ԱԺ «ԵԼՔ» դաշինքի պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը խորհրդարանի հաստատած կառավարության ծրագիրն այսպես է բնորոշում՝ «պետք է լավ լինի ՀՀ-ում, իսկ թե ինչպես՝ պարզ չէ»: «Բլից ինֆո» մամուլի ակումբում այսօր պատգամավորն ասաց, որ կառավարության ծրագիրը լուրջ բացթողումներ ունի, քանի որ ռազմավարական նշանակության խնդիրներ չի ներառում. «Մենք չունենք էներգետիկ ռեսուրսներ՝ նավթ, գազ: Լուրջ խնդիր ունենք էներգետիկ անկախություն ապահովելու: Պետք է հետազոտություններ անել՝ վերականգնվող եւ այլընտրանքային էներգիայի աղբյուրների ուղղությամբ, սակայն կառավարության ծրագրում այդ մասին խոսք չկա»:
Գորգիսյանը նկատեց՝ կառավարության ծրագրում նշվում է արտահանման ծավալի աճի մասին, սակայն դրա համար երկաթգիծ է պետք. «Երկաթգծի կարիք ունենք, մինչդեռ կառավարության ծրագրում ՀՀ-Իրան երկաթգծի ծրագիրը բացակայում է: Ընդհանուր առմամբ, ծրագիրը ծավալուն է, բայց հիմքեր չունի: Ասվում է, որ պետք է փոստային ծառայությունը զարգացնել, բայց մի քանի շաբաթ առաջ ՀՀԿ-ն «Հայփոստ»-ի օտարումը հաստատեց: Ասվում է, որ մշակույթը կարեւոր դերակատարում ունի, բայց կրկին վաճառում ենք «Հայֆիլմը»՝ այն դեպքում, երբ կինեմատոգրաֆիան մշակույթ ներկայացնելու հզոր գործիք է»:
Գեւորգ Գորգիսյանը, նշյալ հարցերից բացի, պարզաբանեց, թե ինչու են «ԵԼՔ»-ի պատգամավորները դեմ քվեարկել կառավարության ծրագրին. «Վստահության խնդիր կա: Ի վերջո, այդ ծրագրի պատասխանատուն պետք է լինի վարչապետը եւ ՀՀԿ-ն, սակայն գրեթե բոլոր ոլորտներում հետընթաց ունենք: Չկա հիմք հավատալու, որ այդ գեղեցիկ բառերը կյանքի կկոչվեն»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ