Եվրոպայում սովորելն այլեւս անհասանելի մի բան չէ, կան բազմաթիվ հնարավորություններ հայաստանցի ուսանողների ուսումնառության համար` առանց բարեխոսելու եւ տասնյակ հազարավոր եվրոների վարձ վճարելու:
«Էրազմուս պլյուսը» ԵՄ ծրագիր է` կրթության, վերապատրաստման, երիտասարդության հարցերով, որը նախատեսված է 2014-2020 թթ. ժամանակահատվածի համար: Այն փոխարինում և համախմբում է ընթացիկ ծրագրերին, այդ թվում` «Տեմպուսին» ու «Էրազմուս Մունդուսին»:
Եվրոպայի 20 համալսարան, ուր արժե սովորել
«Էրազմուս պլյուս» ծրագրի միջազգային բարձրագույն կրթության հատվածը ներառում է` կրեդիտային շարժունություն եւ աստիճանային շարժունություն համատեղ մագիստրոսական ծրագրերի միջոցով: Այս ծրագրի գործընկերներն են ավելի քան 20 համալսարան, որոնց թվում են`
1.Լիլի գիտության և տեխնոլոգիայի համալսարան (Ֆրանսիա)
2. Փոլ Վալերի Մոնպելիե 3 համալսարան (Ֆրանսիա)
3. Էքս Մարսել համալսարան (Ֆրանսիա)
6.Նեապոլի Լ՛Օրիենտալե համալսարան (Իտալիա)
7.Կա Ֆոսկարի համալսարան (Իտալիա)
8.Բոլոնիայի համալսարան (Իտալիա)
9.Գրանադայի համալսարան (Իսպանիա)
10. Վալենսիայի համալսարան (Իսպանիա)
11. Լյովենի կաթոլիկ համալսարան (Բելգիա)
12.Հասսելթի համալսարան (Բելգիա)
13. Յագելլոնիայի համալսարան (Լեհաստան)
14.Սաարլանդի համալսարան (Գերմանիա)
15 Ալեքսանդր Իոան Կուզայի համալսարան (Ռումինիա)
16Տեխնոլոգիայի Սիլեսյան համալսարան (Լեհաստան)
17 Զալցբուրգի համալսարան (Ավստրիա)
18. Տարտուի համալսարան (Էստոնիա)
19. Վառնայի մենեջմենթի համալսարան (Բուլղարիա)
20. Մինհոյի համալսարան (Պորտուգալիա)
Ֆրանսիան կարծրատիպեր է փշրում
Քանի որ Ֆրանսիան Եվրոպայում ամենամեծ թվով արտասահմանցի ուսանողներ հյուրընկալող երկիրն է, «Առավոտը» Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի եւ համագործակցության հարցերով խորհրդական Ալեքս Բորտոլանի եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համալսարանական համագործակցության հարցերով կցորդ Ֆրեդերիկ Ռայնբոլդի հետ զրուցեց այն թեմայով, թե անվճար սովորելու ինչպիսի՞ հնարավորություններ ունեն հայաստանցի ուսանողները Ֆրանսիայում:
Պարոն Բորտոլանը հայտնեց, որ տարեկան 300 000 ուսանող աշխարհի տարբեր երկրներից սովորում է Ֆրանսիայի բուհերում, ինչ վերաբերում է հայաստանցիներին, այս պահին 1000 հայ ուսանող է սովորում Ֆրանսիայում, իսկ յուրաքանչյուր տարի մոտ 100 ուսանող է մեկնում այդ երկիր: Նրա ձեւակերպմամբ, դեսպանատունը տրված վիզաների թվով է որոշում, թե քանի ուսանող է մեկնում:
Մանրամասները` տեսանյութում
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համալսարանական համագործակցության հարցերով կցորդ Ֆրեդերիկ Ռայնբոլդը նշեց, որ ուսանողների շարժունակության համատեքստում հայ ուսանողները հնարավորություն ունեն մեկնել Ֆրանսիա իրենց ուսումը շարունակելու, հիմնականում «Էրազմուս» ծրագրի կրթաթոշակներով կամ Ֆրանսիայի կառավարության կրթաթոշակներով: Այդ համալսարանների թվում են Էքս Մարսելի, Թուլուզի, Մոնպելիեյի համալսարանները: Նրանք ընդունում հիմնականում լեզու ուսումնասիրող հայ ուսանողներին: Երեւանի Վ. Բրյուսովի համալսարանը ուղարկում է ուսանողներին Ֆրանսիա համեմատական գրականություն ուսումնասիրելու համար, Ճարտարապետական համալսարանն ունի համագործակցություն Կլեմոն ֆերանի, Լիոնի, Սենտ-Էտիենի համապատասխան համալսարանների հետ, ԵՊՀ-ից մաթեմատիկայի գծով ուսանողներն են գնում Ֆրանսիա սովորելու, իսկ Բուրգունդիայի համալսարանը ընդունում է ֆիզիկա ուսումնասիրող ուսանողներին: Տիկին Ռայնբոլդը հավելեց, որ ուսանողների ¼-ը Ֆրանսիայում ուսումնառություն է ստանում անգլերենով:
Մանրամասները` տեսանյութում
Պարոն Բորտոլանն էլ նշեց, որ տիկին Ռայնբոլդը ամեն շաբաթ «Ալիանս ֆրանսեզում» կամ դեսպանատանը ընդունում է Ֆրանսիայում սովորել ցանկացող երիտասարդների՝ Ֆրանսիայում ուսումնառության մասին տեղեկատվություն տրամադրելու և նրանց հարցերին պատասխանելու համար: Նա տեղեկացրեց, որ անցած շաբաթ ավարտվել է Ֆրանսիայի կառավարության այս տարվա կրթաթոշակների տրամադրման գործընթացը, որն սկսվում է ապրիլ ամսին և ավարտվում հունիսին: Այս ժամանակահատվածում իրականացվում է թեկնածությունների ընդունում, գործերի ուսումնասիրում եւ կրթաթոշակների տրամադրում : «Ամեն տարի մոտ 20 կրթաթոշակ է տրամադրվում, որպեսզի հայաստանցի ուսանողներն անվճար սովորեն Ֆրանսիայում: Բացի այս կրթաթոշակներից, կան նաեւ ուրիշ հնարավորություններ, օրինակ, Հայաստանում Ֆրանսիական համալսարանում սովորելու համար տրամադրվող կրթաթոշակները: Այս տարի հիմնականում լավ սովորող ուսանողներին 219 կրթաթոշակ է հատկացվել: Իհարկե, կա նաև այլ կրթաթոշակներ ստանալու հնարավորություն, որոնց միջոցով էլ ուսանողները կարող են սովորել Ֆրանսիայում, օրինակ՝ Էյֆելի անվան գերազանցության կրթաթոշակը, ինչպես նաեւ Ֆրանկոֆոն համալսարանական գործակալության տրամադրած կրթաթոշակները, որի 2/3-ը Ֆրանսիան է ֆինանսավորում»,-ընդգծեց մեր զրուցակիցը:
Ֆրեդերիկ Ռայնբոլդ. «Թեկնածուների գործերն ուսումնասիրելիս նայում ենք ոչ թե ֆինանսական հնարավորություններին, այլ գիտելիքին»
Ալեքս Բորտոլանի եւ Ֆրեդերիկ Ռայնբոլդի հետ զրույցում անդրադարձ եղավ Հայաստանում առկա այն կարծրատիպին, որ իբր Եվրոպայում ուսանելու համար կամ պետք է բարձրաստիճան պաշտոնյայի զավակ լինել, կամ շատ հարուստ, մինչդեռ իրականում կարեւորը գիտելիքն է:
Տիկին Ռայնբոլդը հավաստիացրեց, որ թեկնածուների գործերն ուսումնասիրելիս ոչ թե նայում են, թե ով ինչ ֆինանսական միջոցներ ունի, այլ դիտարկում են նրանց ակադեմիական մակարդակը, գնահատականները, ու թե որ համալսարանում է ցանկանում տվյալ դիմորդը սովորել:
Ալեքս Բորտոլանը հայտնեց, որ օրինակ, Հայաստանում Ֆրանսիական համալսարանում տրամադրվելիք կրթաթոշակները երկու տեսակի են` մեկը գերազանց ուսման համար է, մյուսը՝ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների: Ընդ որում, նրա խոսքերով, 158 կրթաթոշակ տրամադրվել է գերազանց առաջադիմություն ունեցողներին, իսկ 60-ից ավելին` անապահով ընտանիքների երեխաներին, ծնողազուրկներին, «Փարոս» համակարգից օգտվողներին: Ուսանողները հնարավորություն ունեն կրթաթոշակ ստանալ՝ Ֆրանսիայում պրակտիկա անցնելու համար:
Ֆրեդերիկ Ռայնբոլդի խոսքերով, Ֆրանսիայի հեղինակավոր ուսումնական հաստատությունները նույնպես տրամադրում են գերազանցության կրթաթոշակներ, ինչպես, օրինակ, Սիանս Պոն (Քաղաքագիտության բարձրագույն դպրոցը), նույնը նաեւ Էյֆելի անվան գերազանցության կրթաթոշակի պարագայում է: «Ոչ թե ուսանողն է դիմում կրթաթոշակի համար, այլ այս համալսարաններն են որոնում լավագույն ուսանողներին, հարցում են անում դեսպանատանը»,- ասում է նա:
Տիկին Ռայնբոլդը հավելեց, որ այս տարի Էյֆելի գերազանցության կրթաթոշակի համար տրամադրվել է 1200 եւ 1400 եվրո` տարբեր մակարդակներում սովորելու համար: Ինչ վերաբերում է Ֆրանսիական կառավարության տրամադրած կրթաթոշակներին, դրանք հետեւյալ կերպ են տրամադրվում` ուսանողներն իրենք են դիմում դեսպանատուն, ներկայացնում իրենց գործերը: «Ընդունելությունը անվճար է, ուսման վարձ չկա, ֆրանսիական կառավարությունը տրամադրում է 615-ից 1015 եվրո կրթաթոշակ` կախված ուսումնառության մակարդակից: Դեսպանատունն էլ ընտրում է լավագույններին: Կան նաեւ կրթաթոշակներ նեղ մասնագիտությունների գծով սովորելու համար, որոնք առաջարկվում են որեւէ շրջանի կամ հիմնադրամի կողմից»,- ասում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համագործակցության հարցերով կցորդը:
Ալեքս Բորտոլան. «Ֆրանսիայում սովորելու համար մեկ տարի առաջ պետք է պատրաստվել»
Ալեքս Բորտոլանն ասաց, որ ցանկանում է խրախուսել Ֆրանսիա ուսումնառության նպատակով մեկնող հայ ուսանողներին: Նա հիշեցրեց, որ արդեն ավարտվել է 2017-18 ուսումնական տարվա համար գրանցումը եւ կրթաթոշակների տրամադրումը, իսկ այն ուսանողները, որոնք ցանկանում են հաջորդ տարի ներկայացնել իրենց գործերը, պետք է հետաքրքրվեն եւ պատրաստեն դրանք մեկ տարի առաջ, հարցերի դեպքում էլ դիմեն տիկին Ռայնբոլդին: Ներկայացվող փաստաթղթերի փաթեթը, ըստ մեր զրուցակիցների, կախված է նրանից, թե ինչ համալսարան են դիմելու եւ ինչ կրթաթոշակի համար, հիմնականում անհրաժեշտ է մոտիվացիոն նամակ, CV, դիպլոմի պատճենը եւ գնահատականները:
Ալեքս Բորտոլանից հետաքրքրվեցինք` թե վիզայի դյուրացման հարցերը առաջիկայում լուծվեն ԵՄ-Հայաստան Վիզաների դյուրացման համաձայնագրի ստորագրումից հետո, արդյոք կմեծանա՞ Ֆրանսիայում սովորող հայ ուսանողների թիվը: «Համաձայնագիրը դեռ ընթացքի մեջ է, ամեն ինչ կախված է նրանից, թե այն ինչպես կձեւակերպվի: Ամեն դեպքում, այս պահի դրությամբ այնպիսի պայմաններ են ստեղծված, որ հեշտացված ընթացակարգով հայ ուսանողներին կարողանում ենք ընդառաջել, որպեսզի մեկնեն սովորելու»,-ասաց Ալեքս Բորտոլանը:
Հաջողության պատմություններ
Լիոն 3 համալսարանի Ձեռնարկությունների կառավարման ինստիտուտի (IAE) Մարկեթինգի և վաճառքի բաժնի մագիստրատուրայի ուսանող Գևորգ Բաղդասարյանը և նույն ինստիտուտի շրջանավարտ Լուսինե Արզումանյանը, 2017թ. ապրիլի 11-ին, Գրենոբլում արժանացան համապատասխանաբար Օվերն Ռոն -Ալպեր երկրամասի «Երիտասարդ դեսպան» ծրագրի առաջին մրցանակին և Tropees Realises մրցանակին: Երկու ուսանողներն էլ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի շրջանավարտ են:
Գեւորգ Բաղդասարյանի խոսքերով՝ կրթությունը նախ ցանկության հարց է, հետո նոր հնարավորությունների: «Եթե մարդն ունի անսահմանափակ ֆինանսական ռեսուրսներ, բայց չունի ցանկություն, ներքին մոտիվացիա, երբեք չի կարողանա համապատասխանել արտասահմանյան բուհերի չափանիշներին ու հաջողության պատմություն ունենալ»,- ասաց մեր զրուցակիցը: Գեւորգ Բաղդասարյանը պատրաստվում է Ֆրանսիայում ստացած գիտելիքները կիրառել Հայաստանում: Մեր զրուցակիցը նշում է՝ համալսարանական կրթությունը, եթե անգամ վճարովի է, ինքնին թանկ չէ, համեմատած ԱՄՆ-ի կամ Մեծ Բրիտանիայի դեպքում:
Գերմանիայում սովորելու հնարավորությունների մասին` հաջորդիվ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ