Լրահոս
Օրվա լրահոսը

Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի սաների օգնությունը Հայաստանում հաստատված առավել կարիքավոր 8 սիրիահայ բազմազավակ ընտանիքներին

Հունիս 22,2017 15:43

Հունիսի 22-ին ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի սաները՝ տնօրեն Արփի Ավանեսյանի գլխավորությամբ հյուրընկալվեցին ՀՀ սփյուռքի նախարարությունում:

2016-2017թթ. ուսումնական տարվա ընթացքում դպրոցի աշակերտության կողմից իրականացվեց «Օգնենք սիրիահայությանը» խորագրով դրամահավաք, որի հասույթը՝ 3000 ԱՄՆ դոլարը, վարժարանի մանկավարժական, աշակերտական կազմը որոշեց տրամադրել Հայաստանում բնակություն հաստատած սիրիահայ բազմազավակ անապահով ընտանիքներին:

Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի «Օգնենք մարդկությանը արվեստի միջոցով» խմբակի աշակերտները դեռ 2016թ. ապրիլին տեղի ունեցած քառօրյա պատերազմի օրերին կազմակերպել էին դրամահավաք և գոյացած 6200 ԱՄՆ դոլարը տրամադրել քառօրյա պատերազմում զոհված և վիրավորված զինվորների ընտանիքներին:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի անունից ողջունելով հանդիպմանը մասնակից վարժարանի սաներին և սիրիահայ ընտանիքներին՝ նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը նշեց, որ ամենակարևորը հայ երեխայի մեջ փոքր տարիքից հայրենակցին օգնելու գաղափարի սերմանումն է: «Այսօր վարժարանի սաների օգնությունը տրամադրվում է սիրիական պատերազմի հետևանքով Հայաստանում հաստատված  առավել կարիքավոր 8 սիրիահայ բազմազավակ ընտանիքներին: Շնորհակալ ենք ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի մանկավարժական ողջ կոլեկտիվին և երեխաների ծնողներին, որ ապրելով հեռավոր ԱՄՆ-ում՝ ամեն ջանք գործադրում են մեր մանուկներին հայեցի դաստիարակելու և կրթելու համար», – ասաց նա:

Զաքարյանն ընդգծեց, որ ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանը առաջիններից էր, որ միացավ ՀՀ սփյուռքի նախարարության «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» և «Նամակ հայ զինվորին» շարժումներին: «Վարժարանի մանուկների ձեռքով գրված նամակները հասել են հենց խրամատներում կռվող հայ զինվորներին: Նրանք կարդացել են, հուզվել և իրենց հերթին իրենց պատասխաններն են գրել վարժարանի սաներին: Այսօր մենք ձեզ ենք փոխանցում հայ զինվորների նամակները, որ վստահ եմ՝ մասունքի նման պիտի պահեք ու պահպանեք», – նշեց աշխատակազմի ղեկավարը:

Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման տարբեր բնագավառներում ծրագրեր իրականացնելու համար ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանը պարգևատրվել էր ՀՀ սփյուռքի նախարարության շնորհակալագրով: Ֆիրդուս Զաքարյանը վարժարանի տնօրեն Արփի Ավանեսյանին հանձնեց շնորհակալագիրը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ վարժարանի տնօրեն Արփի Ավանեսյանը հավաստիացրեց, որ երեխաները սիրով և մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում Հայրենիքին և իրենց հայրենակիցներին օգնելու գործին:

«1976թ. հիմնադրված վարժարանն այսօր ունի 700 աշակերտ: Մեզ մոտ դասավանդվում է նաև հայոց լեզու, գրականություն, մշակույթ, պատմություն, կրոն, երաժշտություն, գործում են հայկական պարի, շախմատի խմբակներ: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս մեր վարժարանի սաներն իրենց երկշաբաթյա հանգիստն են անցկացնում Հայաստանում՝ այցելելով հայրենիքի տեսարժան վայրեր: Մենք ամեն բան անում ենք, որ մեր սաներն ամենափոքր տարիքից ճանաչեն և սիրեն հայոց լեզուն, Հայրենիքը և իրենց զավակների փոխանցեն մեր Ոսկեղենիկ Մայրենին», – ասաց Արփի Ավանեսյանը:

Այնուհետև վարժարանի տնօրենը սաների մասնակցությամբ հանդիպմանը մասնակից սիրիահայ ընտանիքների ներկայացուցիչներին հանձնեց հավաքված գումարները:

Շնորհակալությամբ ընդունելով օգնությունը՝ սիրիահայ ընտանիքների ներկայացուցիչները նշեցին, որ արդեն 5 տարի Հայաստանում են, հիմնավորվել են Հայրենիքում, իրենց այստեղ ապահով ու անվտանգ են զգում և չեն պատրաստվում հեռանալ երկրից: Նրանք հավաստիացրին, որ հեռավոր ափերում ապրող իրենց հայրենակիցների ուշադրությունն ու օգնելու պատրաստակամությունն է՛լ ավելի է հուսադրում, Հայաստանում ապրելու և Հայրենիքը շենացնելու ուժ ու կորով է հաղորդում իրենց:

Վարժարանի ուսուցիչ, նաև «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցի տնօրեն Հովհաննես սարկավագ Գումուրյանն ընդգծեց. «Մենք մեր բոլոր նախաձեռնություններում մշտապես զգում ենք ՀՀ սփյուռքի նախարարության և նախարար Հրանուշ Հակոբյանի անմիջական և գործուն աջակցությունը: Դա ուժ և ոգևորություն է մեզ հաղորդում նորանոր ծրագրեր իրականացնելու համար»:

Հանդիպման ավարտին ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի սաները հավաստիացրին, որ այսօրինակ նախաձեռնությունները շարունակական են լինելու, եկող տարի նույնպես կգան Հայրենիք և իրենց օգնությունը կբերեն առավել կարիքավոր հայ ընտանիքներին:

ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930