Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարչապետն անդրադարձավ գիշերը Արթիկում վթարված բնակելի շենքին

Հունիս 23,2017 12:07

«Ինձ զեկուցեցին, որ Արթիկ քաղաքում գիշերը վթարվել է բնակելի շենք: Պարոն Լոքյան, կարո՞ղ եք մեզ ինֆորմացիա փոխանցել»,- կառավարության այսօրվա նիստի սկզբում անդրադառնալով Արթիկում գիշերը բնակելի շենքի պատի փլուզմանը՝ ասաց վարչապետը:

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն իրազեկեց, որ բնակելի շենքը վթարվել է, տեղի է ունեցել քարաթափություն, կան ճաքեր՝ ներքևից վերև: Վթարված շենքից բնակիչները տարհանվել են: «Հիմա իրենք ապրում են այլ տարածքներում, ես կխնդրեի, որ արագ ուսումնասիրություն իրականացվի և լուծում տրվի այն ընտանիքների խնդրին, ովքեր մնացել են դրսում»,- ասաց նախարարը:

Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն էլ ասաց, որ տարհանելուց հետո 11 ընտանիք վերադարձել է: «Դա չի վերահսկվել մեր կողմից, չեմ կարծում, որ վերադարձը ճիշտ էր: Շենքը վթարային է»,- ասաց Տոնոյանը:

Վարչապետը հանձնարարեց կառավարության նիստից հետո հարցը քննարկել միասին, որպեսզի լուծումներ տան:

Նշենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ «Հունիսի 22-ին, ժամը 23:55-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Սասունցի Դավթի փողոցի թիվ 13 շենքի արտաքին պատը փլուզվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ թիվ 13 շենքի (կառուցված 1986 թ.) արևմտյան մասի ստորին հատվածում տեղի է ունեցել քարաթափում (մոտ 4 քմ), և արտաքին հատվածում առկա են մինչև 2 սմ հաստությամբ և մոտ 13 մ երկարությամբ ճաքեր. առկա է շինության փլուզման վտանգ։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը շենքի վտանգավոր հատվածից տարհանվել են թվով 20 բնակիչ, ևս 11 բնակիչ (4 անչափահաս) շարունակում են գտնվել շենքի անվտանգ հատվածում: Տուժածներ չկան:

Փրկարարները սահմանազատել են վտանգավոր հատվածը, ապահովել տարածքի լուսավորությունը և չտարհանված բնակիչների հետ տարել բացատրական աշխատանքներ:

Դեպքի վայրում են գտնվել Շիրակի մարզպետ Ա. Խ.-ը, Արթիկ քաղաքի քաղաքապետ Մ. Վ.-ը, էլ. ցանցի, 1-04 ծառայության, ԱԱԾ, ոստիկանության Արթիկի բաժնի, մարզպետարանի և քաղաքապետարանի աշխատակիցներ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930