Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթեր, քաշքշուկ, փաստաթղթերի հայթայթում` եվրոպական երկրներ մեկնելու համար (Տեսանյութ)

Հունիս 23,2017 13:44

Երկու-երեք տարուց ՀՀ-ն ևս ԵՄ երկրների հետ առանց վիզայի ռեժիմի անցնելու հնարավորություն կունենա. ի՞նչ է անհրաժեշտ

Նոյեմբերին Բրյուսելում ստորագրվելիք ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը չի ներառելու առանձին կետ մուտքի արտոնագրի՝ վիզայի ազատականացման վերաբերյալ: Սակայն այդ համաձայնագիրը կարող է օրենսդրական լավ հիմք դառնալ, որպեսզի ՀՀ-ն ԵՄ-ի հետ սկսի վիզայի ազատականացման հարցով երկխոսություններ:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին օրեր առաջ այդ մասին հայտարարեց. «Վիզայի դյուրացման փորձառությունը շատ դրական է, բայց պետք է ընդունենք, որ դա տեղի չի ունենա առաջիկա օրերին: Խնդիրը դրված է օրակարգում, ոչ ոք վիզայի ազատականացված ռեժիմի անցման հարցը օրակարգից չի հանել: Պետք է պատրաստել օրենքներ, ներմուծել ընթացակարգեր, եթե մտածում եք վիզայի ազատականացման մասին»:

Հունիսի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ևս Արևելյան գործընկերության նախարարական հանդիպմանն անդրադարձավ, նաև վիզաների ազատականացման հարցին: Նա մասնավորապես նշեց, որ կան նաև որոշ առկախ հարցեր, որոնց ուղղությամբ ակնկալում են աշխատանքներ իրականացնել, ներառյալ մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը. «Այս առումով ակնկալում ենք ԵՄ անդամ-պետությունների հստակ աջակցությունը: Համեմատաբար կարճ ժամանակահատվածում մենք կարողացանք ավարտել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունները, ինչի մասին փետրվար ամսին Բրյուսելում հայտարարեցին նախագահներ Սարգսյանը և Տուսկը: Տեքստը նախաստորագրվել է, և ակնկալում ենք այն ստորագրել գալիք գագաթաժողովի ընթացքում»:

Փորձագիտական լուրջ պնդումներ կան, որ եթե նոյեմբերին ստորագրվի համաձայնագիրը, ապա 2-3 տարուց Հայաստանը կանցնի ԵՄ երկրների հետ առանց վիզայի ռեժիմի: Հիշեցնենք, որ Վրաստանը և Ուկրաինան, որոնք ստորագրեցին Ասոցացման համաձայնագիրն, արդեն ԵՄ երկրների հետ ունեն առանց վիզայի ռեժիմ` ի տարբերություն ՀՀ-ի, որն անդամակցեց ԵՏՄ-ին:

Ինչո՞ւ է գաղտնի պահվում ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանից հետաքրքրվեցինք` շրջանակային համաձայնագրում առանց վիզայի ռեժիմի մասին որևէ կետ կա՞, պարոն Բալայանը պատասխանեց. «Համաձայնագիրը կհրապարակվի ստորագրումից հետո: Իսկ չհրապարակված համաձայնագրի մանրամասների մասին չեմ կարող խոսել: Մուտքի արտոնագրերի մասին ֆիքսված է Ռիգայի գագաթաժողովի հռչակագրում»:

Պարոն Բալայանը հորդորեց նաև ուշադրությամբ հետևել Լյուքսեմբուրգում հնչած հայտարարությունները:

«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը ծանոթ է ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրին: «Առավոտի» հետ զրույցում պարոն Մինասյանը որոշ մանրամասներ ներկայացրեց հարյուրավոր էջերից կազմված համաձայնագրից. «Վիզաների ազատականացման հետ կապված համաձայնագրում կոնկրետ կետ չկա: Այն ներառում է մարդու իրավունքների, քաղաքացիական հասարակության զարգացման, օրենքի գերակայության խնդիրներ, լինելու է ՀՀ-ԵՄ քաղաքական համագործակցության ձևաչափ, նաև տնտեսական բլոկ, որը բավականին մանրամասն է ներկայացված: Այն շատ հարցերում կրկնում է ասոցացման պայմանագրի տեքստը, որոշ դեպքերում էլ, օրինակ` ընտրական գործընթացներում, համագործակցության տեսանկյունից բավականին առաջ ենք գնացել»:

Սերգեյ Մինասյանը փաստեց, որ մինչև այս համաձայնագիրը Հայաստանը մոբիլության մասին պայմանագիր է պատրաստել, որն ուժի մեջ է մտել 2014-ին ասոցացման համաձայնագրի հետ միասին: ՀՀ-ն ասոցացումից հրաժարվեց, բայց այդ մոբիլության պայմանագիրն արդեն ընթացքի մեջ է: Այսինքն` վիզաներին վերաբերող հարցը լինելու է առանձին իրավական փաթեթ, որը քաղաքական ձևով կապված է շրջանակային համաձայնագրի հետ: Շրջանակայինի հաջողությունը կարող է նպաստել վիզաների գործընթացին. «Վիզադայլոգը շրջանակային համաձայնագրի հետ կապ չունի: Մենք հույս ունենք, որ Բրյուսելում նոյեմբերի 24-ին, երբ ստորագրվի նոր շրջանակային պայմանագիրը ՀՀ և ԵՄ միջև, նաև կսկսվի վիզադայլոգը, որը նշանակում է` երկուսից չորս տարիների ընթացքում հնարավոր է առանց վիզայի ռեժիմ Եվրամիության երկրների հետ: Դրա համար անդամ երկրները ԵՄ-ին պետք է մանդատ տան»:

Մեր այն հստակեցմանը, այսինքն, եթե շրջանակային համաձայնագիրն աշնանը չստորագրվի, չե՞ն սկսվի առանց վիզայի ռեժիմի երկխոսությունները, պարոն Մինասյանն արձագանքեց, թե չի կարծում, որ նման վտանգ կլինի, իհարկե, ֆորսմաժորներ ամեն պահի էլ հնարավոր են. «Շրջանակային համաձայնագիրը քաղաքական հիմք է, բազայինը, եթե դու չունես այդ բազայինը, իմաստ էլ չկա երկխոսել առանց վիզայի ռեժիմի մասին»:

Պարոն Մինասյանը նշեց, որ պայմանագիրը լայն հանրությանը հասանելի չէ, քանի դեռ չի ստորագրվել: Ըստ քաղաքագետի` այն բավականին դրական ու հեռու գնացող փաստաթուղթ է:

Հետաքրքրվեցինք` այս համաձայնագիրն ինչո՞վ է զիջում ասոցացմանին, որը ՀՀ-ն շատ անակնկալ կերպով որոշեց չստորագրել, պարոն Մինասյանը պատասխանեց. «Քաղաքական, քարոզչական տարրերով իրար գրեթե չեն զիջում, մի բացառությամբ, քանի որ ՀՀ-ն ԵՏՄ անդամ է, նա չի դառնալու ազատ առևտրի գոտու անդամ: Բայց դրա հետ մեկտեղ ստանալու է GSP+ առավելությունների ամենաբարձր համակարգը: Եթե մենք այդ գոտու անդամ լինեինք, մենք չէին կարող ՌԴ-ից ստանալ արտոնյալ գնով էներգակիրներ»:

Մեր այն հիշեցմանը` բայց կորցրինք ԵՄ-ից ստանալիք միլիոնավոր եվրոները, որոնք հատկացվեցին Վրաստանին և Ուկրաինային, պարոն Մինասյանը կասկած հայտնեց`արդյոք այնքան գումար կստանայի՞նք Եվրոպայից, որը կծածկեր հազարավոր դոլարները, որոնք ստանում ենք Ռուսաստանից արտոնյալ նավթամթերքի, գազի, ադամանդի և այլ բաների համար:

Ի՞նչ բարդությունների առաջ են կանգնում ՀՀ քաղաքացիները եվրոպական երկրների մուտքի արտոնագիր ստանալու համար

Aravot.am-ը հարցում անցկացրեց շուրջ 30 քաղաքացիների շրջանում, պարզելու՝ արդյոք վիզա ստանալու բարդություննե՞րն են խոչընդոտում, որպեսզի նրանք մեկնեն Եվրոպա, թե՞ սոցիալական վիճակը: Նրանց 67 տոկոսը պատասխանեց, որ խոչընդոտը վիզա ստանալու բարդություններն են, իսկ 33 տոկոսը խոչընդոտ է համարում իր ներկայիս սոցիալական վիճակը:

 

Մանրամասները` տեսանյութում

Aravot.am-ը հարցախույզ անցկացրեց նաև եվրոպական երկրներ մուտքի արտոնագրի համար ՀՀ-ում եվրոպական երկրների դեսպանատներ դիմած քաղաքացիների շրջանում: Նրանց մեծամասնությունը կարծում է, որ ի տարբերություն նախորդ տարիների`հիմա ինչ-որ չափով կանոնակարգված է գործընթացը. հերթերում կես ժամից ավելի չեն կանգնում, սակայն բարդացված է փաստաթղթաբանությունը:

 

Մանրամասները` տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930