Ինչպես տեղեկացրել էինք, Արա Խաչատրյանը բռնության է ենթարկել կնոջը՝ Նաիրա Սմբատյանին (լուսանկարում), սակայն դատարանը քրեական գործ հարուցելու համար հանցակազմ չի տեսնում:
Aravot.am-ին է դիմել Արա Խաչատրյանը՝ ցանկանալով ներկայացնել իր տեսակետները:
Նաիրա Սմբատյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Ստեփան Ոսկանյանը հայտարարել էր, թե Արա Խաչատրյանը ոտքով հարվածել է Նաիրա Սմբատյանին: Արա Խաչատրյանը մեզ հետ զրույցում պնդեց հակառակը. «Քրեական գործը կասեցվել էր, ոչ թե կարճվել և իմ մասով քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության պատճառով: Փաստաբանը թույլ է տվել էթիկայի կանոնների խախտում: Նրա կարծիքներից այնպիսի տպավորություն է՝ կարծես ինքը մեր տանն այդ օրը ներկա է գտնվել, կամ վկա եղել: Իմ կողմից հարված չի եղել, ոչ էլ երեխաների կողմից մորը ծաղրելու փաստ: Ըստ գործի նյութերի՝ հունվարի 5-ին Նաիրան հաղորդում է տվել ՀՀ ոստիկանություն և նշել, որ ինքն իր ամուսնու դեմ բողոք չունի: Ինքը տնից չի փախել, այդ ամենը պլանավորված քայլ է եղել իր մոր կողմից: Նաիրան գուցե հոգեկան վատ վիճակում է եղել, և ծնողն է ուղղորդել նրան»:
Արա Խաչատրյանը վկայակոչեց գործի նյութերում ներառված տեսանյութը, որտեղ Նաիրա Սմբատյանը ներկայացրել է, թե գնացել է այդ քայլին, որ այլ զոհ չլինի: Ուստի Արա Խաչատրյանը դիմում է Նաիրային՝ հարցով արդյոք գիտակցո՞ւմ է, որ իր կատարած քայլի պատճառով զոհաբերում է իրենց երեխաներին. «Փորձելով սուտը ստի վրա կառուցել՝ այս պահին գուցե այլ միջոց չի գտնում, գուցե որոշել է երեխաներին վարկաբեկելով՝ արդարացնել իր կատարած քայլերը»:
Արա Խաչատրյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ հունվարի 13-ին դատաբժշկական փորձաքննություն երբ տեղի է ունեցել, մինչև այդ՝ հունվարի 4-ից հետո, Նաիրան գտնվել է իր ծնողների տանը: Այդ փորձաքննությամբ հարվածի հետ կապված հայտնաբերումներ են եղել, մինչդեռ հետաքննիչի՝ հունվարի 5-ի արձանագրության մեջ չկա նման փաստ: Ըստ Արա Խաչատրյանի՝ այնինչ, եթե Նաիրային ինքը հարվածած լիներ, հունվարի 5-ին հարվածի հետևանքներն ավելի տեսանելի պիտի լինեին:
Իր դեմ հնչած մեղադրանքների այս հատվածն ամփոփելով՝ Նաիրայի ամուսինը հայտարարեց. «Դա ոչ միայն ես եմ պնդում, այլև այդ մասին պնդում են նաև Նաիրայի կողմից վկայակոչված վկաները՝ մեր երեխաները»:
Այն մեղադրանքներին, թե աղջիկ երեխաները գտնվում են հոր ազդեցության ներքո, պարոն Խաչատրյանն արձագանքեց՝ շատ ճիշտ է, որ երեխաները գտնվում են ծնողի ազդեցության, այլ ոչ թե փողոցի կամ այլ անձանց ազդեցության ներքո: Հետո էլ նշեց, թե ուրախ կլիներ, որ գտնվեին նաև մոր ազդեցության ներքո:
Ասաց, որ ցանկանում է հայտնել այն, ինչի մասին երբեք չի բարձրաձայնել՝ դա ամոթալի համարելով. «Մայրը դաժան է վերաբերվել երեխաների, հատկապես աղջիկների հետ. Ծեծ, բռնություն է եղել երեխաների նկատմամբ մոր կողմից: Այդ մասին երեխաները բարձրաձայնել են տարբեր օղակներում»: Արա Խաչատրյանը պատմեց, թե քաղաքապետարանում զարմացել են, երբ մայրը մտնելով սենյակ ու տեսնելով իր երեխաներին՝ անգամ չի մոտեցել նրանց, մինչդեռ պահանջում էր նրանց հետ հանդիպում:
Արա Խաչատրյանը տեղեկացրեց, թե դիմել է նաև Նելլի Դուրյանին, որպեսզի կարողանա ապահովել իր մոտ գտնվող աղջիկների տեսակցությունը մոր մոտ գտնվող 3 տարեկան եղբոր հետ, այնինչ Կանանց աջակցման կենտրոնից դեմ են եղել: Արա Խաչատրյանը շեշտեց, թե կա դատարանի որոշում, որ Նաիրա Սմբատյանը պետք է չարգելեր, որ երեխաները շփվեին միմյանց հետ:
Դառնալով Նաիրայի հայրական տան դուռը սոսնձելու և Նաիրային ու երեխային պատանդի կարգավիճակում պահելու մեղադրանքներին՝ Արա Խաչատրյանն ասաց, որ թեև այդ մասին մամուլում նյութեր են հայտնվել, սակայն տեղեկատվությունը եղել է կեղծ: Ավելին, քննության արդյունքում չեն գտել իր մասնակցությունն այդ դեպքին:
Նաիրա Սմբատյանի պաշտպանները կարծիք էին հայտնել, թե ոստիկանությունն ունի կանխակալ վերաբերմունք և հիմնականում գործում է՝ Արա Խաչատրյանի շահերից ելնելով: Նա հակադարձեց. «Տեսակցություն սահմանելն իրականում ոստիկանության լիազորությունը չէ: Ես դիմել եմ միայն հարկադիր ծառայություն. ունենալով դատարանի որոշում՝ նրանք են կատարել իրենց գործողությունները: Որևէ ոստիկանական աշխատակից ինձ չի աջակցել: Ես երեխայիս հետ չեմ տեսակցել արդեն հինգ ամիս, մինչդեռ արդեն երկու ամսից ավելի գոյություն ունի դատարանի որոշում: Դիմել եմ անգամ արդարադատության նախարարին»:
Խոսելով այս իրավիճակի պատճառների մասին՝ Արա Խաչատրյանը նշեց գույքային և ֆինանսական միջոցները. «Այն բնակարանը, որտեղ բնակվում ենք, մեր անչափահաս երեխաների անունով է գրանցված, ցավալի է, որ բնակարանն է Նաիրայի համար ավելի թանկ, քան երեխաների ապագան ու ներկա հոգեվիճակը: Բացի այդ Նաիրայի հայրը՝ Արշակ Սմբատյանը, աշխատում է կառույցում, որը պետական բյուջեից է ֆինանսավորվում: Նաիրային էլ այդտեղ էր ձևակերպել, աշխատանքի չէր գնում, աշխատավարձ էր ստանում, տալիս հոր ընտանիքին: Ես դեմ էի, ստիպված ազատեցին աշխատանքից իր դիմումի հիման վրա: Դա էլ կարող էր պատճառ լինել, ինձ պատժելու համար իմ ընտանիքը որոշել են քանդել»:
Անդրադառնալով այն պնդումներին, թե ստեղծված իրավիճակում երեխաները բացի հոգեբանական վատ վիճակից դուրս են մնում նաև կրթությունից՝ Արա Խաչատրյանն ասաց, որ իր երկու դուստրերը հաճախում են դաշնամուրի, նրանից մեկը Թումո կենտրոն, որևէ օր չի բացակայել: Իսկ փոքր աղջկա բացակայությունները պայմանավորված էին այն բանով, որ նա վախենում էր, թե մայրն իրեն էլ փոքր եղբոր պես կառևանգի, կարող է իրեն էլ առևանգի: Բայց վստահեցրեց, որ նա կվերականգնվի նույն դասարանում:
Արա Խաչատրյանը նաև նշեց, որ Զատիկի օրը իր դուստրերի նկատմամբ մայրական տատիկի և քեռու կողմից բռնություն է կիրառվել, քանի որ աղջիկները ճշմարտությունն են ասել: Այդ գործով կա հարուցված քրեական գործ:
Զրույցի ավարտին Արա Խաչատրյանը վստահեցրեց, որ անելու է ամեն ինչ, որպեսզի իր երեխաները միավորվեն. «Ես չեմ ուզում, որ իմ երեխաների նկարները տեղադրվեն համացանցում՝ որպես զոհեր, և դատարանում գործը շոու դառնա»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ