Չնայած Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով առաջացած աղետալի պայմաններին՝ այնտեղ շարունակում են հազարավոր հայեր ապրել: «Հայաստան» համահայկական հիմնադրամը պարբերաբար աջակցություն է ցուցաբերում թե նրանց, թե հայրենադարձ սիրիահայերին:
Հունիսի 20-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի հանձնախումբը սիրիաբնակ հայերին 100 հազար եվրոյին համարժեք գումար է նվիրաբերել: Գումարի նվիրատվությունն իրականացել է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության միջոցով:
2012-ից 2016 թվականներին սիրիահայության աջակցության նպատակով Հիմնադրամ հանգանակած ընդհանուր գումարը կազմել է մոտ 396 միլիոն դրամ: Հասույթի գերակշիռ մասը ձևավորվել է Հիմնադրամի Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ Արեւմտյան շրջանի, Արգենտինայի, Բրազիլիայի, Լիբանանի, Շվեդիայի, Հոլանդիայի հանձնախմբերի` Հեռուստամարաթոն 2012-ի եւ 2013-ի շրջանակում հավաքագրված գումարներից:
Հայաստանում հանգանակություններն ուղղվել են բազմաբնույթ ծրագրերի իրականացմանը. սիրիահայերին Հայաստան տեղափոխելու նպատակով գործարկվել է չարթերային 2 չվերթ, փոխհատուցվել է 120 սիրիահայ ուսանողի ուսման վարձը, 39 սիրիահայի սրտի վիրահատության գումարը, 19 ընտանիքի բուժման ծախսերը:
Սիրիայում հանգանակությունների միջոցով փոխհատուցվել է Հալեպի հայկական վարժարանների ուսուցիչների աշխատավարձը, ինչի շնորհիվ վարժարանները պատերազմական ծանրագույն պայմաններում շարունակում են մինչ օրս աշխատել:
Ըստ իրավիճակի անհրաժեշտության՝ սիրիաբնակ հայերի համար կատարվել են մի շարք այլ օժանդակ ծրագրեր:
«Հայաստան» համահայկական հիմնադրամ