Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բաքվում արհամարհեցին Ալիեւի ավանդական «աճպարարությունը»

Հունիս 23,2017 12:00

ԵԱՀԿ Մինսկի խումբը հստակ մատնանշում է հրադադարի ռեժիմը խախտող Ադրբեջանին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցը նշանավորվեց նրանով, որ իրենց վերջին կանգառում` Բաքվում, հունիսի 19-ին համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, որում ամփոփելով տարածաշրջանային վերջին այցի ընթացքում ունեցած հանդիպումները՝ կրկին պաշտոնական Բաքվին մատնանշեցին որպես լարվածություն ստեղծող կողմի:

Համանախագահները հունիսի 10-ին Երեւանում հանդիպել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, հունիսի 12-ին մեկնել են Լեռնային Ղարաբաղ, որտեղ հանդիպել են փաստացի (դե ֆակտո) իշխանություններին: Համանախագահներն այցելել են նաեւ Լեռնային Ղարաբաղին հարող շրջաններ՝ Զանգելան, Կուբաթլի, Լաչին եւ Քելբաջար՝ նշում էին միջնորդները: Ապա հունիսի 19-ին մեկնել են Բաքու, որտեղ հանդիպել են նախագահ Իլհամ Ալիեւի հետ՝ ասվում էր հայտարարության մեջ եւ նշվում, որ Ադրբեջանում համանախագահները խորը մտահոգություն են հայտնել հրադադարի ռեժիմի վերջին խախտումների, այդ թվում՝ իրենց այցի նախօրեին տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ, որոնց հետեւանքով շփման գծում եղել են կորուստներ:

«Համանախագահներն Ադրբեջանի ղեկավարներին կոչ են անում ձեռնարկել լարվածության հետագա սրումից խուսափելու միջոցներ: Համանախագահները նույն ուղերձով դիմում են Հայաստանի ղեկավարներին եւ Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությանը: Համանախագահները կողմերին հորդորում են ձեռք առնել միջոցներ, որոնք թույլ կտան մեղմել լարվածությունը շփման գծում, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջազգային սահմաններին: Երկու մայրաքաղաքներում համանախագահները կողմերին կոչ են անում բարեխղճությամբ եւ քաղաքական կամքի դրսեւորմամբ վերսկսել բովանդակային բանակցությունները»,- ասվում էր հունիսի 19-ին տարածած հայտարարության մեջ:

Հուլիսի 3-ին ծրագրված է համանախագահների այցը Վիեննա, որտեղ նրանք կատարած այցերի մասին կտեղեկացնեն ԵԱՀԿ Մինսկի խմբին: Միջնորդներն առաջիկայում կրկին պետք է հանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներին` քննարկելու առաջիկա աշխատանքներին առնչվող հարցեր:

Ապրիլյան պատերազմից հետո, այսպիսով, համանախագահները Ադրբեջանի իշխանություններին սթափեցնող երկրորդ հասցեական հայտարարությունը տարածեցին: Ընդ որում, հարկ է նկատել, որ Բաքվում համանախագահների հետ հանդիպմանը Ադրբեջանի իշխանությունները շարունակել են կեղծ տեղեկություններ հաղորդել, սակայն արդյունքում համանախագահները տարածել են հայտարարություն, որից կարելի է եզրակացնել, որ Բաքվի ապակողմնորոշիչ հայտարարությունները միջնորդներն ուղղակի արհամարհել են:

Այսպես, Ալիեւը պնդել է, թե հայկական կողմը «բոլոր կարեւոր միջոցառումներից կամ համանախագահների այցերից առաջ դիմում է սադրանքների»: Ընդունելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին՝ Ադրբեջանի նախագահը նշել է, թե, իբր, վերջին օրերի միջադեպերի համար պատասխանատվությունը հայկական կողմն է կրում: Ավելին` Ալիեւը նույնիսկ հայտարարել է, թե Հայաստանն ամեն գնով փորձում է խոչընդոտել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը, փորձում է միջնորդների ուշադրությունը հրավիրել բացառապես անվտանգության հարցերի վրա եւ այդ միջադեպերն օգտագործել որպես հրադադարի խախտումների համար Ադրբեջանին մեղադրելու պատրվակ: Ու սա ասվում է այն դեպքում, երբ համանախագահների տարածաշրջանային վերջին այցը զուգորդվեց հայկական կողմից զոհերով:

«Համանախագահների այցի նախօրեին հրադադարի ռեժիմի լուրջ խախտումներն ափսոսանք են հարուցում: Այն հայտարարության մեջ, որը մենք կընդունենք, արտացոլվելու է ռազմաճակատում ստեղծված իրավիճակը»,- ասել է ռուսաստանցի համանախագահ Պոպովը: Վերջինս նաեւ տեղեկացրել է, թե շփման գծում տեղի ունեցած միջադեպերի հարցը քննարկել է ոչ միայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, այլեւ պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ: «Մենք շատ ենք ցավում այդ միջադեպերի համար եւ պետք է ամեն բան անենք, որ դրանք չկրկնվեն: Մեր ուժերի սահմաններում կանենք ամեն ինչ՝ լարվածությունը թուլացնելու համար»,- հավաստիացրել է Պոպովը:

Ըստ էության, Ադրբեջանի իշխանությունների հետ հանդիպումներում նրանց կեղծ հայտարարություններից հետո համանախագահները հենց Բաքվից տարածեցին մի հայտարարություն, որում ոչ միայն Բաքվին էին մատնանշում որպես լարվածություն ստեղծող կողմ, այլեւ իրենց այցելությունների մասին նշելով` «Լեռնային Ղարաբաղին հարող շրջաններ՝ Զանգելան, Կուբաթլի, Լաչին եւ Քելբաջար», միջնորդները հայտարարության մեջ չէին գործածել նաեւ Ադրբեջանի համար դուրեկան` «օկուպացրած» տերմինը: Հավելենք նաեւ, որ համանախագահների վերջին այցը ընթանում էր Ադրբեջանի զինված ուժերի կողմից անցկացվող լայնածավալ զորավարժությունների ֆոնին, որոնք պետք է ավարտվեն մինչեւ հունիսի 24-ը:

Այսպիսով, համանախագահները թեեւ նաեւ հայկական կողմին են կոչ անում ձեռնարկել լարվածության հետագա սրումից խուսափելու միջոցներ, սակայն պարզ է, որ հայկական կողմն ի սկզբանե կողմնակից լինելով սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրմանը` ամենաշահագրգիռ կողմն է վստահության մթնոլորտի ստեղծման ու հետագա էսկալացիան բացառելու ուղղությամբ, ինչը չի կարելի ասել Ադրբեջանի իշխանությունների դեպքում, որոնք հետեւողականորեն մերժում են այդ մեխանիզմների կիրառման ապահովումը:

Փաստացի միջնորդներն արձանագրել են, որ Բաքվին են տեսնում որպես հրադադարի ռեժիմը խախտող ու լարվածություն առաջացնող կողմ: Կարելի է կանխատեսել, որ ապագայում Բաքվում նոր արշավ կսկսվի ընդդեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության: Բաքվից բավական բարձր մակարդակով արդեն իսկ դժգոհությունների առաջին «ծիծեռնակներն» ի հայտ են գալիս:

Համանախագահների` Բաքվում գտնվելու օրը Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը հայտարարել է, թե Ադրբեջանը երբեք չի հրաժարվի տարածքային ամբողջականության սկզբունքից. «Նախագահ Ալիեւը բազմիցս ասել է, որ Ադրբեջանը ոչ մի թիզ հող չի զիջի որեւէ մեկին: Միեւնույն ժամանակ մենք պատրաստ ենք տարածաշրջանում հասնել կառուցողական խաղաղության»: Իսկ Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովն ավելի հեռուն է գնացել` դժգոհություն հայտնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունից. «Թող նրանք ամաչեն այն հանգամանքից, որ 20 տարի է՝ այցելում են տարածաշրջան, սակայն այսքան ժամանակ ոչ մի արդյունքի չեն կարողացել հասնել»:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Ամփոփումը` «Առավոտ»-ի այսօրվա համարում:
«Առավոտ օրաթերթ», 22.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930