Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Համ ուզում են գյուղական տուրիզմը զարգացնել, համ էլ «Հայկական գյուղը» Երեւանում են կառուցում

Հունիս 23,2017 15:30

Օրերս վարչապետին է ներկայացվել «Հայկական գյուղ» թաղամաս կառուցելու ծրագիրը. այն կառավարության ղեկավարի սրտով է եղել, սակայն հանրության շրջանում ծրագիրը միանշանակ չընդունվեց:

Հիշեցնենք, որ Երեւանում «Դալմա Մոլ» համալիրի հարեւանությամբ գտնվող տարածքում նախատեսվում է իրականացնել «Հայկական գյուղ» ազգագրական թաղամասի կառուցապատման ներդրումային ծրագիրը:

Ըստ կառավարության հաղորդագրության՝ նախատեսվում է ստեղծել Հայաստանի տարբեր տարածաշրջանների քաղաքային եւ գյուղական բնակավայրերի ազգային ավանդույթներին ու պատմականորեն ձեւավորված ճարտարապետական դիմագծին բնորոշ ազգագրական թաղամաս՝ բնակելի տներով, հյուրանոցներով, հյուրատներով, ինչպես նաեւ նկարչությունն ու ազգային արհեստները (գորգագործություն, դարբնագործություն, կավագործություն, հուշանվերների պատրաստում) ներկայացնող ցուցասրահներով: Մասնագետները վարչապետին ներկայացրել էին ուսումնասիրություններ Հայաստանի տարբեր բնակավայրերին (Գորիս, Դիլիջան, Աշտարակ եւ այլն) բնորոշ «Հայկական տան» տիպերի վերաբերյալ: Ազգագրական թաղամասի նախագծային փաստաթղթերի մշակման աշխատանքները սկսված են:

Մի կողմից՝ կառավարությունը վստահեցնում է, որ Հայաստանի համաչափ զարգացմամբ են գնում, հայտարարում է, թե գյուղական զբոսաշրջությունը պետք է զարգացնել, բայց Երեւանի կենտրոնում նման մի թաղամաս ստեղծելն արդյոք չի՞ խոչընդոտի գյուղական զբոսաշրջության զարգացմանը:

«Հայական գյուղ» ստեղծելու ծրագրի վերաբերյալ սոցիալական ցանցերում կարծիքներ եղան, որ այս թաղամասը Երեւանում կառուցելը նպատակահարմար չէ, ինչո՞ւ այն մարզերում չանել կամ երեւանամերձ բնակավայրում: Կարծիքներ եղան նաեւ, որ սա հայկական ազգագրական թաղամաս չի լինի, հերթական «գլամուր» կառուցապատումն է լինելու:

Արդյո՞ք ծանրաբեռնված ու ամեն ինչ կենտրոնացրած մայրաքաղաքում նման ծրագիր իրականացնելը նպատակահարմար է. «Առավոտի» հետ զրույցում ճարտարապետ Արսեն Կարապետյանն ասում է. «Սխալ է ամեն ինչ կենտրոնացնել Երեւանում, սա քննարկման ենթակա էլ չէ»:

Ճարտարապետը նկատում է՝ սովորաբար նման բաներ ստեղծում են այն երկրները, որոնք չունեն հարուստ պատմություն, օրինակ՝ Արաբական Էմիրությունները, ԱՄՆ-ն էր մի ժամանակ գոթական տաճարներ կառուցում, որովհետեւ չունեին նման բան եւ ուզում էին պատմական հուշարձաններ ստեղծել. «Մենք նման խնդիր չունենք, ունենք շատ գեղեցիկ պահպանված գյուղեր: Երեւանին այսքան մոտ Աշտարակը պահպանված պատմական քաղաք է, որի հնարավորությունները չեն օգտագործում:

Տիպային տներ կառուցելու մտադրություն կա ծրագրում: Ծիծաղելի է: Օրինակ՝ Գորիսի տների տիպը մի շարք պայմաններից ելնելով է առաջացել, նրանք չեն հորինել տունը, այսինքն՝ եղանակային պայմանները, կենցաղը, ապրելակերպը, այս ամենը բերել է նրան, որ տվյալ բնակավայրին համապատասխան տան տիպ է առաջացել, եւ այն հասկանալի է, ընկալելի է հենց Գորիսում: Եվ սա բերել կառուցել Արարատյան դաշտավայրում՝ նշանակում է այդ տրամաբանությանը հակառակ գնալ»:

Ծրագրի վերաբերյալ վարչապետ Կարապետյանը հանձնարարել է պատասխանատուներին հնարավորինս կարճ ժամանակահատվածում ներկայացնել վերջնական տարբերակը՝ այն ներդրողների հետ քննարկելու նպատակով: Վարչապետը համոզված է՝ «Հայկական գյուղ»-ը կարող է դառնալ Երեւանի զբոսաշրջային գրավչություններից մեկը, նպաստել մշակութային զբոսաշրջության հետագա զարգացմանն ու երկրի ճանաչելիության բարձրացմանը:

Ճարտարապետ Արսեն Կարապետյանի կարծիքով՝ ազգագրական, գյուղական մշակույթն ու տները հետաքրքիր են իրենց տեղերում, զբոսաշրջիկը դրանց պետք է ծանոթանա բնական պայմաններում:
«Կարելի է բերել եւ այստեղ կառուցել մի բան, որը հնարավոր չէ տեղում տեսնել: Մինչդեռ կարելի է մեքենայով գնալ հասնել գյուղ ու տեղում տեսնել»,- ասաց ճարտարապետը:
Ծրագրում նշված է դարբնագործության, գորգագործության մասին, ճարտարապետը նկատեց. «Ինչո՞ւ, օրինակ, Գյումրիի մասին չեն մտածում, Գյումրին տեղով պատմամշակութային քաղաք է, մարդիկ արհեստներով են զբաղվում: Այնտեղ անգամ սերնդեսերունդ դարբնագործությամբ են զբաղվում: Ճիշտ կլինի գյուղերի պոտենցիալը զարգացնեն ամեն մի բնակավայրում իրեն հատուկ մշակույթով»:

Ճարտարապետի դիտարկմամբ՝ «Եթե նոր բան են կառուցում, այն էլ՝ հնի նման, որն արդեն կա ու պետք է ընդամենը պահպանել, դրա փոխարեն կարելի է ժամանակակից քաղաք կառուցել, եւ այդպես ներդրումներ բերել»:

Ճարտարապետ Մկրտիչ Մինասյանը ծրագրի մասին դրական կարծիք ունի: Նա ասաց, որ այլ քաղաքներում նման փորձ կա. «Օրինակ՝ Թբիլիսիում 80-ականներին ունեին այդ գյուղը: Մեծ մայրաքաղաքներում կամ դրանց հարակից տարածքներում լինում են նման բաներ: Մեզ մոտ էլ տեղանքը հարմար է ընտրված, տրանսպորտային ուղիներն են լավը, եւ եթե կառավարությունը համարել է՝ այդտեղ է նպատակահարմար, ես այդտեղ վտանգավոր բան չեմ տեսնում»:

Մինասյանի կարծիքով՝ եթե «Հայկական գյուղը» կառուցվի մարզում, այն չի աշխատի, զբոսաշրջիկները հիմնականում տարբեր ուղղություններ են ընտրում, մեկը՝ հյուսիս, մյուսը՝ հարավ, զբոսաշրջիկներ կան, որոնք հեռու չեն կարողանում գնալ, իսկ Երեւանում կառուցելով՝ զբոսաշրջիկը, այցելելով Երեւան, դա էլ կտեսնի: Իսկ ով էլ գնում է հեռու բնակավայր, այդ տիպային տները տեղում էլ տեսնում է»:

Ինչ վերաբերում է մայրաքաղաքից դուրս՝ գյուղերում կամ այլ քաղաքներում նման թաղամաս կառուցելուն, ճարտարապետն ասաց. «Ենթակառուցվածքների խնդիր կա, բացի այս, ամեն մի բնակավայրում արդեն կա այդ ամենը, Երեւանում կառուցելով էլ մեկը մյուսին չի խանգարի»:

Մկրտիչ Մինասյանը հիշեցրեց՝ խորհրդային տարիներին Ձորագյուղ թաղամասը պետք է հայկական տիպային տներով թաղամաս լիներ, սակայն չհաջողվեց, 88-ի երկրաշարժը եղավ, խորհրդային կարգերը փոխվեցին, կարողացան միայն Փարաջանովի տուն-թանգարանը ավարտին հասցնել:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ օրաթերթ»

22.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930