ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին երկու հայտարարությունը կարելի է հասցեական համարել, եթե դրանց նայենք լուրջ դիվանագիտական ենթատեքստով, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց «Ելք» դաշինքի պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ խոսելով ղարաբաղյան հակամարտության շուրջ տեղի ունեցող գործընթացներից։ Սարգսյանը խոսեց նաեւ ՀՀԿ-ի եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից կազմակերպված «Հայկական կուսակցությունների երրորդ ֆորում»-ի մասին, որին զուգահեռ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին լարվածությունն է՛լ ավելի էր աճել։
– Պարոն Սարգպան, Արցախում անցկացված «Հայկական կուսակցությունների երրորդ ֆորում»-ին զուգահեռ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանում լարվածությունն աճել էր, որի հետեւանքով հայկական կողմը նաեւ զոհեր ունեցավ։ Որքանո՞վ են նման ֆորումներն ու քննարկումներն արդյունավետ։
– Ֆորումները չունեն այն ուժը, որով կարող են հստակ ազդեցություն ունենալ գործադիր իշխանության օղակների վրա, որոնք կշարժվեն այդ որոշումներով։ Ֆորումներն արվում են խորհրդատվական նպատակով եւ տեսակետները շոշափելու առումով։ Այս առումով, կարծում եմ, որ Ստեփանակերտում այդ կարգի ֆորումները կազմակերպելը ճիշտ է։ Այլ բան է, թե օրակարգում ընդգրկված հարցերը որքանով էին այդ պահի համար հարմար, զեկուցողները որքանով էին անաչառ ու անկեղծ։
Ընդհանուր առմամբ, Արցախում անցկացված ֆորումը դրական եմ գնահատում։ Մենք այնտեղ էինք, երբ սահմանում նման դեպքեր եղան։ Ես շատ կարեւոր եմ համարում Արցախում նման ֆորումներ, հանդիպումներ, լսումներ անցկացնելը, Հայաստան-Ղարաբաղ կապը պահելը։ Ցանկացած պահի նպատակահարմար է Ղարաբաղ գնալ եւ տեսակետներ հայտնել։ Խնդիրները պետք է ավելի շատ լուծվեն տեսակետներով, քան կռվով, զոհերով։
– ԵԱՀԿ Մինսկի խումբն ավարտելով տարածաշրջանային այցը՝ հանդես եկավ նաեւ հայտարարությամբ։ Այս անգամ հայտարարությունը հասցեական կարո՞ղ ենք համարել։
– Նրանց հայտարարությունն ինչ-որ առումով կարելի է համարել նաեւ հասցեական, եթե նայում ենք լուրջ դիվանագիտական ենթատեքստով։ Հայտարարության մեջ հստակ նշված էր Ադրբեջանը, որից հետո նոր մնացած կողմերը։ Նաեւ այդ հայտարարության մեջ շատ դրական եմ համարում, որ նշված տարածքները չէր համարվել օկուպացված, այլ համարվել էր տարածքներ:
Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում