Որեւէ կասկած չկար, որ «Սասնա ծռեր» զինված խմբի գործով դատավարության մեկնարկին զուգահեռ շարունակվելու է դեռ ՊՊԾ գնդի տարածքի գրավման օրերին սկսված միֆականացումը:
Միանգամայն կանխատեսելի էր եւ այն, որ ոստիկանության երեք աշխատակցի սպանությամբ ուղեկցված այդ արկածախնդրական գործողությունն իրականացրած, ազգային էպոսի անվանումով ներկայացող զինված խմբի հաստիքային պաշտպանները փորձելու են հնարավորինս «թարմացնել» միամյա վաղեմության իրենց փաստարկներն ու թեզերը: Ու սա դեռ միայն մեկնարկն է:
Դատավարության ընթացքին զուգահեռ՝ «Սասնա ծռեր» զինված խմբի գործողությունները, սպանությունները ամեն գնով արդարացնելու, ինչպես իրենք են հռչակել՝ «դատողներին դատելու» դրսեւորումները, այդ թվում՝ քարոզչական «ժայթքումները», հնարավոր է, ավելի հաճախակի, ագրեսիվ եւ մաղձաթաթախ բնույթ կրեն: Այնպես որ, խմբի միֆականացման, այսպես ասենք՝ ծռվածքները գնալով խորանալու եւ ավելի ու ավելի են ծռվելու՝ հնարավորինս ծռմռելով իրողությունները:
Օրերս էլ ահա, թերթերից մեկում զետեղված նման մի ծռվածք ուշադրություն գրավեց, քանի որ ամփոփում էր «Սասնա ծռեր» զինված խմբի միֆականացման գրեթե բոլոր հիմնական դրույթներն ու դրվագները, որոնցից մի քանիսը, կարծում ենք, արժե դիտարկել:
Մասնավորապես, միանգամայն հետաքրքրաշարժ, բայցեւ մառազմատիկ թեզ է հրամցվում, թե Վարուժան Ավետիսյանի, Պավլիկ Մանուկյանի եւ մյուսների գլխավորությամբ անցյալ տարվա հուլիսի 17-ին Երեւանում ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրավելու գործողությունը, այսպես ասած՝ ռեւանշ էր… դրանից մոտ մեկուկես տարի առաջ, 2015թ. հունվարի 31-ին Բերձորի մոտակայքում «Հիմնադիր խորհրդարանի» անդամների «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության անդամների վրա կատարված հարձակման դիմաց: Համեմատություն է արվում, թե Բերձորի այդ դեպքի հետ կապված ծառայողական քննության հետեւանքով 10 ոստիկան ազատվեց աշխատանքից, 9-ին հայտարարվեց նկատողություն, սակայն նրանցից ոչ ոք քրեական պատասխանատվության չենթարկվեց, իսկ ահա «Սասնա ծռեր» խմբի անդամների նկատմամբ քրեական գործ հարուցվեց օրենսգրքի մի շարք հոդվածներով։ Ու այդ շարադրանքի հեղինակ Դանիել Իոաննիսյանը հատուկ շեշտում է՝ «ի տարբերություն Բերձորում բռնություն կատարած ոստիկանների»:
Անցուդարձին տեղյակներն առանց դժվարության կնկատեն, որ «ռեւանշի» շարադրված թեզում միտումնավոր բաց են թողնված մի քանի, բայց խի՛ստ էական մանրամասներ:
Ամենից առաջ, ո՞ր ոստիկանության եւ ոստիկանների մասին է խոսքը: Բերձորը, ինչպես հայտնի է, Արցախի Հանրապետության տարածք է, որտեղ ծառայություն են իրականացնում Արցախի ոստիկանության աշխատակիցները եւ Արցախի ոստիկանության ծառայողական քննության արդյունքում է մոտ երկու տասնյակ ոստիկանի նկատմամբ տույժ կիրառվել:
Արցախը, որքան էլ որ միջազգայնորեն ճանաչված չէ (դեռեւս), միեւնույն է, տվյալ դեպքում հանդես է գալիս որպես առանձին պետական կազմավորում, այդ թվում՝ իր ոստիկանությամբ:
Հարց է ծագում. Բերձորում կատարվածի համար «ռեւանշ» վերցնելու կամ, ասենք, վրեժ լուծելու համար Վարուժան Ավետիսյանը կամ Պավլիկ Մանուկյանն ինչո՞ւ, օրինակ, «ԿրԱԶ»-ով չսլացան Արցախ եւ, օրինակ, չհարձակվեցին մայրաքաղաք Ստեփանակերտի ոստիկանատան վրա: Թե՞ այդ դեպքում համապատասխան «քարոզչական վակխանալիան» չէր ստացվի։ Իսկ իրական պատերազմական վիճակում գտնվող երկրի մայրաքաղաքում ուժային կառույցի ստորաբաժանման վրա հարձակվողներին, ամենայն հավանականությամբ, ֆիզիկապես կվնասազերծեին որպես ահաբեկիչների:
«Ծռվածքային» մտածելակերպի պայմաններում միանգամայն բնական է, երեւի, որ բերձորյան դեպքերի հետ կապված ռեւանշ վերցնելու համար հարձակվեն ոչ թե Արցախի ոստիկանների, այլ Հայաստանի ոստիկանության՝ Երեւանում գտնվող ՊՊԾ գնդի վրա:
Թեզի շարունակությունն ընդհանրապես շքեղ «ծռվածք» է: Ասում է, թե՝ «…քաղաքացիները ոստիկանական ապարատի նկատմամբ բռնության միջոցով իշխանությանը հեռացնելու ուղղությամբ գործողություններ են ձեռնարկել: Քաղաքացիները փորձել են բռնության միջոցով «հարցեր լուծել»: … Էական տարբերությունն այն է, որ այս անգամ զոհեր եղան»:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում