Կանադաբնակ կոմպոզիտոր Ջոն Սարգսյանը (լուսանկարում) ճանաչված է հայրենիքում: Առաջին անգամ մեր հանդիսատեսին նա ներկայացավ 2006թ.: Արամ Ղարաբեկյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական կամերային նվագախումբը եւ դաշնակահար Արմեն Բաբախանյանը հնչեցրին կոմպոզիտորի Դաշնամուրի կոնցերտը: Այնուհետեւ Երեւանում Ջոն Սարգսյանի գաղափարով եւ տնօրինությամբ 2009-11թթ. անցկացվեց հայ-ավստրիական փառատոն, որի շրջանակներում այլ ստեղծագործությունների թվում հնչեցին մեր հայրենակցի «Թեմա եւ վարիացիաներ» ստեղծագործությունը ավստրալացի դաշնակահար Գոթլիմ Վալլիշի կատարմամբ, Սեւակի խոսքերով «Գլխապտույտ» վոկալ ցիկլը Գայանե Գեղամյանի եւ Աննա Մայիլյանի մեկնաբանմամբ, Աննա Ախմադուլինայի 5 բանաստեղծություններով վոկալ ցիկլը ավստրիացի սոպրանո Մարիա Պամերի մատուցմամբ, 2 դաշնամուրի համար՝ «Տոկատը» եւ այլն: Կոմպոզիտորին վերջերս հանդիպեցինք Արամ Խաչատրյանի անվան միջազգային 13-րդ մրցույթի մրցանակաբաշխությանը: Նա եւ ֆրանսաբնակ ռեժիսոր Ժիրայր Փափազյանը իրենց մրցանակը՝ Չուխաջյանի «Արշակ Բ» օպերայի արիայի լավագույն կատարման համար շնորհեցին առաջին մրցանակի արժանացած Ջուլիետա Ալեքսանյանին (սոպրանո) եւ երկրորդ մրցանակակիր Ազամատ Ժելտիրգուզովին (Ղազախստան):
«Առավոտը» կոմպոզիտորին հանդիպեց Ազգային օպերային թատրոնում ընթացող Տ. Չուխաջյանի «Կարինե» օպերա-բուֆֆայի փորձերին: Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ «Կարինեի» պրեմիերան կկայանա հունիսի 25-ին, հետո էլ մանրամասնեց. «Այդ օրը դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ օպերային թատրոնի նվագախմբի, երգչախմբի, մենակատարների, Երիտասարդական ծրագրի երգիչների եւ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողների մասնակցությամբ կխաղացվի այս օպերա-բուֆֆայի միայն առաջին արարը: Սա ընդունված ձեւ է Արեւմուտքում (show-case): Եվ միայն նորին գերազանցություն հանդիսատեսի հավանությունից հետո օպերան ներկայացվում է ամբողջությամբ»: Տեղեկանալով, որ կոմպոզիտորն այս դեպքում հանդես է գալիս «Կարինեի» երաժշտական խմբագիր, հետաքրքրվեցինք իր եւ ռեժիսոր Ժիրայր Փափազյանի ստեղծագործական կապերով: Կոմպոզիտորը նախ նշեց, որ իրենք Երեւանում են օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հրավերով: Ապա հավելեց, թե տարիներ առաջ ծանոթացել են համացանցի միջոցով: «Ժիրայր Փափազյանն է հայտնաբերել «Կարինեի» բնագիրը՝ Թագվոր Նալյանի լիբրետոյով, աշխատել է դրա վրա եւ ստեղծել նոր՝ հայերեն լիբրետոն: Մինչ այսօր դուք լսել եք «Կարինեն» Ղազարոս Սարյանի եւ Տիգրան Մանսուրյանի գործիքավորմամբ, քանի որ առկա էր ոչ թե պարտիտուրը, այլ կլավիրը, այն էլ Չուխաջյանի աշակերտների՝ Սինանյանի եւ Քեսեճյանի ձեռամբ գրված: Հիմա հայտնաբերված բնագրում կան Չուխաջյանի ձեռքով գրված պարտիաները, որոնք ես ի մի եմ բերել, հավաքել պարտիտուր: Ընդամենը մի քանի համար գործիքավորված չէր, դա էլ ինքս եմ կատարել»,- ասաց Ջոն Սարգսյանը:
Մեր զրուցակիցը խոսեց նաեւ «Արշակ Երկրորդ» օպերայի մասին, հայտարարելով, թե դա Չուխաջյանի երաժշտությունը չէ: «Ժամանակին ռեժիսոր Արմեն Գուլակյանը, որ գրել է այդ օպերայի լիբրետոն, կոմպոզիտոր Լեւոն Խոջա-Էյնաթյանին հանձնարարել է զբաղվել երաժշտությամբ, վերջինս ընդամենը օգտվել է Չուխաջյանի երաժշտությունից, ստեղծագործելով եւ այդ օպերա ներմուծելով իր սեփական երաժշտությունը: Վստահորեն կարող եմ ասել, որ այն, ինչ դուք լսել եք, 80 տոկոսը Խոջա-Էյնաթյանինն է, ոչ թե Չուխաջյանինը»,- հայտնեց կոմպոզիտորը:
Ասաց նաեւ, թե Փափազյանի հետ ինքն աշխատել է այս օպերայի բնագրի վրա, Կոնստանտին Օրբելյանի հետ էլ պայմանավորվածություն են ձեռք բերել 2018թ. Երեւանի օպերային թատրոնում բեմադրել «Արշակ Երկրորդը» բնագրով՝ իտալերենով:
Հավելենք, որ Ջոն Սարգսյանը ուսանել է Իտալիայում, Նիկոլինիի անվան կոնսերվատորիայում, ԱՄՆ-ում Կալիֆոռնիայի UCLA համալսարանում, հեղինակավոր New England կոնսերվատորիայում, մասնավոր դասեր է առել Ջորի Կորիլիանոյի մոտ, որը հեղինակն է Ֆրանսու Ժիրարի հայտնի «Կարմիր ջութակը» ֆիլմի երաժշտության:
Մեր զրուցակցի կամերային, վոկալ, գործիքային, նվագախմբային, երգչախմբային ստեղծագործությունները մշտապես գտնվում են ճանաչված մենակատարների, նվագախմբերի ուշադրության կենտրոնում: Այսօր նա աշխատում է «Նիկոլայ եւ Ալեքսանդրա» օպերայի վրա:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ օրաթերթ»
22.06.2017