել՝ Զարուհի Փոստանջյանի առաջարկությամբ: Նրանք երկուսն էլ բացառեցին, որ կվերադառնան իրենց նախկին կուսակցություններ:

Մենք հարցրեցինք՝ «Երկիր Ծիրանին» ձեզանից պահանջում էր երեւանցու շահերը դավաճանելու համար մանդատը վայր դնել, դուք չե՞ք պատրաստվում դա անել՝ Հայկ Պետրոսյանը պատասխանեց, որ իրենց առաջարկել էին դիմում գրել եւ մանդատից հրաժարվել, բայց դա չեն անելու. «Ինձ առաջարկվեց, որ կարող եմ մտնել կուսակցություն, Պարակշիեւին էլ ասացին, որ կարող է շարունակել լինել կուսակցության մեջ: Հիմնական հարցադրումը մանդատը վայր դնելն էր»:

Ընդ որում, նրանք հակասություն են տեսնում՝ մի կողմից «Երկիր Ծիրանին» իրենց դավաճանության մեջ է մեղադրում, բայց չի պարտադրում կուսակցությունը լքել, բա դավաճաններին կուսակցության մեջ ո՞նց են հանդուրժում:

Մենք խնդրեցինք հստակեցնել՝ ամեն դեպքում ինչ-որ մութ բան կա այս պատմության մեջ, ի՞նչ եղավ, ստացվում է, որ մանդատը ստացաք ու ձեզ միայն մանդատն էր պետք, ի՞նչ կատարվեց ձեր մեջ, քարոզչության ընթացքում շատ լավ, ջերմ հարաբերություններ ունեիք՝ Հայկ Պետրոսյանը պատասխանեց. «Իրենց կողմից չեմ կարող բացատրություն տալ, մեր համար էլ էր անսպասելի այդպիսի կտրուկ մեղադրանքները: Իրենց դիմեք եւ փորձեք պարզաբանել»:

Հայկ Պետրոսյանը, որպես հիմնական պատճառ, նշեց հետեւյալը. «Կային ոճային տարբերություններ, մենք ուզում էինք հարցերին մոտենալ սառնասրտորեն, մեր առաջնային խնդիրը պետք է լիներ Երեւանի ծրագրի, խնդիրների իրականացումը, իսկ մեր մնացած գործընկերները կողմնակից էին էմոցիոնալ երանգներ հաղորդելով ամեն մի հարցին անընդմեջ, որն, ըստ մեզ, արդյունավետ չէր լինի»:

«Երկիր Ծիրանիի» անդամները վստահեցրին, որ տարաձայնություններ իրենց խմբակցության ղեկավարության հետ միշտ են ունեցել: Պարակշիեւի խոսքերով. «Քաղաքականությունը եւ քաղաքապետարանի աշխատանքը չի կարելի դարձնել թատրոն»:

Իսկ Հայկ Պետրոսյանի ներկայացմամբ, այն, ինչ ուզում է անել «Երկիր Ծիրանին», բուռն գործունեության իմիտացիա է կոչվում, իբր ինչ-որ աշխատանք ես անում, ոչ մի արդյունք չկա: Իսկ երբ արդյունք չկա, դա բերում է ժողովրդի հիասթափության:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930