Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շահեն Հարությունյանը մտավախություն ունի, որ իրեն կկալանավորեն ու պատիժը կկրի բանտում

Հունիս 22,2017 16:38

Վարչական դատարանի որոշմամբ, Երեւանի քաղաքապետարանն ընդդեմ քաղաքացիական ակտիվիստ Շահեն Հարությունյանի չորս հայցերը կմիավորվեն մեկ գործում:

Շահեն Հարությունյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով Երեւանի քաղաքապետարանի հերթական հայցի քննությունն այսօր էր, որը տեղի չունեցավ, քանի որ նախագահող դատավոր Դիլանյանը հայտնեց՝ Վարչական դատարանի դատավոր Զարիկյանից զեկուցագիր է ստացվել՝ իր վարույթում քննվող գործը դատավոր Դիլանյանի վարույթում քննվող գործին միավորելու մասին՝ դրանց փոխկապակցվածությունը պարզելու եւ կատարված իրավախախտումը ճիշտ գնահատելու համար:

Նախագահող դատավոր Դիլանյանը զեկուցագիրը հիմնավոր համարեց եւ դատական նիստը հայտարարեց փակված:

Շահեն Հարությունյանի համար գործերի միացումը դրական կողմ ունի, ըստ նրա. «Եթե մինչեւ միացումը ինձ պետք է տուգանեին չորս անգամ, իսկ տուգանքը 100.000-300.000 դրամ է, հիմա մի անգամ կտուգանեն»:

Շահեն Հարությունյանին մտահոգում է այն՝ թե իրեն այս գործով մեկ, թե՞ չորս դատարանի վճիռ կուղարկեն. «Քանի որ իմ նկատմամբ արդեն կա դատական որոշում, եւ պատիժը պայմանական է կիրառվել, պատիժը կրում եմ ազատության մեջ, չգիտեմ՝ պրոբացիոն ծառայությանը մի վճիռ են ուղարկելու, թե չորս, եթե ուղարկեն մի վճիռ, հնարավոր է՝ կալանավորման վճիռ չկայացվի, բայց եթե չորս վարչական խախտման մասին վճիռ ուղարկեն, արդեն պրոբացիոն ծառայությունը պետք է դիմի դատարան, որ ինձ կալանավորեն ու պատիժս շարունակեմ բանտում»:

Հիշեցնենք՝ քաղաքապետարանը պահանջում է պատասխանատվության ենթարկել Շահեն Հարությունյանին՝ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1 հոդվածի 1-ին մասով՝ առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու 2017 թվականի մարտի 19-ին հավաքներ եւ երթեր անցկացնելու համար:

Քաղաքապետարանը նույն պահանջով 4 տարբեր հայցեր է ներկայացրել, որոնք, ինչպես այսօր պարզվեց, մեկ վարույթում կքննվեն: Շահեն Հարությունյանն իրեն մեղավոր չի ճանաչում. «Չեմ իրազեկել, որովհետեւ իրազեկելու կարիք չի եղել, որովհետեւ ինքնաբուխ հավաքներ են եղել, իրազեկումը պետք է լինի ոչ ավելի ուշ, քան յոթ օր առաջ հավաքից, բայց մարտի 16-ից յոթ օր առաջ չեմ իմացել, որ «Հաց բերողը» մահանալու է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930