Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատ Ասատրյան. «Ունենք ամենավատ, ամենաչմտածող պառլամենտը մեր պատմության մեջ» (Տեսանյութ)

Հունիս 22,2017 16:18

Կառավարության 2017-2022 թվականների ծրագիրը նախորդ կառավարությունների ծրագրերի համեմատ ավելի զուսպ է: Այսօր «Հայելի» ակումբում այսպիսի կարծիք հայտնեց կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: Նա ներկայացնելով եւ համեմատելով նախորդ կառավարությունների ծրագրերի տնտեսական ցուցանիշները, ասաց, որ այդ ծրագրերը, մեր օրը «սեւացրեցին»: Պարոն Ասատրյանն ասաց, որ եթե շարունակվի այն, ինչ եղել է, մենք շատ ավելի վատ ենք ապրելու, քան նախկինում:

«Հիշեցնեմ՝ 2008-2016 թվականների ընթացքում մենք ունեցել ենք ՀՆԱ-ի՝ դոլարային արտահայտությամբ անկում մոտ 10% ով: Բոլոր ծրագրերում, իբրեւ առանցքային խնդիր, դնում են աղքատության կրճատում, բայց ակնհայտորեն ունեցել ենք ծրագրերի չկատարում եւ աղքատության մակարդակի աճ այս տարիների ընթացքում»:

Մանրամասն՝ տեսանյութում

Պարոն Ասատրյանը կարծում է, որ այս կառավարության ծրագիրը էական փոփոխություններ չի իրականացնի մեր կյանքում. «Հայաստանը գտնվում է մի իրավիճակում, որ արտագաղթը վերջին 5 տարում հասել է բնակչության 2%-ի, այն պարագայում, երբ տարեկան աճը 2.5% է եղել: Հիմա այս ծրագրի 5% աճի պարագայում, մեր կարեւորագույն, առանցքային խնդիրը լուծելո՞ւ ենք, թե՞ ոչ: Արտաքին պարտքը հասել է բոլոր հնարավոր սահմաններին: Արտաքին պարտքի սպասարկման գումարները լինելու են շատ ավելի բարձր, քան առողջապահության, կրթության կամ գիտության ծախսերը: Այս ծրագրում 700 միջոցառումների մեջ ես չտեսա արտաքին պարտքի կառավարման որակական խնդիր, ես չտեսա գոնե 3 նախադասություն կարեւորագույն խնդրի՝ ժողովրդագրության, արտագաղթի մասին: Արտագաղթը, շնորհիվ ՀՀԿ-ի անցել է խելամտության բոլոր սահմանները: Սա արտագաղթ չէ, այլ փախուստ: Այս վիճակում արդյո՞ք կառավարության ծրագիրը խնդիրների լուծում է ապահովելու: Դժգույն ծրագիր է»:

Մանրամասն՝ տեսանյութում

Պարոն Ասատրյանի խոսքերով՝ մենք արդեն անցել ենք բոլոր հնարավոր սահմանները. «Էս վերջին այլանդակ ընտրությունները, էս վերջին իբր քաղաքական ձեւավորված մարմինը, որտեղ ճնշող մեծամասնությունը փողից բացի ուրիշ բան չեն ճանաչում: Փողով իրենց խնդիրները լուծելուց բացի, ուրիշ բան չեն կարողանում: Մեզ պետք է հեղաշրջում, մեզ պետք են ռադիկալ մոտեցումներ, մեզ պետք են որակական տեղաշարժեր, հակառակ դեպքում Հայաստան երկիրը սպառվելով գնալու է Հանրապետական կուսակցության վերարտադրվելու զոհասեղանին: Տեսեք ովքեր ընտրվեցին. քաղաքական կուսակցություններ, քաղաքական գործունեության մեջ մխրճված մարդիկ, որոնք ունեն քաղաքական պատմություն, նրանք ստանում են ավելի քիչ ձայներ, քան անհատները: Սա սարսափելի բան է: Մենք պետք է հրաժարվենք այս պառլամենտից, եթե Հանրապետականը որոշել է, որ Սերժ Սարգսյանը պետք է իշխի, բերեք էդ վճիռը կայացրեք, ավելի արդար է: Մեր պատմության ընթացքում ունենք ամենավատ պառլամենտը, ամենաչմտածող պառլամենտը»:

Ասուլիսի մեկ այլ բանախոս ՀՀԿ ներկայացուցիչ Լեռնիկ Ալեքսանյանն էլ ասաց, որ ծրագրի զուսպ ցուցանիշները իրավիճակի ուսումնասիրությունն է:

Ալեքսանյանը նաեւ ասաց, որ այս ծրագրով կլինեն դրական տեղաշարժեր: Պարոն Ալեքսանյանն ասաց, որ ծրագրի մի մասի հետ համաձայն է, մի մասի հետ՝ ոչ:

«Արմատներից պետք է խոսենք, կա կոռուպցիա, որը չի կարող չլինի, որքան էլ լավ ծրագրեր ու լավ պաշտոնյաներ լինեն»,-ասաց Ալեքսանյանը: Նաեւ նշեց, որ ծրագրով սահմանված է, որ ստեղծվելու է կանաչ ճանապարհ, որպեսզի մասնավոր գումարները սկսեն աշխատել. «Էսօր ամեն ինչ պետական բյուջեով են հաշվում, բայց էսօր մարդիկ կան, որոնք պետական բյուջեից մի քիչ պակաս գումարներ ունեն, որոնք պետք է աշխատեն»:

Ինչ վերաբերում է արտագաղթին, ապա ՀՀԿ անդամն ասաց, որ Հայաստանից գնում են մարդիկ, որոնք ուզում են ավելի հեշտ ապրել, գնում են նաեւ նրանք, որոնք անարդարությունից են դժգոհ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930