Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Պատրաստ ենք համագործակցել նույնիսկ տիկին Փոստանջյանի հետ»

Հունիս 23,2017 16:00

Հարցազրույց Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանի հետ

– Տիկին Նահապետյան, քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Երեւանի տրանսպորտի այսօրվա վիճակը իրենք չեն ստեղծել, ժառանգել են: 2009 թվականից քաղաքը կառավարում է ՀՀԿ-ն: Ինչո՞ւ ՀՀԿ-ն չի հաջողում ութ տարում լուծել քաղաքայն տրանսպորտի խնդիրը:

– Պարոն Արեյանը ճիշտ է ասում և ժառանգել ասելով նկատի ունի տրանսպորտի խնդրի ժամանակագրությունը: Չեմ կարծում՝ կլինի որևէ բանական մարդ, ով կասի, որ 2009-ից առաջ տրանսպորտի խնդիրը Երևանում լուծված է եղել: Մենք այն ժառանգել ենք դեռևս հետսովետական տարիներից: Ավելին՝ հետ գնալով կտեսնենք, որ այս ընթացքում տրանսպորտի կարգավորման մի քանի բարեփոխումային ծրագիր է իրականացվել, իսկ դրան զուգահեռ տեղի են ունեցել գլոբալ փոփոխություններ, հիմնականում տրանսպորտի քանակի ավելացման առումով: Իհարկե, զգալի արդյունքներ այս ոլորտում մենք կտեսնենք ապագայում, սակայն ասել, թե այդ ուղղությամբ ոչինչ չի արվում, մեղմ ասած, ճիշտ չէ: Ես էլ, որպես երևանցի, անհամբեր եմ բարեփոխված տրանսպորտային համակարգ տեսնելու, սակայն այդ ուղղությամբ աշխատանքը տարվում է, և պետք է նշեմ՝ ամենօրյա ու հետևողական աշխատանք է տարվում:

– «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը խոստանում էր դժոխքի վերածել իշխող ուժի ներկայացուցիչների կյանքը: Ավագանու առաջին նիստին Ձեզ դժոխքում զգացի՞ք: Ո՞նց եք պատկերացնում ավագանիում ներկայացված մյուս ուժերի հետ աշխատանքը:

– Տիկին Փոստանջյանի հայտարարությանը ժպիտով եմ վերաբերվում: Դժվար է լուրջ ընդունել, առավել ևս լրջորեն քննարկել ու մեկնաբանել էմոցիոնալ արտահայտությունը: Իսկ եթե վերլուծենք այդ միտքը, կհասկանանք, որ նման մտքի հեղինակը չի կարող լինել կոնստրուկտիվ դաշտում: Երևան քաղաքը կարոտ է ամենօրյա կառուցողական աշխատանքի ու անընդհատ բարեփոխման: Սա պատկերացումների և ընկալումների խնդիր է: Ամեն դեպքում, չեմ կարծում՝ «Երկիր Ծիրանի» խմբակցության հետ համագործակցության բոլոր հնարավորությունները սպառված են: Հանուն Երևանի ու երևանցու մենք պատրաստ ենք համագործակցել նույնիսկ տիկին Փոստանջյանի հետ: Հույս ունեմ, որ միառժամանակ աշխատելուց հետո «Երկիր Ծիրանին» կլինի ավելի օբյեկտիվ և ավելի լավ կպատկերացնի երևանցու խնդիրները:

– Ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն ասաց, որ պաշտոնավարման նախորդ ժամկետում Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցությունն իրականացրել է իր խոստումների 30 տոկոսը: Ձեր կարծիքով՝ քանի՞ տոկոսն է իրականացվել, և քանի՞ տոկոսը կիրականացվի այս անգամ:

– Տիկին Բախշյանի նկատմամբ իմ հարգանքը չթաքցնելով՝ ասեմ, որ նման տոկոսների հետևում լուրջ հետազոտություններ չկան: Սա մոտավոր պատկերացումներ են: Իհարկե, շնորհակալ ենք տիկին Բախշյանին մեր խոստումներին այդքան հետևողական մոտեցում ցուցաբերելու համար, բայց հաշվի առնելով Երևանում իրականացվող աշխատանքների ծավալը, շարունակականությունը և դրական դինամիկան՝ վստահեցնում եմ, որ բոլոր ծրագրված աշխատանքները ավարտին են հասցվում նախատեսված ժամկետներում: Ընդհանրապես, աշխարհում քաղաքային կառավարիչները մշտապես դժգոհ են ու մշտապես էլ ավելի բարեփոխելու տեղ են տեսնում: Օրինակ` Փարիզը, Մոսկվան, Նյու Յորքը, Բարսելոնը, Մադրիդը, Պրահան եւ այլն, նույնիսկ այդպիսի խոշոր, զարգացած, տուրիստական հոսքերի առատությամբ իրար հետ մրցող քաղաքները իդեալական չեն: Վստահ եմ՝ Երևանի քաղաքապետարանն իր աշխատանքային ծանրաբեռնվածությամբ չի զիջում այս քաղաքների քաղաքապետարանի աշխատանքներին:

– Ձեր կարծիքով՝ ի՞նչ չեն կարողանում կիսել ավագանիում «Ելք» և «Երկիր Ծիրանի» խմբակցությունները ու մշտապես «փոխհրաձգություններ» են արձանագրվում:

– Անկեղծ ասած, չէի ցանկանա մեկնաբանել գործընկեր խմբակցությունների փոխհարաբերությունները, առավել ևս՝ գնահատական հնչեցնել այդ մասով: Բայց երբեմն այնպիսի տպավորություն է, որ որոշ ավագանիների, հատկապես նորընտիրներից, պատկերացումները ավագանու աշխատանքի մասին խիստ մակերեսային են: Սակայն Երևան քաղաքով իրապես մտահոգ մարդիկ պետք է ունենան պատասխանատվության զգացում և առաջնորդվեն ոչ թե պոպուլիզմով, այլ գործով ու արդյունավետությամբ: Հաստատ չեմ ուրախանում այդ ձեր ասած փոխհրաձգություններով, որովհետև կրկնեմ` Երևանը կոնստրուկտիվ փոխհամագործակցության կարիք ունի, Երևանը աշխատանքի, ոչ թե լեզվակռվի կամ պոպուլիզմի կարիք ունի: Ճառեր շատերը կարող են ասել, ճառերի հետևում աշխատելն է դժվար: Ես շատ ավելի լուրջ խնդիրներ եմ տեսնում, որոնք լուծման կարիք ունեն: Անկախ կուսակցական պատկանելությունից, հանուն մեր մայրաքաղաքի, հանուն երևանցու կոչ կանեմ` համախմբվել խնդիրների լուծման բանալիները գտնելու շուրջ, համախմբվել երևանցու հոգսերը թեթևացնելու համար:

Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ օրաթերթ»

22.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930