Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՎԵՐՆԵՐ

Հունիս 23,2017 09:45

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ իննսուներորդ

ՆՎԵՐՆԵՐ

Եվ Ֆելոն Ֆրունզիկին հարցրեց՝ «բա հիմա ի՞նչ ենք անելու», եւ Ֆրունզիկը զարմացած նայեց Ֆելոյին ու հարցրեց՝ «ի՞նչն ենք ինչ անելու», եւ Ֆելոն մի քիչ մտածեց, ձեռքը գցեց Ստանիսլավսկու գրքին ու ասաց՝ «ես հենց հիմա էս գիրքը կտանեմ՝ հետ կտամ Ռիփսիկին, ընկեր Մկրտչյան», եւ Ֆրունզիկը թարս նայեց Ֆելոյին ու ասաց՝ «էդ արդեն ինձ ես վիրավորում, ընկեր Ֆելիքս», եւ Ֆելոն Ֆրունզիկին հարցրեց՝ «ինչի՞ եմ ձեզ վիրավորում», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որովհտեւ էս գիրքը քո էդ Ռիփսիկն ինձ ա նվիրել, ոչ թե՝ քեզ», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու Ֆրունզիկին ասաց՝ «ինքը ձեզ ա նվիրել, դուք էլ՝ ինձ», եւ Ֆրունզիկը ժպտալով Ֆելոյին ասաց՝ «ես Արմենչոյին եմ  նվիրել, Արմենչոն էլ՝ քեզ», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու Ֆրունզիկին ասաց՝ «բայց Ռիփսիկը կարծել ա, որ ինձ եք նվիրելու», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու Ֆելոյին ասաց՝ «ինչ մեղքս թաքցնեմ, ես իրան ասեցի, որ  քեզ եմ նվիրելու» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ավելի ճիշտ, ինքը գլխի ընկավ, որ քեզ եմ նվիրելու», եւ Ֆելոն զարմացած հարցրեց՝ «ո՞նց գլխի ընկավ», եւ Ֆրունզիկը ժպտալով ասաց՝ «որ հատկապես էս մաշացրածդ գիրքն էի ուզում, ինքը հարցրեց՝ կարող ա՞ Ֆելիքսին եք ուզում նվիրեք» եւ մի քիչ մտածեց ու մեղավոր ժպտալով ավելացրեց՝ «ես էլ չկարեցա սուտ ասեմ, ասեցի՝ հա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով Ֆելոյին ասաց՝ «բայց ամենակարեւորը չեմ ասել», եւ Ֆելոն հարցրեց՝ «ի՞նչ ամենակարեւոր», եւ Ֆրունզիկը ժպտալով Ֆելոյին ասաց՝ «ինքը որ իմացավ էդ գիրքը քեզ եմ նվիրելու, ասեց, որ ինքն էր մտադիր էդ գիրքը ծնունդիդ օրը քեզ նվիրել», եւ  Ֆելոն զարմացած ասաց՝ «բայց ինքն իմ ծնունդի օրը չգիտի», եւ Ֆրունզիկը ժպտալով ասաց՝ «պարզվում ա՝ լավ էլ գիտի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «երեւի դու իրան նվերներ ես տվել, որ ինքն էլ քեզ էր ուզում նվեր անի», եւ Ֆելոն մի քիչ մտածեց, ու ասաց՝ «ընդամենը մի քանի անգամ ծաղիկ եմ նվիրել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ընդամենը չորս անգամ»,  եւ Ֆրունզիկը մի  քիչ մտածեց ու ժպտալով Ֆելոյին ասաց՝ «կանայք շատ են սիրում իրենց սիրելիներից ծաղիկներ ստանալ», եւ Ֆելոն թարս նայեց Ֆրունզիկին ու  ասաց՝ «էդ թեման փակենք», եւ Ֆրունզիկը ժպտալով Ֆելոյին հարցրեց՝ «ո՞ր թեման», եւ հայրս փռթկացնելով ասաց՝ «սիրո թեման», եւ Ֆելոն թարս նայեց հորս ու ոչինչ չասաց, եւ Ֆրունզիկը փռթկացնելով Ֆելոյին ասաց՝ «այ անխիղճ, մենք հեչ մեր կանանց համար չորս անգամ ծաղիկ առած չկանք», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ժպտալով Ֆրունզիկին ասաց՝ «էդ հեչ գլուխ գովալու բան չի, ընկեր Մկրտչյան», եւ Ֆրունզիկը ժպտալով Ֆելոյին ասաց՝ «էդ թեման փակենք», եւ Ֆելոն ժպտալով Ֆրունզիկին հարցրեց՝ «ո՞ր թեման», եւ Ֆրունզիկը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «ծաղիկների», եւ հայրս փռթկացնելով ասաց՝ »սիրո», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Ռիփսիկի ու Ստանիսլավսկու առումով ամեն ինչ պարզ ա», եւ  Ֆելոն Ֆրունզիկին հարցրեց՝ «ի՞նչն ա պարզ», եւ Ֆրունզիկը պատասխանեց ու ասաց՝ «Ռիփսիկն էդ Ստանիսլավսկին ինձ ա նվիրել, ես՝ Արմենչոյին, Արմենչոն էլ՝ քեզ»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել