Լրահոս
Օրվա լրահոսը

«Վայր դնել մանդատները՝ ելնելով այն մեղադրանքներից, որ իրենք ներկայացրել են՝ не дождетесь». Պարակշիեւ (Տեսանյութ)

Հունիս 23,2017 13:50

Այսօր «Հայացք» ակումբում Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունից դուրս եկած երկու անդամները՝ Հայկ Պետրոսյանը եւ Մնացական Պարակշիեւը ասուլիս էին հրավիրել:

Նրանք, ինչպես տեղեկացրել ենք, հայտարարեցին խմբակցությունից դուրս գալու, բայց մանդատները պահելու մասին: Ավելի ուշ «Երկիր Ծիրանին» հայտարարություն տարածեց Պարակշիեւին նաեւ կուսակցությունից հեռացնելու որոշման մասին:

Նրանք ասուլիսում հայտնեցին, որ դեմ չեն «Ելքի», անգամ ՀՀԿ-ի հետ համագործակցել, եթե դա երեւանցու շահերին օգուտ կլինի:

Ընդ որում, «Ելքի» հետ կապված Հայկ Պետրոսյանն ասաց, որ եթե տեսնեն, որ իրենք աշխատում են ընդդիմադիր դաշտում, նոր կհամագործակցեն: Հարցին՝ Դուք վստահ չե՞ք, որ «Ելքն» ընդդիմադիր է, ե՞րբ պետք է համոզվեք դրանում՝ Հայկ Պետրոսյանը պատասխանեց. «Ես իմ կյանքի ընթացքում մարդկանց, խմբակցություններին եւ քաղաքական գործիչներին գնահատում եմ միայն իրենց գործելաոճով: Ինձ համար ընդհանրապես կապ չունի, երբ մեկն ասում է, որ ինքն ընդդիմադիր է, բայց գործելաոճի մեջ դա չի արտահայտվում: Մենք մինչեւ այսօր չենք ունեցել հնարավորություն՝ իրենց հետ աշխատելու: Իրենք հայտարարում են, որ ընդդիմադիր են, ժամանակի ընթացքում կերեւա»:

Պետրոսյանն ասաց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ լինելով՝ այդպես էլ չի կարողացել պարզել, թե քաղաքական ինչ դիրքորոշում ունեն, ընդդիմադիր են, թե ոչ, դրա համար էլ դուրս է եկել: Նոյեմբերից ի վեր էլ իրենց աշխատանքին չի հետեւել եւ հիմա իրենց գործելաոճից, քվեարկություններից է կախված:

Լրագրողները հարցրեցին՝ մանդատները ինչո՞ւ վայր չեք դնում, այդ մանդատները կուսակցությանն են տվել, ոչ թե անձամբ ձեզ՝ Պարակշիեւը պատասխանեց, որ բոլորն իրենց լուման ունեցել են. «Վայր դնել մանդատները՝ ելնելով այն մեղադրանքներից, որ իրենք ներկայացրել են՝ не дождетесь»:

Մնացական Պարակշիեւն ու Հայկ Պետրոսյանն ասացին, որ «Երկիր Ծիրանիի» հետ իրենց տարաձայնությունը պայքարի ոճի մեջ էր: Հարցին՝ չգիտեի՞ք «Երկիր Ծիրանին» ինչ գործելաոճ էր որդեգրել, դա անակնկա՞լ էր՝ Հայկ Պետրոսյանը պատասխանեց, որ իրենք քարոզարշավի ժամանակ էլ այդ հարցում որոշակի տարաձայնություն ունեցել են, բայց եկել են կոմպրոմիսի, ընդունվել է նաեւ իրենց գործելաոճը: Հետո մտածել են, որ խմբակցությունը արդյունավետ կաշխատի, որ խնդիրները լուծեր, ողջամիտ կլիներ, ոչ թե շարունակեր մի գործելաոճ, որը արդյունք չէր ունենալու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930