Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու «Սասնա ծռերը» չհասան լուրջ փոփոխությունների

Հունիս 22,2017 23:20

Անցյալ տարի հուլիսի 29-ին Սարի–թաղում զանգվածային անկարգություններին մասնակցելու համար մեղադրվող «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը պնդում է՝ զանգվածային անկարգություններ տեղի չեն ունեցել, եղել են ոստիկանների կողմից սադրանքներ:

«Դեպքի օրը զանգվածային անկարգություններ ուղղակի հնարավոր չէր, որ լիներ, որովհետեւ, երբ ժողովուրդը հասավ Սարի թաղ, մեր դիմաց ոստիկանական պատնեշ չկար, ժողովուրդը եթե ուզենար ինչ-որ բան անել՝ մտներ ՊՊԾ գունդ, ջարդեր-փշրեր, ինչպես իրավապահներն են ասում, վաղուց կարող էին անել, ժողովուրդը գնացել էր խաղաղ ցույցի: Ոստիկանության գալուց հետո սկսել են բախումներ, ոստիկանների կողմից հրահրվել է լարվածություն, սադրանքներ, այնտեղ ինչ արել է, արել է ոստիկանությունը: Ժողովրդի կողմից նախահարձակ ոչինչ չի եղել: Երբ ոստիկանների կողմից կիրառվել է ուժ, ժողովուրդը փախել է»,- Aravot. am-ին պատմեց Դավիթ Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Դավիթ Հովհաննիսյանը 2016 թվականի հուլիսի 30-ին ձերբակալվել էր ու հունիսի 21-ին Վերաքննիչ դատարանի որոշմամբ 1 միլիոն դրամ գրավի դիմաց պայմանականորեն ազատ արձակվել:

Դավիթ Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞վ է պայմանավորված այն, որ Սարի թաղի դեպքերի մասնակիցները, որոնք նույնպես կալանավորվել էին, ազատ արձակվեցին, իսկ նույն մեղադրանքով կալանավորված Անդրիաս Ղուկասյանը շարունակում մնալ անազատության մեջ, ի պատասխան Դավիթ Հովհաննիսյանն ասաց.

«Ի սկզբանե ում վրա գործ հարուցեցին, բոլորին ազատ արձակեցին, վերջում մնացինք «Ոտքի Հայաստանից» երկու հոգի՝ ես ու Անդրիաս Ղուկասյանը, այնպիսի տպավորություն էր, որ մենք խանգարում ենք, դա քաղաքական հետապնդում է մեր նկատմամբ, մնացածին բաց թողեցին, գործը փակեցին, մեզ վրա գործերը թողեցին մինչեւ վերջ: Անդրիաս Ղուկասյանը երբեք զինված քայլերի կողմնակից չի եղել, ես վստահեցնում եմ, ես՝ նույնպես ու նման բան չէինք կարող անել: Ամեն ինչը շինծու է»:

Մեր հարցին, եթե պնդում եք, որ զինված քայլերի կողմնակից չեք եղել ու չեք էլ լինի, այդ դեպքում ինչպես եք սատարել զինված խմբին, որը զինված քայլեր է իրականացրել, ի պատասխան ասաց. «Դուրս ենք եկել փողոց կոչով, որ չլինեն մարդկային զոհեր որեւէ կողմից, հարցը լուծվի ուրիշ ձեւ: Ժողովուրդը դուրս եկավ այդ կոչի վրա: Երբ այդ մարկանց ներկայացրին ահաբեկիչ, առաջիններից էինք, որ ասացինք ահաբեկչություն չէ, հիմնական մոտեցումն այն է, որ ամեն ինչ խաղաղ լինի ու իր իրական գույների մեջ ներկայացվի»:

Մեր հարցին՝ ըստ ձեզ «Սասնա ծռերի» գործողությունները, եթե ահաբեկչություն չէր, ի՞նչ էր, Դավիթ Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես կորակեմ դա ապստամբության ակտ, ծայրահեղ քայլ, մարդիկ, որոնք անտարբեր չեն այս երկրի ապագայով, զզված՝ գնացել են ծայրահեղ քայլի»:

Մեր հարցին՝ ինչո՞ւ «Սասնա ծռերը» չհասան լուրջ փոփոխությունների, մեր զրուցակիցը պատասխանեց. «Բնականաբար եղել են թերություններ, բայց դա իմ վերլուծելունը չէ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930