«Ոսկե ծիրան» կինոփառատոնի երեւանյան պրեմիերաների ցանկում է Լավ Դիասի «Հեռացած կինը» ֆիլմը (The Woman Who Left): Դիասը ժամանակակից ֆիլիպինյան կինոյի ամենավառ դեմքերից է, լեգենդար դեմք` հեղինակային կինոյում: Նա բազմաթիվ հեղինակավոր կինոփառատոների մրցանակակիր է, նրա ֆիլմերը ներկայացվում են նաեւ ժամանակակից արվեստի բիենալեներում:
Ինչ վերաբերում է նրա «Հեռացած կինը» ֆիլմին, Վենետիկի 73-րդ կինոփառատոնում այն արժանացել է «Ոսկե առյուծի»: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան էլ հենց Վենետիկում է կայացել` 2016-ին:
«Հեռացած կինը» պատմում է ուղղիչ գաղութում գտնվող նախկին ուսուցչուհու մասին: Նա փորձում է բանտում օգտակար լինել այլ կանանց, սովորեցնում է նամակներ գրել: Երբ բացահայտվում է հանցագործության իսկական մեղավորը, ֆիլմի հերոսուհին ազատ է արձակվում եւ գնում է ընտանիքը որոնելու: Կյանքը, սակայն, նրան այլ պրիզմայով է երեւում. կինը տեսնում է, թե ինչպես են կոռուպցիան եւ հանցագործությունը կլանել Ֆիլիպինները:
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ