Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը փորձում է առավելագույնից մի փոքր ցածր նշաձող դնել, որ այն հաղթահարելու խնդիր չլինի. «Իրատես»

Հունիս 23,2017 12:36

Փորձագիտական հանրության ուշադրությունից չվրիպեց այն շեշտադրումը, որ կառավարության ծրագրի մեջ այս անգամ կան նաև զուտ քաղաքական խնդիրներ, որոնցից նախկինում, կարծես, հեռու էր մնում գործող վարչապետը։ Դա վերաբերում է արտաքին քաղաքական, ներքաղաքական որոշ հարցերի, Արցախի խնդրի հայեցակարգին և այլն։

Առանձին անդրադարձ կա նաև պաշտպանության համակարգին՝ ֆիքսելով ազգ-բանակ կոնցեպցիան և առանձնակի ուշադրություն դարձնելով ռազմարդյունաբերության ոլորտին։

Ժամանակին վարչապետը խուսափում էր այս հարցերից, ամենայն հավանականությամբ, որպեսզի քաղաքական ընդդիմախոսները, նաև իշխանական համակարգում, ժամանակից շուտ դա որպես ֆալստարտ չընդունեին, թիրախ չդարձնեին։

Հետաքրքիր է, որ այդ մասին բաց տեքստով խոսեց նաև ինքը վարչապետը, իր պաշտոնավարման շուրջ հարցերը տեղափոխելով «կոռեկտության» հարթակ՝ ավելորդ շահարկումներից խուսափելու համար։ Այսօր արդեն այդ թեմաները չեն շրջանցվում և դրանցից յուրաքանչյուրի շուրջ լուրջ մեսիջներ են հղվում։

Բայց, ամեն դեպքում, այդ շահարկումներից խուսափելու և խոցելի չլինելու համար վարչապետն իր կառավարության քաղաքական տեսլականները ներկայացնելու բավականին ապահովագրված ձևաչափ է գտել, ասելով, որ դա հիմնվում է ՀՀ նախագահի ուղերձի, ՀՀԿ և ՀՅԴ ծրագրերի, կոալիցիոն հուշագրի, ինչպես նաև լայն հասարակությունում շրջանառվող առաջադեմ գաղափարների վրա։

Ծրագրի խորհրդարանական քննարկումները ցույց տվեցին, որ գործող վարչապետն ամեն ինչ անում էր, որ չընկնի որոշ շրջանակների կողմից իր համար հմտորեն նախապատրաստված «ծուղակը», մասնավորապես, կուլ չգնա իրեն «ֆալստարտի» մղող խմբերի ձգտումներին։ Ընդ որում՝ այս անգամ այդ նպատակի համար, Սերժ Սարգսյանի բնորոշմամբ, «բեմականացում» իրականացնող խմբերը լիովին օգտագործեցին առաջին հերթին խորհրդարանական, այսպես կոչված, «ընդդիմադիր» ռեսուրսները։

Ինչ վերաբերում է հավակնոտ լինելուն, ամենայն հավանականությամբ, կառավարությունն իրեն մի փոքր ապահովագրում է ապագայի համար։ Փորձում է առավելագույնից մի փոքր ցածր նշաձող դնել, որ այն հաղթահարելու խնդիր չլինի։ Մասնավորապես, այս տարվա համար սահմանված է 3,2-տոկոսանոց տնտեսական աճ, բայց, դիտարկելով առաջին 5 ամիսները, նկատում ենք արդեն 6,5-տոկոսանոց աճ անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։ Ակնհայտորեն այդ 3,2 տոկոսը շատ համեստ ցուցանիշ է և հեշտ գերազանցելի, եթե լուրջ ֆորսմաժորային իրավիճակ չստեղծվի՝ կապված ավելի շուտ արտաքին քաղաքական և արտաքին տնտեսական կոնյունկտուրայի հետ։

Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930