Aravot.am-ի հետ զրույցում Կրթության տեսչության պետ Արամ Կարապետյանը (լուսանկարում) հաստատեց «Հրապարակի» տարածած այն լուրը, որ ձերբակալվել է Կրթության տեսչության մասնագիտական կրթության տեսչավորման բաժնի պետ Սամսոն Սահակյանը։
Նա նաեւ տարակուսանք հայտնեց կատարվածի առնչությամբ` նշելով, որ Սամսոն Սահակյանն իրենց ամենալավ տեսուչներից է եւ բանիմաց մասնագետ, որն, իր խոսքով, բազմիցս կեղծ փաստաթղթեր է հայտնաբերել:
«Ես տեղյակ եմ, որ մեր տեսչության բաժնի պետը կասկածվում է կեղծ փաստաթուղթ ձեւակերպելու մեջ, դա ընդամենը կասկածանք է, առաջին անգամ մամուլից եմ լսել, որ ձերբակալված է: Ինքը երկուշաբթի օրվանից ձեւակերպել է իր արձակուրդը եւ ոչ հեռախոսի է պատասխանում, ոչ էլ տանը գիտեն, թե որտեղ է: Այս արարքը, որ կատարվել է, ինքը պաշտոնական պարտականությունները կատարելիս չի եղել, տեսչության գործառույթների համատեքստում էդպիսի բան չկա, որ ինքը պաշտոնը չարաշահել է, ուղղակի լոկալ հանցագործության մասին է խոսքը, որը կարիք ունի ապացուցման»,-ասաց Արամ Կարապետյանը:
Նրա խոսքով. «Քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վաչության Շենգավիթի քննչական բաժինն է դրանով զբաղվում: Շաբաթ օրը իրենք եկել են այստեղ, Սամսոն Սահակյանի աշխատասենյակն են նայել, սեղանը, ապա միասին գնացել ենք քննչական մարմին, ու այնտեղից իմ տեղեկություններով բաց էին թողել, թե հետո ինչ հանգամանքներ էին առաջ եկել, որ ձերբակալել են, տեղյակ չեմ»:
ԿԳ նախարարությունից Aravot.am-ին տեղեկացրին, որ մանրամասների չեն տիրապետում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ