Վերաքննիչ դատարանն այսօր քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի երկու բողոք է լսել: Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ բողոքներից մեկը վերաբերում է՝ ակտիվիստի ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի կարճման մասին քննիչի որոշումն անփոփոխ թողնելու առաջին ատյանի դատարանի որոշմանը:
Հաջորդ բողոքը կրկին առաջին ատյանի դատարանի որոշմանն է վերաբերում, այս անգամ այն որոշմանը, որով ակտիվիստը դատապարտվել է երկու տարի ազատազրկման:
Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում 2016թ. հունվարի 1-ին ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը, որին հետագայում էլ կալանավորեցին:
Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ:
Այսօր Սաֆարյանի պաշտպան՝ փաստաբան Տիգրան Հայրապետյանը ներկայացրեց իր հիմնավորումները, որոնցով ըստ իրեն, դատարանն իր բողոքը պետք է բավարարի:
Ըստ փաստաբանի՝ առաջին ատյանի դատարանը ակնհայտ կոպիտ խախտում է թույլ տվել՝ պաշտպանական կողմի միջնորդած 13 վկաների ցուցմունքները համարելով ոչ արժանահավատ. «Մինչդեռ այդ մարդիկ բավականին հեղինակություն ունեցող, պատկառելի մարդիկ են, որոնք հարգված ու ճանաչված են հանրության կողմից, բայց ոստիկանների ծիծաղելի ցուցմունքները դատարանը համարել է արժանահավատ: Այսինքն, դատարանն ակնհայտ անհեթեթ որոշում է կայացրել՝ առանց վերլուծելու պաշտպանական կողմի վկաների ցուցմունքները»:
Տիգրան Հայրապետյանը անհեթեթ համարեց նաեւ իր պաշտպանյալին ուղղված մեղադրող կողմի մեղադրանքը, թե նա երկու անգամ հարվածել է ոստիկան Գեղամ Խաչատրյանին՝ պնդելով, որ կատարվածը տեսանկարահանվել է. «Դատարանը հաստատված չէր համարել, որ տեսանյութով երեւում է՝ ինչպես է Գեւորգը հարվածում ոստիկանին, այսինքն, համաձայնել էր պաշտպանական կողմի դիրքորոշմանը, բայց չնայած դրան՝Գեւորգին մեղավոր էր ճանաչել»:
Հաջորդ դատական նիստին Գեւորգ Սաֆարյանը կներկայացնի իր բողոքը, իսկ հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 29-ին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ