Հարցազրույց ՀՀԿ պատգամավոր ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆԻ հետ
-Ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը հրաժարվեց մասնակցել կառավարության ծրագրի բովանդակային քննարկմանը եւ դեմ քվեարկեց։ Նրանց հետաքրքրում էր մեկ բան. ո՞վ է 2018-ին լինելու ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն:
-Ճիշտն ասած, «Ելքի» այդ պահվածքից տխրեցի։ Մենք գնում ենք երկրում խորհրդարանական համակարգի հաստատման ճանապարհով, իսկ դա նշանակում է, որ խորհրդարանի հարթակն այսուհետ առավել քան քաղաքական պետք է լինի, քննարկումները երբեւէ չպետք է տեղափոխվեն մանր, անձնական վիրավորանքների դաշտ, դա անթույլատրելի եմ համարում:
Ցավոք, մենք եղանք շոուի ականատես։ Զգում եմ, որ նման շոուները գնալով ավելի մեծ թափ են ստանալու, ընդդիմությունը սկսելու է ավելի շատ աղաղակել, քան մասնակցել քննարկումների:
Ինչ վերաբերում է նրան, թե 2018-ին ով է լինելու վարչապետը, համոզված եմ, որ քաղաքականության մեջ չի կարելի ամիսներ, առավել եւս տարիներ առաջ զբաղվել գուշակություններով կամ ենթադրություններով։ Անգամ փաստերը վաղաժամ հրապարակելը ճիշտ չէ: Ինչու. որովհետեւ տեսնում ենք, թե ինչ արագությամբ է փոխվում քաղաքական դաշտը, ինչպիսի կերպարանափոխությունների է ենթարկվում:
Վերջին տարիներին բոլորս ականատես եղանք ընդդիմադիր դաշտի քայքայման, պառակտման, ինչի պատճառով ընդդիմադիր դաշտում լավ պատկեր չունենք, եւ դա մեզ՝ քաղաքական մեծամասնությանը, բնավ չի բավարարում, քանի որ հակված ենք ընդդիմության հետ կառուցողական աշխատանքի: Բայց այսօր «Ելքի» կողմից չտեսա կառուցողական կեցվածք, չտեսա քննարկման ցանկություն, փոխարենը տեսա վիրավորելու, ինքնահաստատվելու փորձեր: Դա համարում եմ ոչ արժանապատիվ կեցվածք:
Ոմանք ուզում են լսել անուններ, բայց արդյոք այս կառավարությունը 9 ամիս կամ մեկ տարի անց կարդարացնի՞ իրեն: Մենք, իհարկե, հույս ունենք, որ կառավարությունն ամեն ինչ կանի ներկայացրած ծրագիրն իրականացնելու համար: Իսկ ծրագիրը շատ բարձր նշաձող է սահմանել։ Բայց չէ՞ որ ոչ ոք ապահովագրված չէ սխալներից, ուրեմն ՀՀԿ-ն իր որոշումներում պետք է հստակ լինի: Իսկ դա նշանակում է՝ մենք պետք է 2018-ին քննարկենք կառավարության կատարած աշխատանքի արդյունքները, տեսնենք արածը, որից հետո միայն տանք գնահատական:
Այնպես որ, ճիշտ չէ նախօրոք խոսել քաղաքական նշանակումների մասին, դա «Ելքի» սադրանքն էր, ծուղակը, որից ոչ ոք չազդվեց:
«Ելքի» ներկայացուցիչներն անձնական վիրավորանք պարունակող հասցեական ելույթներ են ունենում, ու երբ մենք դրանց հանգիստ, քաղաքավարի պատասխանում ենք՝ իրենք դարձյալ հունից դուրս են գալիս: Անընդունելի է, որ նման խոսակցություն ծավալվում է խորհրդարանի դահլիճում, քանի որ խորհրդարանը պետք է լինի քաղաքական քննարկումների, վերլուծությունների ամբիոն եւ ոչ թե ծառայի ոմանց ինքնահաստատմանը, լինի հարթակ, որտեղից միայն վիրավորանքներ են հնչում:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում