«Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային փառատոնի խաղարկային ֆիլմերի մրցույթին է ներկայացված ռեժիսոր Բոյան Վուլետիչի «Ռեքվիեմ տիկին Ջեյի համար» (Requiem for Mrs.J) ֆիլմը (Բուլղարիա/Սերբիա/Մակեդոնիա/Ռուսաստան/Ֆրանսիա): Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 67-րդ Բեռլինի կինոփառատոնի ժամանակ, արժանացել նաեւ Կառլովի վարի փառատոնի մրցանակին:
Հարցազրույցներից մեկում Բոյան Վուլետիչը, որը նաեւ սցենարի հեղինակն է, ասել է, որ սեւ կատակերգության ժանրում նկարահանված ֆիլմը նվիրված է Արեւելյան Եվրոպայի ամենացավոտ խնդիրներից մեկին` սոցիալական եւ տնտեսական ճգնաժամին, որն ի վերջո վերաճում է ինքնության ճգնաժամի: Ֆիլմում նկարահանվել է սերբ հանրահայտ դերասանուհի Միրյանա Կարանովիչը:
Ֆիլմի գլխավոր հերոսը (Միրյանա Կարանովիչ) անցումային շրջանի Սերբիայի տիպիկ բնակիչ է` համեստ, լռակյաց, ոչ մեկին չանհանգստացնող, չունի ամուսին, աշխատավայրում կրճատվել է, չունի բժշկական ապահովագրության քարտ, սեփական թափթփված բնակարանից դուրս գալու ցանկություն… ապրելու հույս:
Ֆիլմը դիտելիս աչքիդ առաջ գալիս է հայաստանյան իրականությունը, անգամ պահվածքով են հերոսները նման հայաստանցիներին: Նույն խնդիրները, նույն հոգսերը: Ֆիլմում երբեմնի հզոր, բայց արդեն քարուքանդ ու թալանված գործարանի եւ տարիներով աշխատավարձ չստացած աշխատակիցների բողոքի ակցիաների կտորն ասես մեր «Նաիրիտի» ոդիսականի մասին լինի:
Ֆիլմի գլխավոր հերոսը որոշում է ինքնասպան լինել, որպեսզի կյանքի ապահովագրությունը բաժին հասնի դուստրերին, որոնցից մեկը պատրաստվում է ամուսնանալ, արդեն հղի է, սակայն ծանր աշխատանք է կատարում հաց վաստակելու համար: Բայց նախ եւ առաջ գլխավոր հերոսուհին պետք է ամուսնու գերեզմանաքարի վրա իր նկարն էլ ավելացնի: Տապանաքարի սերբ վարպետն էլ ասես հայաստանցի լինի: Նման ոլորտի աշխատանք կատարողների ոճով նա տիկնոջը համոզում է հավելյալ գումարի դիմաց այնպես անել, որ ամուսնու եւ կնոջ նկարները միմյանց նայեն, թե չէ ամուսնու հայացքը սուպերմարկետին է ուղղված:
Տապանաքարը պատրաստ է, ապահովագրության հարցը լուծված, սակայն, բարեբախտաբար, կինը ինքնասպան չի լինում: Ինքնասպանության փորձից առաջ տեսիլքով նրա աչքին երեւում են մահացած ամուսինը, իրեն «խոսեցնող» հանգուցյալ ծերուկ հարեւանը, փոքր դստեր սատկած ճագարը, ավագ դուստրը…
Հնչում է կրակոց, սակայն այն ինչ-որ մեկի մահը չի գուժում: Կրակոցով վերջ է տրվում դեպրեսիային: Այն փոխհատուցվում է նաեւ դստեր չծնված երեխայի կորուստով… Հերոսուհին վերագտնում է իրեն ու իր ինքնությունը, անգամ երգում է: Երգը դառնում է յուրատեսակ ռեքվիեմ բոլոր դժբախտությունների ու անհաջողությունների համար:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հ. Գ. «Ոսկե ծիրան» կինոփառատոնը ԶԼՄ-ների համար շարունակում է փառատոնից առաջ կազմակերպել փառատոնի ֆիլմերի ցուցադրությունը «Մոսկվա» կինոթատրոնում: